2025 թ. նախօրյակին ՌԴ-Արևմուտք առճակատման ընթացիկ զարգացումներում նոր իրողություններ են ի հայտ գալիս: Մինչ բոլորը սպասում են՝ Թրամփի երդման արարողությունից հետո ի՞նչ քայլերի է գնալու ամերիկյան նոր վարչակազմը, եվրոպական քաղաքական վերնաշենքում նոր ճեղքվածք է գոյանում: Առաջինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցն էր Մոսկվա ու բանակցությունները Պուտինի հետ և, իհարկե, նրա կողմից ԵՄ հակառուսական դիրքորոշման կոշտ քննադատությունը: Երկրորդ քայլը կատարեց Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, ով երեկ պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա և նույնպես բանակցություններ էր վարում Պուտինի հետ: Այցի պատճառը բոլորիս հայտնի 2025-ից սկսված ռուսական գազի տրանզիտի արգելափակումն է ուկրաինական իշխանությունների կողմից: Սա լուրջ հարված է Սլովակիայի և Հունգարիայի տնտեսություններին: Բացառություն չէ նաև Մոլդովան, որտեղ անցնում են արտակարգ ռեժիմի, իսկ նախագահ Սանդուն հորդորում է իր քաղաքացիներին մրսել և աղքատ ապրել՝ հանուն եվրոպական «արժեհամակարգի»: Արտաքուստ գազի տրանզիտի արգելումը չպետք է դիտարկել զուտ էներգետիկ-տնտեսական իրադարձություն, փորձագիտական տեսանկյունով ինչ քաղաքական հետևանքներ կարելի է կանխատեսել: Առաջինն արդեն նշեցի՝ նոր ճեղքվածքը եվրոպական քաղաքական վերնաշենքում: Երկրորդը՝ սլովակյան և հունգարական կառավարությունների կողմից Կիևին նոր օգնության մասին ԵՄ որոշումների արգելափակումը: Երրորդը՝ գազի գնի բարձրացումը էներգակիրների եվրոպական շուկայում՝ իր տնտեսական հետևանքներով: Չորրորդը՝ մոլդովական իշխանությունների կողմից ուժային գործողություններ Մերձդնեստրյան չճանաչված հանրապետության դեմ, այնտեղի էներգետիկ կայաններն ու ենթակառուցվածքները հսկողության տակ վերցնելու համար, որն ուղղակի կնշանակի նոր ճակատի բացում ՌԴ-ի դեմ, այն, ինչը հրաժարվեց անել Վրաստանը: Հինգերորդ՝ Ուկրաինան այլևս չի ստանա գազի տրանզիտի համար վճարվող գումարները, որը, որքան գիտեմ, կազմում է մոտ 300 մլն դոլար, և դրա տեղը ստիպված կլինեն լրացնել եվրոպական դոնորները: Վեցերորդ՝ ռուսական կողմը, եթե մինչև այժմ շրջանցում էր գազատարի շրջակայքը, կարող է նոր հեռահար հարվածներով ոչնչացնել ուկրաինական գազատարները և էներգետիկ նոր խնդիրներ ստեղծել: Յոթերորդ՝ հնարավոր է նաև Ավստրիայի դիրքորոշման փոփոխություն, որը ևս ռուսական այս գազատարից էր օգտվում: Ութերորդ՝ Բալթիկ ծովի հյուսիսային գազատարների վերացումից հետո, ուկրաինական գազատարի փակումը կտրուկ բարձրացնելու է Սև ծովի հատակով դեպի Թուրքիա գնացող «Հարավային հոսք» անունով գազատար կապուղիների նշանակությունը, որն է՛լ ավելի է նպաստելու ռուս-թուրքական համագործակցությանը և փոխզիջումներին՝ հատկապես մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանային իրադարձություններում: Եվ վերջինը՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նշանակության և Ադրբեջանի դերակատարման ուժեղացում, հատկապես, որ շատերը այն համարում են նաև ռուսական գազի արտահանման ուղի՝ ադրբեջանականի անվան տակ:
Գարիկ Քեռյան