Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՄ»

«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՄ»
07.05.2010 | 00:00

Այս տարի մայրաքաղաքում Մայիսի 9-ն ավելի շուքով կնշվի։ Համենայն դեպս, պաշտպանության նախարարությունը փորձում է ընդլայնել միջոցառումների ծավալը։ Երեկ, պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ առաջարկով, կառավարությունը որոշեց 10 միլիոն 260 հազար դրամ հատկացնել նախարարությանը` Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացնելու։ Իսկ ի՞նչ զգացումներ է ունենում պաշտպանության նախարարը Հաղթանակի տոնին, հարցրինք Սեյրան Օհանյանին։
-Հպարտության զգացում` մեր նախնիների, պապերի կատարած սխրանքների, քաջագործությունների համար,- «Իրավունքը de facto»-ին ասաց նախարարը։- Այդ հերոսությունը փոխանցվեց մեր սերունդներին, և մենք հաղթեցինք Արցախի գոյամարտում։ Մայիսին իրողություն դարձավ նաև Շուշիի ազատագրումը։ Հաջորդ զգացումը պատասխանատվությունն է. բոլոր ձեռքբերումները պետք է պահպանվեն, իսկ դա հնարավոր է միայն բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ պայմաններում։
-Չե՞ք կարծում, որ Հայաստանում ֆաշիզմի դեմ հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները մի փոքր անտեսված են։ Նկատի ունեմ այն, որ մայրաքաղաքում այդ օրը շքերթ տեղի չի ունենում, և մեր բնակչությունը մի փոքր վիրավորված ու զարմացած է` ինչո՞ւ է շքերթն անցկացվում Ստեփանակերտում միայն, իսկ Երևանում` ոչ։
-Այս տոնակատարությունների շրջանակներում զորահանդեսներ նախատեսված չեն։ Պարզապես իրականացվում են շրջանային միասնական միջոցառումներ` տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի նախաձեռնություններով։ Այդ շրջանակներում կատարվում են զորքերի շարային երթեր և այլ մշակութային միջոցառումներ բոլոր քաղաքներում։ Կարծում եմ` վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում այս հարցին, և դրա վկայությունը վարչապետի գլխավորությամբ ստեղծված հանրապետական հանձնաժողովն է։
-Վերջին տարիներ ասելով` նկատի ունեք ա՞յս տարին։
-Անցած տարին ևս։ Ինչ վերաբերում է Արցախում իրականացվող միջոցառումներին, ապա դրանք շատ լայնածավալ են։
-Այո, և Հայաստանի ղեկավարությունն էլ այդ օրը, որպես կանոն, Արցախում է, ո՛չ Հայաստանում։
-Որպես պաշտպանության նախարար, արդեն երկու տարի այդ օրը ես ներկա եմ լինում Երևանում կազմակերպվող տոնական միջոցառումներին։ Այս տարի նույնպես այստեղ եմ լինելու։ Ի դեպ, օգտվելով առիթից, թեև ուշացումով, բայց ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և ձեր ողջ խմբագրակազմին մամուլի ազատության օրվա առթիվ։ Շատ կարևորում եմ մամուլի գործը և մեծ ուշադրություն եմ դարձնում հրապարակումներին։ Ինձ մշտապես զեկուցում են դրանց մասին, ես էլ կառուցողական բոլոր քննադատությունների նկատմամբ ուշադիր եմ ու հետևողական։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ