Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած աշխատանքը, որին մասնակցել է նաև մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, կապիտալիզմի ինստիտուցիոնալության մասին է։
Բայց մենք հիմա արդեն փաստացի ապրում ենք պոստ կապիտալիստական հասարակությունում։ Ներկայի աշխարհում կա տնտեսագիտական 2 գլոբալ խնդիր, որի պատասխանը տնտեսագետները դեռ չունեն։
Առաջին խնդիրը վերաբերում է զարգացած երկրներում դեինդուստրիալիզացիայի հարցին։ Օրինակ՝ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներն էլ առաջարկում են իրականացնել ռեինդուստրիալիզացիա։ Բայց տնտեսագիտական միտքը դեռ չունի հստակ պատասխան՝ նախ, արդյո՞ք հնարավոր է վերականգնել արդյունաբերական ոլորտը, և եթե հնարավոր է, ապա արդյո՞ք ճիշտ է անցյալին վերադառնալով հետ գնալը։
Երկրորդ չլուծված խնդիրը կապված է տեխնոլոգիական առաջընթացի հետ, որը հանգեցնում է աշխատատեղերի կրճատման։ Օրինակ, արհեստական բանականության և բլոկչեյնի ներդրման հետևանքով աշխատանքը կկորցնեն տաքսիստները, բանկերի և այլ ոլորտների աշխատակիցները։ Նախկինում, երբ գործարանները փակվում էին, աշխատողները հիմնականում տեղափոխվում էին ծառայությունների ոլորտ, սակայն այսօր զարգացած երկրների ՀՆԱ-ում ծառայությունների ոլորտն արդեն հասել է 60-70%-ի և այլևս աճելու տեղ չունի։ Բացի այդ, վերջին տեխնոլոգիաները հենց ծառայությունների ոլորտի աշխատատեղերն են թիրախավորում։
Իսկ ի՞նչ են անելու այս նոր սերնդի գործազուրկները՝ տնտեսագիտությունը դեռևս չունի այդ հարցի պատասխանը։
Վահրամ Մարտիրոսյան