«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է

Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
06.02.2021 | 16:10

«Ծիծեռնակը բույն է շինում… Ամեն մի շյուղ կպցելիս, առաջվա բույնն է հիշում»,- «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչուհի տիկին Եվգենյան սփոփում է Շուշիում տունը կորցրած դստրերին: Մեր պատմությունն է այդպիսին, ասում է, մենք արարող, ստեղծող, ավերակի վրա նոր քար դնող ժողովուրդ ենք, բայց ինչքան էլ հինը նորոգես կամ նորը կառուցես, միևնույնն է, հին բույնդ ես ուզում:

Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղ ուզուցչուհին Ստեփանակերտից է հարս գնացել, տասնամյակների ընթացքում մի քանի սերունդ կրթել ու պատգամել՝ արյունարբու վայ-հարևանի պարագայում մահակը ձեռքիցդ չպետք է գցես:

Հայրենի հողը տիկին Եվգենյան 44-օրյա պատերազմի միայն վերջին 10 օրն է լքել: Շուշիում կանանցից միայն ինքն էր մնացել, աղջիկներն են ստիպել, որ դուրս գա այնտեղից: Երկու դուստրերն էլ Շուշիում էին բնակվում, տուն ու տեղ ունեին: Դուստրերից մեկը՝ Զարինե Խաչատրյանը, ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որտեղ իրենց շենքն ու իր տան լուսամուտներն են երևում, ամեն րոպե է աչքի տակ առնում: «Իմ տուն չեն մտել, Սևակ ջան: Տեսանյութում երևում է, որ առաջին հարկի հարևանների տուն են մտում, բայց երրորդ հարկ չեն բարձրանում: Եթե տեսնեի՝ ոնց եմ նաև իմ տուն մտնում, երևի ինֆարկտ ստանայի»,- ասում է և ցույց տալիս ձմռան համար ամբարած ու իրար կողքի գեղեցիկ շարված պահածոների լուսանկարները:


Դժբախտ ու դժգույն քաղք չէ Շուշին, արտասվաթոր աչքերը սրբելով, մրմնջում է Զարինե Խաչատրյանը, ես այնտեղ ինձ եմ թողել: «Պատերազմի օրերին երբ ասացին, որ արագ-արագ հավաքվենք, լքում ենք քաղաքը, ընդամենը 15 րոպե ունեի իրերս հավաքելու համար,- պատմում է նա,- Անգամ չեմ հիշում՝ ինչ եմ վերցրել հետս: Երեխաների ու իմ փաստաթղթերն էին, տան սեփակայության վկայականն ու մի սավան: Երևի մտածել եմ՝ ով իմանա, թե որտե՞ղ կգիշերենք, ի՞նչ պայամաններ կլինեն, անկողին կլինի՞, թե՞ ոչ, ու այդպես դրել եմ պայուսակիս մեջ: Երբ նոյեմբերի 10-ից հետո Ստեփանակերտ տեղափոխվեցինք, պայուսակը բացեցի ու աչքս պատահական սավանին ընկավ, որ ոչ մի տեղ, ոչ մի օր չէի օգտագործել: Ամուր գրկեցի, փաթաթվեցի նրան ու ասում եմ. «Ա՛յ սավան, ես հիմա քեզ ի՞նչ անեմ, որտե՞ղ դնեմ, որ հա՛մ տեսնեմ, հա՛մ չտեսնեմ քեզ»: Ծալել-դրել եմ մի անկյունում՝ որպես կորցրածս տան միակ սփոփանք»:

Պատերազմից հետո Զարինե Խաչատրյանն անմիջապես Ստեփանակերտ է վերադարձել: Աշխատում է մշակույթի նախարարությունում: Արցախը լքելու մասին անգամ չի մտածում. «Ամեն երեկո Ստեփանակերտից տեսնում եմ, ինչպես է օրեցօր ավելանում Շուշիում վառվող լույսերի քանակը: Մտածում եմ՝ կարո՞ղ է արդեն իմ տուն էլ մտան… Խելագարվում եմ, բայց ի՞նչ անեմ, ո՞ւր փախչեմ: Իմն էս է, ինձ իմ արմատից ինչպե՞ս կտրեմ»:

Մայրը՝ տիկին Եվգենյան, հեռախոսի լուսանկարները թերթելով, իր տան, այգու, մյուս դստեր տան լուսանկարներն է ցույց տալիս: Մի նկարի վրա երկա՜ր կանգ է առնում. «Մահացած աղջիկս է, իր շիրիմն էլ է մնացել Շուշիում: Տան կորուստներն ինձ այնքան չեն ցավ պատճառում այնքան, ինչքան դստերս շիրիմը, որին այցելել, լացել, խունկ ծխել էլ չեմ կարողանալու: Նյութական կորուստը վերականգնել հնարավոր է, իսկ հոգու կսկիծի հե՞տ ինչ անես»:

Լուսանկարում՝ Եվգենյա և Զարինե Խաչատրյաններ

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ



Դիտվել է՝ 356226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ