«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Շուշի. գողացված հաղթանակ

Շուշի. գողացված հաղթանակ
08.05.2024 | 14:26

«Հարսանիք լեռներում» անունով կնքված ռազմական հանճարեղ գործողությունը հայի հաղթանակի խորհրդանիշ դարձավ 31 տարի առաջ: Ծնկած չապրելու համար իրենց կյանքը տվեցին բազում երիտասարդներ՝ այդպես էլ իրականություն չդարձնելով սեփական հարսանիքը վայելելու հնարավորությունը:

«Մեր դեմ սանձազերծած առաջին պատերազմին Ադրբեջանը Շուշին դարձրել էր Ստեփանակերտն ու հայկական մյուս գյուղերը հրետակոծելու ռազմավարական հենակետ։ Համակերպվել՝ նշանակում էր կործանման դատապարտել Արցախը: Շուշիի կրակակետերը պետք էր լռեցնել, բայց դա հնարավոր չէր առանց քաղաքը գրավելու: Այլ տարբերակի դեպքում կավերվեին Շուշիի եկեղեցիները, ճարտարապետական հուշարձանները, քանի որ ադրբեջանցիները հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում»,- Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, որ այդպես էլ չհամակերպվեց Շուշիի կորստի հետ, մի հարյուր անգամ երևի պատմել է սա:

Վազգեն Սարգսյանը թերահավատ էր, թե Շուշին հնարավոր էր ազատել թշնամուց.

– Տղե՛րք, վախենամ՝ գլուխ չհանենք, մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել:

– Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրել էր Կոմանդոսը Վազգենին:

– Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- խոստացել էր Սպարապետը:

ՈՒ հենց այդ պատճառով ռազմական գործողությունը ստացել էր՝ «Հարսանիք լեռներում» անունը:

1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը:

Մայիսի 7-ի երեկոյան կողմ հայկական ստորաբաժանումները Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման:

-«Հյուսիսային» (հրամ.՝ Վալերի Չիթչյան),

-«Արևելյան» (հրամ.՝ Արկադի Կարապետյան),

-«Հարավային» (հրամ.՝ Սամվել Բաբայան),

-«Հյուսիսարևմտյան» (հրամ.՝ Սեյրան Օհանյան):

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի

Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:

Օպերացիայի ընթացքում հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 հոգանոց անձնակազմ, կռվում էր ընդեմ հակառակորդի 2500 հոգանոց լավ սպառազինված զորախմբի։

Մայիսի 8-ին ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման:

Մայիսի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր «Т-72» տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա («БМП-1»):

Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր:

28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ։

Սակայն հայ ռազմիկը դեռ կանգուն է, աշխարհով սփռված մեր հայրենակիցները վճռական են և հեռու չէ այն օրը երբ կրկին հայոց հինավուրց բերդաքաղաքը կլինի հայկական։

Հավերժ փա՜ռք, մեր հերոսներին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5434

Մեկնաբանություններ