«Սիրիայում վերջին զարգացումները սիոնիստական ռեժիմի չարամիտ ծրագրերի մի մասն են՝ ուղղված իսլամական երկրներում անկայունությունը, պառակտումը և հակամարտությունը մեծացնելուն»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած համագործակցության Սիրիայում ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում:               
 

«Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»

«Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
28.01.2021 | 22:38

Իրանագետ Գարիկ Միսակյանի դիտարկումներով՝ հետպատերազմյան իրավիճակում, երբ տարածաշրջանում հաստատվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջան այցի օրակարգի առանցքային թեման Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներն են, տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, կոմունիկացիոն հարցերը և, իհարկե, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ԻԻհ հետագա անելիքները։


«Իրատեսի» հետ զրույցում նշում է՝ Արցախյան վերջին պատերազմում հատկապես թուրքական ակնհայտ և շատ ակտիվ ներգրավվածության պայմաններում Իրանը Ադրբեջանական Հանրապետության տարածքում զիջել է իր դիրքերը Թուրքիային։ Հավելում՝ պատերազմի օրերին Իրանը փորձեց միջնորդական դերակատարություն ստանձնել, սակայն փոխարտգործնախարար սեյեդ Աբբաս Արաղչիի այցը հաջողություն չունեցավ այդ առումով և, կարելի է ասել, ժամանակավրեպ էր։ Ըստ նրա՝ Իրանը հատկապես Ադրեբջանի տարածքում զիջել է իր դիրքերը Թուրքիային նաև փափուկ ուժի առումով, ու ներկայումս փորձում է կոմպենսացնել այդ բացը՝ մեծացնելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ներգրավվածությունը. «Նախքան Ջ․ Զարիֆի տարաշրջանային այցը՝ Իրան էր մեկնել Ադրբեջանական Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որի այցի շրջանակներում ստորագրվել էին տնտեսական համագործակցության շուրջ պայմանագրեր։ Վերջին օրերին Իրանում էր նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, որի այցելության հիմնական նպատակը տնտեսական համագործակցության զարգացումն է»։


Անդրադառնալով Բաքու կատարած այցին՝ ընդգծում է, որ նախքան քաղաքական և տնտեսական բաղադրիչի մասին խոսելը պետք է փաստել, որ պատերազմից հետո՝ հատկապես կապիտուլացյոն փաստաթղթի ստորագրության և հայկական պաշտոնյանների որոշ ակնհայտ պարտվողական հայտարարությունների պայմաններում, Իրանի ղեկավարության մոտ տեղի է ունեցել հռետորաբանության ակնհայատ փոփոխություն։ Բացատրում է՝ հռետորաբանական փոփոխությունը նախ կապված է այն հանգամանքի հետ, որ Իրանը, կորցնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը Ադրբեջանական Հանրապետության և Նախիջևանի վրա, փորձում է այս փուլում ապահովել տնտեսական լուրջ ներկայություն Ադրբեջանում՝ նաև ներգրավվելով Բաքվի կողմից Արցախի օկուպացված մերձարաքսյան տարածքներում նախատեսվող շինարարական աշխատանքներին։ Այսինք՝ իրանական կողմը և հատկապես Հասան Ռուհանիի կառավարությունը, որը հայտարարել է զրո խնդիր հարևանների հետ, աշխարհաքաղաքական շահը կառավարման վերջին փուլում ստորադասում է տնտեսականին։


«Կարող ենք փաստել, որ Հայաստան կատարած այցելության ընթացքում իրանական կողմից եղան մի քանի հետաքրքիր հայտարարություններ։ Նախ նշվեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությամ դեմ ոտնձգությունները Իրանի համար կարմիր գիծ է համարվում։ Այս հայտարարությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մեղրիի միջանցքի ստեղծման պայմաններում փաստացիորեն կտրվելու է հայ-իրանական ցամաքային սահմանը, ինչը ռիսկային է նաև Իրանի համար և, փաստորեն դեմ է վերջինիս ազգային շահերին։ Իրանական փարձագիտական և ազգայնական շրջանակներում նախքան Զարֆի այցն էլ եղել են բազմաթիվ հայտարարություններ, որ այս միջանցքը կարող է ծառայել թուրանական և պանթյուրքիստական շրջանակների քաղաքական նպատակների համար։ Եթե համեմատենք նախապատերազմական շրջանի հայտարարությունների հետ, ապա պետք է նշել, որ Իրանը, անգամ հայտարարելով, որ սատարում է Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, երբեք չի նշել, որ դա Իրանի համար կարմիր գիծ է՝ փաստացի չառարկելով այդ տարածքների վրա Հայաստանի վերահսկողությանը։ Մյուս կարևոր հայտարարությունը ահաբեկիչների հետ կապված անհանգստություններին է վերաբերում։ Այս հայտարարությամբ Զարիֆը փաստացի նշում է, որ Արցախյան պատերազմում ներգրավված են եղել Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներ և որոնց դեմ պայքարը նաև ԻԻՀ համար անվտանգային խնդիր է համարվում։ Կարելի է փաստել, որ իրանական կողմից արվել է բացահայտ առաջարկ Հայաստանի հետ համագործակցել նաև ահաբեկիչների դեմ պայքարում»,- մեկնում է Միսակյանը:


Դառնալով Զարիֆի այցի տնտեսական բաղադրիչին՝ նշում է, որ Հայաստանի կողմից թուրքական ապրանքները պատժամիջոցի ենթարկելուց հետո Իրանի համար հնարավորություն է ստեղծվել հայկական շուկայից դուրս մղել թուրքական ապրանքները։ Այս համատեքստում, ասում է իրանագետը, նախ կարևորվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումն ու Հյուսի-հարավ միջանցի շինարարության աշխատանքներում Իրանին ներգրավելը։


Զարիֆի տարածաշրջանային դեռևս չավարտված այցը Իրանի կողմից Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական գործընթացներում ներգրավվելու բավական ակտիվ ու վճռական քայլ կարելի է համարել, ինչը կարող է նոր օրակարգ ստեղծել հայ-իրանական տնտեսական, անվտանգային և քաղաքական համագործակցության համար։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 80212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ