ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
15.11.2024 | 13:12

(սկիզբը՝ այստեղ)

Կարևոր են նաև Իսրայելի և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության վերաբերյալ տեղեկությունները: Ավելի վաղ արևմտյան որոշ ԶԼՄ- ներ հայտնել էին, թե Թրամփը մտադիր է Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուին Մերձավոր Արևելքում գործողությունների լիակատար ազատություն տալ: Թե դա ինչի կարող է հանգեցնել, հատկապես, Իրանի նկատմամբ Իսրայելի գործողությունների և պատասխան քայլերի առումով, կարծում ենք, հասկանալի է և հարկ չկա բացատրելու:

Արևմտյան մի շարք ԶԼՄ- ներ մասնավորապես հրապարակել էին ԱՄՆ- ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Լեոն Պանետայի կանխատեսումը, որ ԱՄՆ- ում Դոնալդ Թրամփի իշխանության գալը կարող է Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուին «գործողությունների լիակատար ազատություն» տրամադրել Մերձավոր Արևելքում:

Պանետան, որն, ի դեպ, 2017թ. կանխատեսել էր ԱՄՆ- ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային պատերազմ (այն մինչ այս պահը տեղի չի ունեցել), հայտարարել է, որ նման քաղաքական կուրսը Նաթանյահուին թույլ կտա ցանկացած անհրաժեշտ քայլ, ներառյալ՝ ռազմական գործողություններ ձեռնարկել Իսրայելի շահերի ապահովման համար: Պանետայի կարծիքով, նման սցենարը կարող է ճանապարհ բացել Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի համար:

Ըստ ԿՀՎ նախկին տնօրենի կանխատեսման, Թրամփը, որը հայտնի է Իսրայելի հանդեպ իր լոյալ վերաբերմունքով, հավանաբար չի սահմանափակի Նաթանյահուի գործողությունները տարածաշրջանում, ինչը կարող է ազդել Իսրայելի և Իրանի միջև լարված հարաբերությունների վրա:

Սակայն, ինչպես հայտնել է եվրոպական «Politico» պարբերականը, ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուին Մերձավոր Արևելքում գործողությունների ազատություն տալ. այս մասին, հղում կատարելով «Politico»- ին, տեղեկացրել է ТАСС- ը :

«Թրամփը չի պատրաստվում Նաթանյահուին գործողությունների ազատություն տալ»,- ասել է թերթի զրուցակիցը:

«Եթե (Իսրայելի վարչապետը) հենց դա է ակնկալում…, նա հիասթափված կլինի, նա ստիպված կլինի վերանայել իր մոտեցումը, քանի որ Թրամփը ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում գրեթե նույնքան, որքան Ուկրաինայում»,- հավելել է «Politico»- ի աղբյուրը:

Ինչպես նշել է պարբերականը, ԱՄՆ- ի ընտրված նախագահի հավանությունն ստանալն այն ամենի համար, ինչ պլանավորել է Նաթանյահուն, կարող է ավելի բարդ լինել, քան սպասվում է: Ընդ որում, Նաթանյահուի նախընտրական արշավի նախկին ռազմավար Նադավ Շտրաուխլերի խոսքով, Իսրայելն ավելի շատ էր ցանկանում Թրամփի ընտրությունը, քան Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսի:

Ըստ անանուն պաշտոնյայի, Նաթանյահուն և նրա խորհրդականները գիտեն, որ ԱՄՆ- ը շուտով ճնշում կգործադրի Իսրայելի վրա՝ հրադադարի նպատակով, մասնավորապես՝ Լիբանանում:

«Թրամփը Լիբանանում հրադադար է ակնկալում մոտակա ժամանակներում, դեռ իր երդմնակալությունից առաջ»,- նշել է պարբերականի զրուցակիցը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կարող է դադարեցնել քաոսը Մերձավոր Արևելքում:

Իսրայելական ԶԼՄ- ներից «Times of Israel»- ն էլ գրել է, որ Թրամփի նախկին վարչակազմի պաշտոնյաներից նախազգուշացրել են իսրայելցի նախարարներին, որպեսզի նրանք չհամարեն, թե Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում կաջակցի Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի բռնակցմանը:

«Բիբին (Նաթանյահուի մականունը.- Lenta.Ru) դեռ այնքան չի հաջողել, որ ստանա այն ամենը, ինչ ուզում է: Թրամփը չի պատրաստվում նրան քարտ- բլանշ տալ». այս մասին, «Lenta.Ru»– ի փոխանցմամբ , գրել է «Politico»- ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի տվյալներով՝ Թրամփը «նախկինի պես Բիբիի երկրպագուն չէ», չնայած այն բանին, որ Իսրայելի վարչապետը ընտրություններում նրա հաղթանակն ավելի բարենպաստ է համարել Թել Ավիվի համար: Պարբերականը նշում է, որ ընտրված ամերիկացի առաջնորդը, այնուամենայնիվ, կսահմանափակի Իսրայելի գործողությունների ազատությունը զինված հակամարտությունում՝ ի հեճուկս Նաթանյահուի հավաստիացումներին, որ ինքն ու Թրամփը նույն դիրքորոշումներն ունեն Իրանի հարցում:

Նկատենք, որ Իսրայելի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի առումով իրականությունը դեռ վերջնականապես պարզ չէ, այս կապակցությամբ արևմտյան ԶԼՄ- ների հրապարակումները չափազանց հակասական են: Օրինակ, ըստ «Washington Post» (WP) թերթի, Թրամփը ցանկանում է իր վարչակազմում տեսնել Իսրայելի ամենամոլի կողմնակիցներին: Ինչպես, ТАСС- ի փոխանցմամբ, գրել է WP- ն, ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կարող է ավելացնել Իսրայելի աջակցությունը, քանի որ առաջարկել է իր վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակել արմատական իսրայելամետ հայացքներով հայտնի մարդկանց:

Թերթի տեղեկությունների համաձայն, Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, որը կարող է դառնալ Իսրայելում ԱՄՆ- ի դեսպանը, Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բռնազավթման կողմնակիցն է: Ամերիկացի հեռուստահաղորդավար և Աֆղանստանի և Իրաքի պատերազմների վետերան Փիթեր Հեգսեթը, որը Թրամփի կողմից առաջարկվել է պաշտպանության նախարարի պաշտոնում, Պաղեստինյան պետականության վճռական հակառակորդն է:

ԱՄՆ- ի ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, որին Թրամփն առաջարկել է որպես ԿՀՎ նոր ղեկավար, ավելի վաղ կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում հումանիտար աղետը և խաղաղ բնակիչների մահը չպետք է խոչընդոտ հանդիսանան հրեական պետությանն ամերիկյան ռազմական օգնության կրճատման համար:

Պարբերականը նշում է, որ իսրայելցի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց ուրախությունն ընտրություններում Թրամփի հաղթանակի կապակցությամբ և հույս ունեն, որ Հանրապետականի օրոք ԱՄՆ- ի աջակցությունը կավելանա:

Թրամփն ԱՄՆ- ի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ընթացքում բազմիցս հայտարարել է «իրանական սպառնալիքից« պաշտպանվելու համար Իսրայելին աջակցելու մասին, ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը վերջինիս բռնազավթած Գոլանի բարձունքների նկատմամբ, ԱՄՆ- ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ և համարել կամ ճանաչել այն Իսրայելի մայրաքաղաք, նպաստել Աբրահամի համաձայնագրերի կնքմանը, որոնք թույլ են տվել կարգավորել հրեական պետության հարաբերությունները մի շարք արաբական երկրների հետ։

Պակաս մտահոգիչ չեն հաջորդած տեղեկությունները. Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է վարչակազմի երկու առանցքային պաշտոնների թեկնածուների ընտրության հարցում. պետքարտուղար կդառնա Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Մայք Ուոլտցը:

РБК- ի տեղեկացմամբ, Իսրայելի համար Ուոլտցին և Ռուբիոյին արտաքին քաղաքականության առանցքային պաշտոններում նշանակելը, ինչպես նաև իսրայելամետ կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկին ՄԱԿ- ում ԱՄՆ- ի մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրելը լավ նորություն է:

Ռուբիոն բազմիցս հանդես է եկել Գազայի հատվածում պատերազմում ի պաշտպանություն Իսրայելի, և քննադատել է Բայդենին «իր հակաիսրայելական, հակասեմական ընտրազանգվածին հաճոյանալու» ձգտման համար: «The Economist»- ի սյունակում՝ գրված համահեղինակությամբ քաղաքագետ Մեթյու Քրենիգի հետ, Ուոլտցը պնդել է, որ ԱՄՆ- ի հաջորդ վարչակազմը պետք է «թույլ տա Իսրայելին ավարտել աշխատանքը» և «արագ վերջ տալ» ՀԱՄԱՍ- ին:

«Նրանք պետք է հուսալի ռազմական լուծում առաջարկեն, որպեսզի իրանցիներին հասկացնեն, որ Ամերիկան թույլ չի տա նրանց միջուկային զենք ստեղծել, և վերսկսեն դիվանագիտական և տնտեսական ճնշման արշավը, որպեսզի կանգնեցնեն նրանց և սահմանափակեն աջակցությունն ահաբեկչական վստահված անձանց»,- նշված է նոյեմբերի 2- ին հրապարակված նյութում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ