ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Փողի գործոնը մարդու կյանքում

Փողի գործոնը մարդու կյանքում
12.09.2024 | 20:10

ՓՈՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ - առողջ բանականություն ունեցող ցանկացած մարդուն հարիր դրսևորում, որը նրան մղում է իր և իր ընտանիքի պատշաճ կենցաղավարման կազմակերպմանը, աշխարհիկ բարիքներից արժանավայել օգտվելուն և այլոց օգտակար լինելուն: Փողասիրությունը միջավայրի կողմից այնքան ժամանակ է ընկալվում որպես դրական դրսևորում, քանի դեռ ստորադասվում է անձի արժանապատվությանը, ազնվությանը, համեստությանն ու հումանիզմին:

ՓՈՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ – փողասիրության կարմիր գծերը հատելուց ծնունդ առնող հիվանդագին կախվածություն, որը մարդուն մղում է ամեն գնով ավելացնելու կուտակած դրամի ծավալը և մշտապես օգտվելու աշխարհիկ բարիքներից: Փողամոլությունը խթան է հանդիսանում այնպիսի զազրելի դրսևորումների, ինչպիսիք են ագահությունը, ստախոսությունը, խաբեությունը, քծնանքն ու կեղծավորությունը: Փողամոլությունը կարճ ժամանակում սասանում է անձի վարկն ու հեղինակությունը՝ տեղ գրավելով արժանապատվության կողքին:Կախվածությունը տեսականորեն բուժելի է, գործնականում ՝ նվազ հավանական: ՈՒղղիչ դաստիարակչական հաստատություններում կարճ և միջին ժամկետներով հայտնվելու պոտենցիալ թեկնածուներ են:

ՓՈՂԱՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ – երկարատև և խորքային փողամոլությունից առաջացող հիվանդություն, որով վարակվելու դեպքում մարդն ամբողջությամբ տրվում է դրամակուտակմանը՝ կանգ չառնելով ոչ մի բանի առջև: Փողահպատակներին բնորոշ դրսևորումներ են երդմնազանցությունը, երախտամոռությունը, ուրացումը, ավանտյուրիզմն ու մարդատյացությունը:Փողահպատակների մոտ արժանապատվությունն ու ինքնասիրությունը ստորադասված են փողին: Հիվանդությունը տեսականորեն բուժելի է, գործնականում ՝ բացառված: Սովորաբար երկար ժամկետով հայտնվում են ուղղիչ դաստիարակչական հաստատություններում, կամ՝ հետախուզումով համեմված տարագրության մեջ:

ՓՈՂԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ - (տերմինի հեղինակային իրավունքն իմն է) մարդկային բոլոր առաքինություններից զրկված, սակայն մարդկային կերպարանք ունեցող արարածներին բնորոշ յուրահատուկ հիվանդություն: Փողագարները չունեն որևէ սրբություն, հանուն փողի պատրաստ են ցանկացած ստորության և նվաստացման՝ ընդհուպ մերձավորների և հայրենիքի դավաճանության: Հիվանդությունը և տեսականորեն և գործնականում անբուժելի է: Որպես հանրության անվտանգ գոյության սպառնալիք, սովորաբար, փողագարներն իրենց կյանքն ավարտում են անժամանակ խայտառակ մահով, կամ լավագույն դեպքում, եթե «բախտ վիճակվի», մեկուսացվում և անժամկետ հանգրվանում են համապատասխան «բուժիչ» հաստատություններում:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Երբե՛ք մի հատեք փողասիրության կարմիր գծերը և մնացեք նրա շրջանագծի ներսում :

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ