Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Էկոտուրիզմի զարգացումը Հայաստանի պահպանվող տարածքներում

Էկոտուրիզմի զարգացումը Հայաստանի պահպանվող տարածքներում
21.03.2018 | 14:31

«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը միասին սկսում են «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագիրը՝ ուղղված Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը։

Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում 200 երիտասարդներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Գերմանիայից կժամանեն Հայաստան՝ մասնակցելու պահպանվող տարածքներում առկա արշավային արահետների բարեկարգմանը, նոր արահետների մշակմանը, որոնք կներկայացնեն տվյալ տարածքի բնության և մշակութային հուշարձանները, ինչպես նաև կենսաբազմազանությունը, արահետների քարտեզագրմանը, ցուցանակների, արգելափակոցների տեղադրմանը, փոքր ենթակառուցվածքների (օրինակ անանցանելի վտակների վրա փոքր կամուրջներ) կառուցմանը և այլն:


WWF-Հայաստանի հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավար Հերմինե Հակոբյանը նշում է. «Այս ծրագիրը շատ ավելին է, քան պարզապես էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացումը: Մասնակիցները շրջելու են Հայաստանի տեսարժան վայրերով, ծանոթանալու են երկրի հարուստ մշակութային ժառանգության, հայկական խոհանոցի հետ, շփվելու են տեղացիների հետ՝ զգալով նրանց հյուրասիրությունն ու ջերմությունը: Վերադառնալով իրենց երկիր՝ երիտասարդները դառնալու են Հայաստանի յուրահատուկ «դեսպաններ» իրենց երկրներում»:


«Վեսեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ նման նախագիծ տարածաշրջանում իրականանում է առաջին անգամ: Ծրագիրը կմեկնարկի այս տարվա մայիսին նախնական 3 տարի ժամկետով: Հաջողության դեպքում, այն շարունակական կլինի: «Բարև Թրեյլս»-ը կսկսվի պլանավորվող «Տաթև» ազգային պարկից:

Դիտվել է՝ 7186

Մեկնաբանություններ