Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

Սերունդ, որն այսօր դիստանցավորված է իր ազգային արժեքներից

Սերունդ, որն այսօր դիստանցավորված է իր ազգային արժեքներից
23.10.2024 | 12:26

Շատերը կարծում են, որ իմ պարբերաբար քննադատությունը, ուղղված ՏՏ համայնքին, ինքնանպատակ է։ Այն հակամարտություն սրելու այլ նպատակ չի հետապնդում։

Այդպես չէ։ Ես ժամանակ չունեմ անպտուղ վեճերի և նպատակահարմար չեմ գտնում վատնել իմ շատ թանկ ժամանակը նման վեճերի վրա, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Անկեղծ ասած, այդ համայնքից շատերի հետ պահպանում եմ գործնական ու ընկերական հարաբերություններ։

Միակ մտահոգությունս դարձի բերելն է ՏՏ համայնքին, որը, Կարեն Վարդանյանի մահից հետո, դուրս է եկել իր ուղեծրից ու շատ ու շատ շեղվել։

Ես անձամբ շատ բան չեմ ուզում։ Ընդամենը, որ այս ճգնաժամային անդունդում մեր ծրագրավորողները և ինժեներներն անեն այն նույնը, ինչ անում են միջինարևելյան համայնքներում։ Դուք այսօր տեսնում եք, օրինակի համար, թե ի՞նչ հրթիռներ ու ԱԹՍ-ներ են արտադրում Միջին Արևելքի անանուն ինժեներները՝ առանց գիտական հոդվածների ու արևմտյան ակադեմիաների հետ ինտեգրման և առանց մեծ փողերի ու կորպորացիաների։

Ես դրա մասին վաղուց գիտեի և անընդհատ օրինակ էի բերում նրանց ձեռքբերումներն ու հայտնագործությունները։

Մենք թևակոխել են տեխնոլոգիական դար, ուր ինժեներներն ու ծրագրավորողներն են թելադրում և թելադրելու են երկրների զարգացումը և առաջընթացը։

Մեր երկրի համար 10 հազար, իմ համոզմամբ, նույնիսկ հազար ինժեներները և ծրագրավորողները բավարար են անվտանգային երկաթյա համակարգ ստեղծելու հանար։

Իսկ իրականում մեր երկրում այդ գործով զբաղվում են մատների վրա հաշված մարդիկ՝ անձնական միջոցներով ու անձնազոհությամբ։ Ես կասեի՝ ընդհատակյա պայմաններում, որովհետև այս պիղծ ռեժիմն ամեն ինչ անում է անվտանգային համակարգը քանդելու համար։

Ինչո՞ւ դա այդպես է մի տարածաշրջանում, երբ հենց մեր հարևան երկրում հայրենասեր ինժեներների, ծրագրավորողների բում է, որոնք բացառապես աշխատում են իրենց երկրի համար։

Պատճառները շատ են, բայց ես կթվարկեմ ամենակարևորները։

1. 1991 թվականից ԼՏՊ-ն փոխեց մեր ազգային զարգացման պարադիգմը՝ պարտադրելով լաքեյական ծառայամտությունը՝ գիտատեխնիկական, արդյունաբերական տնտեսության, շատ խորքային մշակույթի փոխարեն։

2. Նորանկախ Հայաստանում «ընտրվեց»՝ պարտադրվեց կրթության բոլոնյան համակարգը, որը մերժում էր համակարգային մտածողությունը, դիալեկտիկան ու խորքային գիտելիքներն ընդհանրապես։

3. Արժեքային այդ վերաձևավորման ու դեգրադացիայի մեջ նոր՝ հետխորհրային սերունդը ձևավորվում էր սարսափի ֆիլմերով ու համակարգչային խաղերով՝ մութ ու խավար տարիներին։ Դրան գումարվում էին գոյության պայքար տվող ծնողների շփոթվածությունը, հոգնածությունը և հուսահատությունը, որոնք ընտանիքներում ծնում էին հոգևոր դատարկություն ու ճղճիմ նյութապաշտություն։

4. Հայաստանում հաստատված Ֆեոդալական տիրապետության ծանր հետևանքները, հատկապես այն, որ իշխող ռեժիմները անխնա շահարկում էին ազգայինը (համերգներ, տոնախմբություններ, բաժակաճառեր, պաթոս), ինչն օրինաչափորեն հանգեցնում էր ընդվզման։

5. Դե, սորոսական կազմակերպությունների ներթափանցման և ծավալման մասին էլ չեմ խոսում (շատ է խոսվել)։ Գումարեք սրան կատաղի ու ագրեսիվ քարոզչությունը, որը տարվում է ազգային կենտրոնացված տնտեսություն, պաշտպանված շուկա և, հետևաբար, ազգային բուրժուազիա չունեցող երկրում։ Այս պահին մոտ 180 լրատվամիջոցները վերջնական հաշվով կառավարվում են դրսից՝ խորքային ուժերի կողմից։

Ահա այսպես ձևավորվեց հետխորհրդային սերունդը, որն այսօր դիստանցավորված է իր ազգային արժեքներից և ունի բացահայտ գլոբալիստական, նեոլիբերալ հակումներ՝ նյութապաշտության, ագահ սպառողականության, եսակենտրոնության հիմքերի վրա։

Ազգը և համայնքն այլևս արժեքներ չեն նրա համար։

Միմիայն եսակենտրոն քաղաքացիական հասարակություն։

Ահա այս սերնդի «էլիտան» է ներկայացնում մեր այսօրվա ՏՏ և ինժեներական համայնքը՝ բաղկացած տաղանդավոր, բայց հանրային հոգսերին, ցավերին ու խնդիրներին անտարբեր «բալիկներից»։

Եվ դրա համար էլ լոյալ են պիղծ ռեժիմին և նույնիսկ համակրում են նրան։

Դուք երբևէ լսե՞լ եք, որ ՏՏ-ինժեներական համայնքը քննադատի պիղծ ռեժիմն ու նրա պարագլուխներին։

Փոխարենը նրանց կտեսնեք լուռ ու հմայված նստած կամ կանգնած պիղծ ռեժիմի բոլոր միջոցառումներին։

Կարծես պիղծ ռեժիմն էլ գտել է այս համայնքը գրավելու բանալին։ Դրամական շռայլ նվիրատվություններ է անում՝ կերակրատաշտերը միշտ լիքը պահելով։

Գործն էլ, որ անում է տեղական ՏՏ-ինժեներական համայնքը, խոստովանենք, որ օտար երկրների, վերազգային կորպորացիաների համար փոդրաչիություն է։ Մեկ-երկու ընկերություն կան, որոնք ճարտարապետում են այն, ինչ մշակում են։ Մեծամասնությունը կատարում է օտար պատվիրատուների խիստ կանոնակարգված հանձնարարություններ՝ տրամադրված ֆրեյմվորքներով (Framework) ու գրադարաններով (Library)։

Սա է մեր դաժան իրականությունը։

Հիմա ես կոչ եմ անում այս մարդկանց սթափվել ։ Մտածել իրենց և իրենց երեխաների ապագայի մասին, մի փոքր ժամանակ գտնել պատմական փաստերին ծանոթանալու համար։ Օրինակ, հասկանալ, թե ինչ սարսափելի հաշվեհարդարներ են կատարվել, քանի՞ մարդու կյանք է կործանվել Ֆրանսիայում, երբ տապալվեց Վիշիի ռեժիմը։

Ձեզ չեն ների, եթե հայրենիքի համար այս ծանրագույն շրջանում գործ չանեք այնպես, ինչպես անում են Միջին Արևելքի ՏՏ մասնագետները և ինժեներները՝ ամրապնդելով իրենց երկրների անվտանգությունը։

Լիքը գործ կա անելու մեր երկրի՝ հայրենիքի համար, քանի որ շատ բան կախված է մեզնից։

Անվտանգությունը կամրապնդենք և նոր իրապես ազգային Հայաստանի համար խորքային հիմքերը կգցենք ազգային արժեքների, մայրենու ու մեր լեզվամտածողության վրա հիմնած համակարգաստեղծ տեխնոլոգիաներով։

Հ․Գ․ Գիտեմ, որ կարդալու եք։ Լավ մտածեք։

Լուսանկարում՝ օրեր առաջ ՏՏ համայնքը մեծ ուշադրությամբ լսում է պիղծ ռեժիմի անգրագետ պարագլխի և մի կերպ արևելագիտականն ավարտած նախարարի «հանճարեղ» մտքերը։

Այ սա է խայտառակությունը, որը ոչ մի ձև թաքցնել չի լինի ապագայում։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 8699

Մեկնաբանություններ