Գիտեի, որ ողջ կյանքը նվիրել էր դավադրությունների ակունքների բացահայտման տեսություններին: Ամեն նոր բացահայտումից սահմռկում էր, մաշվում ու գրեթե դարձել էր ուրվական: Վերջին անգամ հանդիպեցի խաղալիքների խանութում. կասկածանքով զննում էր երեխաներին ու նոթատետրի մեջ նշումներ անում: Երբ որևէ երեխա ծնողից պահանջում էր խաղալիք ձի գնել՝ առանձին ուշադրությամբ էր հետևում այդ երեխայի վարքին: Նկատելով ինձ՝ քաշեց մի կողմ.
- Ուզում եմ, որ իմանաս վերջին բացահայտումներիս մասին:
- Է՞լ ինչ ես բացահայտել:
- Ես պարզեցի, որ մեզ դավաճան ու դավադիր են դարձնում դեռ վաղ մանկությունից:
- Այդ ինչպե՞ս:
- Հիշո՞ւմ ես մանկապարտեզում սովորածդ ոտանավորները:
- Ո՞ր մեկը:
- Ամենազարհուրելին «Փայտե ձին» է, հիշո՞ւմ ես.
Ձի, ձի փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Կարմիր գույնով ներկեցի...
- Բայց դրա ի՞նչն է զարհուրելի:
- Փայտը և կարմիր գույնը:
- Այսի՞նքն:
- Հապա հիշիր, պատմության մեջ ո՞ր ձին էր փայտից:
- Ինչ-որ չեմ մտաբերում:
- Էդ ես, էլի: Բա Տրոյական ձին փայտից չէ՞ր:
- Ճիշտ որ:
- Տեսնո՞ւմ ես: Մեր սերունդներին դեռ վաղ մանկությունից այդ ոտանավորով հավաքագրում են, հետո լցնում փայտե ձիերի մեջ, ուղարկում Հայաստան ու Արցախ, որ սրանք ներսից երկիրը հանձնեն:
- Բա կարմիր գույնը ի՞նչ կապ ունի:
- Միամի՛տ, դա Թուրքիայի դրոշի գույնն է:
- Սարսափելի բաներ ես ասում:
- Սարսափելին վերջին տողերն են:
- Ո՞ր տողերը:
- Երբ ասվում է.
Ով որ ունի այսպես ձի
Թող գա ինձ հետ նա մրցի:
- Ի՞նչ է դա նշանակում:
- Դա նշանակում է, որ Հայաստան եկած ամեն Տրոյական ձի, իր սև գործն անելով, նոր ձիեր է հրավիրում: Իմ հաշվարկով՝ արդեն մի տասը ձի եկել է:
- Ինչո՞ւ հենց տասը:
- Այդքան են մեր մարզերը, մնացել է Երևանը:
- Լսիր, քրտինքը տվեց վրես. է՛լ ինչ ես բացահայտել:
- Ավելի զարզանդելու բաներ:
- Ասա, խնդրում եմ:
- Հիշո՞ւմ ես «Ծափիկ, ծափիկ ծիրանիկը»:
- Մինչև վերջ հիշում եմ:
- Իսկ նկատե՞լ ես, որ այդ ոտանավորը արտասանելիս մանուկները ռիթմով ծափ են տալիս:
- Կարծես թե՝ հա:
- Ուրեմն իմացիր. դրանք մեծանալով՝ նույն կերպ ծափ են տալիս ու դըմփ-դըմփ հո՛ւ են անում:
- Ով սարսափ, ուրեմն կորա՞ծ ենք:
- Լիովի՛ն:
- Բա հիմա ինչի՞ վրա ես աշխատում:
- Հիմա բացահայտում եմ «Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի, Քեզ տամ կորեկ ու գարի» դավադրությունը:
- Դրա մե՞ջ ինչ ես գտել:
- Լուրջ կասկածներ ունեմ, որ այդտեղ թաքնված է ժողովրդին կուտ տալու ու կործանելու ծուղակը:
2021թ.
Կարո Վարդանյան