Եթե ես լինեի որոշողը… Եթե ես լինեի որոշողը, ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար և հարցազրուցավար Թաքեր Կառլսոնին Խաղաղության նոբելյան մրցանակ կշնորհեի ռուս- ուկրաինական կամ, ավելի ճիշտ, Արևմուտք- Ռուսաստան հակամարտության վերաբերյալ ճշմարտությունն ամերիկյան հասարակությանը հնարավորինս հասցնելու և միջուկային համաղետը կանխելու անկեղծ ջանքերի համար:
Կառլսոնը, որը պահպանողական հայացքներ ունի և հայտնի է Հանրապետական կուսակցությանն իր աջակցությամբ, նորից Մոսկվայում է, նա ՌԴ մայրաքաղաք է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցի համար: Հարցազրույցն արդեն կայացել է, ինչի մասին Կառլսոնն այսօր հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Նա հարցազրույցը ներկայացրել է «հուզիչ» և խոստացել, որ այն կթողարկվի «շատ շուտով»:
«Երեկ մենք վերադարձանք Մոսկվա՝ հարցազրույց անցկացնելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ,- գրել է նա:- Մենք հենց նոր ավարտեցինք հարցազրույցը, և այն եղավ աներևակայելի հետաքրքիր: Այն շուտով կթողարկվի։ Հուսով եմ, որ դուք կդիտեք այն»:
Լրագրողը կիսվել է այն հարցերով, որոնք քննարկել է Լավրովի հետ զրույցի ընթացքում: Մասնավորապես՝ զրույցի թեմա են դարձել ՌԴ- ի և ԱՄՆ- ի փոխհարաբերությունները, Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ- ի նոր առաջնորդ ընտրվելու դերը, ինչպես նաև ավելի գլոբալ հակամարտությունից խուսափելու
հնարավորությունը:
Կառլսոնը նշել է նաև պատճառները, թե ինչու է որոշել նորից այցելել Մոսկվա և հարցազրույց վարել Լավրովի հետ: Նրա խոսքով՝ ինքը և իր թիմը փորձում են ամերիկացիներին այլ տեսակետ ներկայացնել, քան այն տեսակետը, որը նրանց ներկայացնում են «NBC News»- ում և «The New York Times»- ում: Լրագրողի կարծիքով, ԱՄՆ- ի սովորական քաղաքացիները չեն հասկանում, որ աշխարհն ավելի շատ է մոտեցել միջուկային հակամարտությանը,
քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հարցազրույցի ընթացքում մենք հետևել ենք, թե ինչպես է ԱՄՆ- ի առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմն աշխարհն ավելի մոտեցնում Ռուսաստանի հետ միջուկային հակամարտությանը, այն երկրի, որն ունի աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը,- գրել է Կառլսոնը։- Իրավիճակը սրվում էր այդ պահից և իր գագաթնակետին հասավ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ- ի նոր նախագահ ընտրվելուց հետո»:
Նա նաև հայտարարել է, որ փորձել է հարցազրույց վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի լիազորություններն ավարտվել են մայիսի 20- ին, սակայն իրեն խանգարել են Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները:
«Մեր բոլոր փորձերը կասեցվել են ամերիկյան կառավարության կողմից,- հայտնել է լրագրողը։- Կիևում ամերիկյան դեսպանատունը, որն աշխատում է ԱՄՆ- ի հարկատուների փողերով, Զելենսկու կառավարությանը ասել է, որ չեն կարող համաձայնել մեր թիմի հետ այս հարցազրույցին»:
Կրեմլի ֆոնին ձայնագրված տեսաուղերձում Կառլսոնը հայտարարել է միջուկային պատերազմին ժամանակակից աշխարհի մերձեցման մասին, այդ թվում՝ Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման սահմանափակումները վերացնելու ԱՄՆ- ի ներկայիս վարչակազմի որոշման պատճառով: Ըստ Կառլսոնի, ամերիկացիները հնարավորություն չունեն իմանալու խնդիրների վերաբերյալ ռուսական դիրքորոշումը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև խզված կապի պատճառով: Այսպես է նա բացատրել իր այցի պատճառը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հարցազրույցը մասշտաբային է ստացվել, դրա տևողությունը կկազմի մոտ մեկուկես ժամ, և այն կթողարկվի մի քանի օրից: Նա հավելել է, որ զրույցը հետաքրքիր է ստացվել, քանի որ նվիրված է եղել ամենաարդիական հարցերին, որոնք այժմ շատերին են հուզում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ- ում և ամբողջ աշխարհում:
Կառլսոնի դրական դերակատարության վերաբերյալ վերը շարադրվածը գրելուց հետո լրահոսում հանդիպեցի նրա վերաբերյալ ԱՄՆ- ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի որդու կարծիքին.
«Թաքերն ավելի շատ բան արեց խաղաղություն հաստատելու և ռուս- ուկրաինական պատերազմի ընթացքում անիմաստ մահերը դադարեցնելու համար, քան ներկայիս վարչակազմի բոլոր անդամները միասին վերցրած,- գրել է Թրամփ կրտսերը X սոցիալական ցանցում:- Կոլումբիայի շրջանը (նկատի ունի Վաշինգտոնը, Բայդենի վարչակարգը.- Ա.Հ.) ցանկանում է ավելի խորացնել իր ձախողումը, որպեսզի սեփական աղետը վերածի Թրամփի խնդրի»:
Ռուսաստանն Ուկրաինայում Ռազմական հատուկ գործողություն է սկսել 2022թ. փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործողության նպատակն այսպես է ձևակերպել. «պաշտպանել այն մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի վարչակարգի կողմից»: Նա նշել է նաև, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի փորձել է ՆԱՏՕ- ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան, բախվել է կամ ցինիկ խաբեության և ստի, կամ ճնշման և շանտաժի փորձերի, իսկ ՆԱՏՕ- ն, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է և մոտենում ՌԴ սահմաններին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ