ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձևով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։               
 

Կոչերը, թե պետք է հենվենք միայն մեր սեփական ուժերի ու մեր բանակի վրա, տպավորիչ են, բայց պարզունակ

Կոչերը, թե պետք է հենվենք միայն մեր սեփական ուժերի ու մեր բանակի վրա, տպավորիչ են, բայց պարզունակ
26.04.2016 | 09:33

Այսօր Հայաստանում բռնկած հակառուսական հիստերիայի պայմաններում վտանգավոր է նույնիսկ հայոց մամուլում խոսել այդ երկրում տեղի ունեցող որևէ դրական երևույթի մասին: Այս փոթորկուն օրերին «ռուսասերի» պիտակը մեր հայրենիքում թերևս դարձել է ամենաարգահատելիներից մեկը: Երեքմիլիոնանոց ռուսահայերի համար սա խիստ անցանկալի է: Մեղադրանքները, թե ռուսահայերը ոչինչ չեն անում հայրենիքի համար, արդարացված են այն իմաստով, որ նրանք չեն վստահում Հայաստանի կոռուպցիոն իշխանություններին:

Այդուհանդերձ, «դավաճան» Ռուսաստանի «բռնապետ» ղեկավար Վլադիմիր Պուտինն իր ավանդական «ուղիղ գծով» 14-րդ անգամ տպավորիչ հանդես եկավ համառուսաստանյան լսարանի առջև: 3 ժամ 40 րոպե շարունակ նա իրեն հասցեագրված երեք միլիոնից ավելի հարցերից պատասխանեց 80-ին: Այս անգամ հարցադրողների մեջ գերակշռում էին ոչ այնքան լրագրողները, որքան ռուսաստանյան հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները: Չկար ոչ մի թեմայի սահմանափակում, ընդհուպ նախագահի չսիրած՝ անձնական կյանքի մասին: Ճիշտ է, նրա հարազատների, բարեկամների որևէ անօրինական գործողության կամ անվայել պահվածքի վերաբերյալ որևէ դժգոհություն չարտահայտվեց: Ապշեցնում են երկրի ներքին ու արտաքին կյանքի խոր իմացությունը և բազմաբնույթ հարցերին տրված հանգամանալի ու պրոֆեսիոնալ պատասխանները: Եվ ամեն անգամ Պուտինն ընդգծում է, որ նման երես առ երես հանդիպումները իրեն մեծապես օգնում են ավելի լավ հասկանալու իր քաղաքացիներին հուզող խնդիրները: Դրա համար, իհարկե, պետք է սիրել իր ժողովրդին: Պուտինի խոսքում բացակայում էին անհարկի պերճախոսությունը, իրականությունից կտրված պաթետիկան:


Եվ ամեն անգամ անմիջական հարցուպատասխանի այդ հանդիպումները դիտելիս ակամայից մտածում ես՝ անկախ Հայաստանի ղեկավարներից ո՜ր մեկն է դիմել իր ժողովրդի հետ հաղորդակցման այս անկեղծ ձևաչափին: Եթե ոչ այդքան հրապարակայնորեն՝ հեռուստառադիոալիքներով, ապա գոնե խորհրդարանի առջև, կամ ինչ-որ ներհայաստանյան ծավալուն համաժողովում: Ինչպես վարվում է Պուտինը: Նա մոտ է կանգնած ռուս ժողովրդին:
Հայտնի չէ, խղճի որևէ խայթ զգացի՞ն Հայաստանի ղեկավարները քառօրյա հեղաբեկումներից հետո: Չափից դուրս կտրված են նրանք ժողովրդից ու չեն վայելում նրա հարգանքը: Գուցե հայոց խորհրդարանը հատուկ որոշում ընդունի, պարտավորեցնելով պետության ղեկավարին, որ նա ամեն տարի պատգամավորների, հասարակայնության ներկայացուցիչների, լրագրողների առջև հանդես գա հաշվետվությամբ (պարտադիր չէ պուտինյան ոճով)՝ ինչ է արել նա կամ չի արել տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անելու և պատասխանել մարդկանց հարցերին: Մանավանդ որ անպատասխան հարցեր հայաստանցիներն անհամեմատ ավելի շատ ունեն, քան ռուսաստանցիները:

Էլի փնովեք Պուտինին, բայց գոնե մեկ լավ բան սովորեք նրանից: Նորանկախ Հայաստանի առաջին նախագահը «Սերժի» հետ (սա նրա դիմումն է) հանդիպումից հետո հայտարարեց, որ երկրի ներկա ղեկավարությանը թեկուզ և ժամանակավորապես պետք է հանգիստ թողնել, չքննադատել: Թեև թվում է հակառակը պիտի ասվեր, քանզի հայ ժողովրդի մեջ շատերի համար անակնկալ հառնած հայրենասիրության հզոր լիցքը ոչ մի կապ չուներ ղեկավարության կոչերի հետ: Պոռթկումը ինքնաբուխ էր, ոգու-հոգու կանչ վտանգի պահին: Եվ սրանք սոսկ գեղեցիկ խոսքեր չեն: Եկեք չսեթևեթենք, մտայնություն էր ստեղծվել, այդ թվում՝ ռուսահայերի շրջանում, որ զանգվածաբար արտագաղթող ազգի մեջ կարող էր բթանալ նաև հայրենասիրության զգացումը: Անիմաստ է խոսել, ինչպես ասվեց, որևէ հոգեհարազատության մասին հայրենի իշխանությունների ու ժողովրդի միջև: Թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի մեծագույն ծառայություններից մեկը ազգի հանդեպ կլիներ այն, որ նա ներկա կոռուպցիոն-օլիգարխիական վերնախավի մեջ (իր բնորոշումները շատ ավելի խիստ են՝ «ավազակաբարո») դաստիարակեր անպտղության գիտակցումով կամավոր հրաժարական տալու կուլտուրան: Գոնե հուշեր: Կոռուպցիոն իշխանությունը չի կարող հայրենասեր լինել:


Հակառուսական կրքերը Հայաստանում իրոք այնքան են բորբոքվել, որ հայ-ադրբեջանական բախումների առնչությամբ ամեն ինչում գերազանցապես մեղադրվում է Ռուսաստանը: Ասես սեփական իշխանություն գոյություն չունի: Գլխավոր մեղադրանքը՝ ռուսները զենք են վաճառում մեր ոխերիմ թշնամուն, իսկ այ, իրենց իսկ տրամադրած վարկի դիմաց մեզ զենք չեն մատակարարում: Բայց եկեք հակադարձ հարցը տանք՝ այդ ինչպե՞ս է ընդամենը Ռուսաստանի նկատմամբ «բարեկամաբար» տրամադրված Ազերստանին հաջողվում ստանալ այդ զենքը, իսկ դաշնակից Հայաստանին՝ ոչ: Գուցե մե՞նք ենք անկատար ու ապաշնորհ մեր, այսպես ասած, զինադիվանագիտության, զինաբիզնեսի մեջ, որ չենք կարողանում լեզու գտնել անգամ մեր դաշնակցի հետ: Տարօրինակ հանելուկ է սա:


Ազերիների հետ առճակատման հենց առաջին ժամերից հայոց լրատվամիջոցները սկսեցին տարփողել, որ ադրբեջանական իշխանությունները իրենց ռազմական արկածախնդրությունը ձեռնարկել են նավթի գների անկման պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական դժվարություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: Սակայն կարելի է պատկերացնել նաև հայոց իշխանությունների «գոհունակությունը», երբ կոկորդին դեմ առած կենսախնդիրներից հուսահատված հայաստանցին այնքան «շեղվեց», որ մոռացավ նույնիսկ արտագաղթը:


Ղարաբաղ մեկնելուց առաջ անսովոր մի դիտարկում արեց նախկին մի ազատամարտիկ, որը Ռուսաստան էր արտագաղթել տակավին մութ ու ցուրտ տարիներին: Իմաստ կունենար, ասաց նա, որ մենք լրջորեն ուսումնասիրենք մեր ազգային հոգեբանության մի տարօրինակ կողմը՝ մեր հայրենասիրության իմպուլսային բնույթը: Տեսեք, մենք հերոսական էինք ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նույնքան հայրենասիրաբար համախմբվեցինք այս օրերին: Իսկ դրանց արանքո՞ւմ: Մեղմ ասած, հեզորեն կուլ ենք տալիս բոլոր անարդարությունները, հանդուրժում ղեկավարության արհամարհական վերաբերմունքը հպատակների հանդեպ: Եթե երբեմն էլ թպրտում ենք, ապտակ ենք ստանում և սսկվում: Ընդվզման միակ ձևը մնացել է լռելյայն արտագաղթելը: Նստած հաշվում ենք Հայաստանի ղեկավարների միլիարդներն ու միլիոնները, նրանց շքեղափայլ առանձնատները:
Ռուսաստանի հասցեին հոխորտանքներն անիմաստ են: Կոչերը, թե մենք պետք է հենվենք միայն մեր սեփական ուժերի ու մեր բանակի վրա, տպավորիչ են, բայց պարզունակ: Ժողովուրդների պատմությանը հազարամյակներ շարունակ միշտ ուղեկցել է մեծ և փոքր պետությունների միակողմանի փոխհարաբերությունների գործոնը՝ ի վնաս փոքրի:

Ո՜վ կթողնի, որ մենք ապրենք մեր ուզած ձևով: Իրենց բարեկեցիկ կյանքով էին ապրում լիբիացիները, սիրիացիները… Քաշ պիտի ունենաս ու իմաստուն դիվանագիտություն մեծերի պարտադրած այդ լաբիրինթոսում կողմնորոշվելու համար: Թե՞ հույսը դնում ենք մեր ողորմելի, տնայնագործական տնտեսության վրա (Երևանում հենց այնպես չեն սրամտում, թե Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի բարձրաստիճան շատ չինովնիկներ նույնիսկ չգիտեն ինչ բան է… ինֆլյացիան): Տեղին են Հայաստանում բերում Իսրայելի օրինակը: Տարածքով մեզնից էլ փոքր է, սակայն զենքի առևտրով աշխարհում մտնում է առաջին հնգյակի մեջ: Ստեղծել են, չէ, հզոր էկոնոմիկա, հզոր ռազմաարդյունաբերական համալիր, հզոր գիտություն և այլն, ու ստիպում են հաշվի նստել իրենց հետ: Թե պարզապես բախտներն է բերել, որ Իսրայելի քաղաքական-տնտեսական վերնախավերը երբեք չեն համակվել գորշությամբ:


Երևի մի բան գիտե պրոֆեսիոնալ զինվորական Կոմանդոսը, որը հայտարարում է, թե մեր հայկական բանակը չի կարող մարտաշունչ լինել առանց Ռուսաստանի, ինչքան էլ որ մեր ոգին բարձր լինի: Եվ եթե ռուսը ոտը քաշի Հայաստանից, ինչպես ենք դիմակայելու թուրք-ադրբեջանական անխուսափելի ագրեսիային: Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ մեծ տերությունների մեջ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում օբյեկտիվ պատճառներով ամենաուժեղն է և մենք ոչ թե պետք է սպառնանք նրան (մենակ նա էր պակասում մեր թշնամիների ցուցակում), այլ առավելագույնս փորձենք մեր ընդհանուր շահերի շրջանակում նպաստներ բերել մեր երկրին: Գուցե մեր այլընտրանքը Եվրասոդո՞մն է կամ ԱՄՆ-ը: Վրացիներն էլ էին հույսը դրել հեռավոր Ամերիկայի վրա...


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Ինչ նկատի ուներ հայ ընդդիմության ճյուղերից մեկը, երբ պահանջում էր չարաբաստիկ տեսախցիկների բերած եկամուտը տրամադրել Ղարաբաղի բանակին: Հուսով ենք, որ դա ոչ մի կապ չունի ռուսների հետ:

Դիտվել է՝ 16318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ