Իբր թե վերլուծաբան է, այլ ոչ՝ երկրի առաջնորդ, վերլուծում է Ալիևի ասածը․«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել»։
Լեգիտիմություն տերմինն ի՞նչ կապ ունի միջպետական հարաբերությունների կամ պետության պատերազմ սկսել-չսկսելու հետ։ Ներպետական իրավունքը ի՞նչ կապ ունի պետության ուժ կիրառելու ու չկիրառելու հետ։ Լեգիտիմությունը վերաբերում է պետության ներսում իշխանության իշխելու ունակությանը։ Դու լեգիտիմությունը խառնում ես լեգալության՝ իրավաչափության հետ։ Դա legality է, այլ ոչ legitimacy-ն։ Գնա Մաքս Վեբեր կարդա։
Միջազգային հարաբերություններում այս երկու դրույթ-կոնցեպտները պետք չի խառնել։ Մարդ վեց տարուց ավել վարչապետ է, բայց իր համար լեգալիթին (իրավաչափություն) ու լեգիտիմությունը միջպետական հարաբերություններում բառախաղ (լեզվաշարժություն) են միայն։ Լավ, արտաքին լեգիտիմության հետ կապված եթե նույնիսկ պատկերացնենք, ապա այդ լեգիտիմությունը տարբեր պետությունների (արտաքին խաղացողների) կողմից կոնկտետ պետության ներսում գործող իշխանության կարգավիճակի՝ լեգիտիմության մասին է։ Այսինքն, արդյոք պետության ներսում գործադիր և օրենսդիր մարմիններում իշխանության եկած քաղաքական ընտրանին ճանաչվա՞ծ է, հետևաբար, լեգիտի՞մ է, թե՝ ոչ։
Չես կարող լեգիտիմություն ունենալ կամ չունենալ պատերազմ վարելու-ուժ կիրառելու համար։ Պետությունների ուժ կիրառելը բնական, նորմալ երևույթ է միտազգային հարաբերություններում, հատկապես՝ ռեալիզմի տրամաբանության մեջ։ Քանի որ պատերազմը քաղաքական նպատակներին հասնելու գործիքներից մեկն է, որ պետությունները կարող են օգտագործել, և դրա իրավաչափությունը տարբեր աղբյուրներ ու ձևակերպումներ կարող է ունենալ, օրինակ, միջազգային կազմակերպության սանկցիա, պետության սահմանադրություն, պետության կողմից հաստատված նորմեր կամ աշխարհակարգի ձևավորման հավակնություն իր միջավայրում և այլն։ Պետությունը ուժ կիրառելու համար կարող է հետևողականորեն կառուցել այդ լեգալիթին՝ ստեղծելով իրավաքաղաքական հիմք ուժ կիրառելու համար, օրինակ, օգտագործելով իր այդ նպատակի համար միջազգային իրավունքի որևէ կետ, ՄԱԿ-ի բանաձև։ Իլհամ Ալիևը նախ ունի այդ իրավաքաղաքական հիմքերը, որն իրեն տալիս է երկրի սահմանադրությունը, որն էլ իր հերթին Ադրբեջանը համարում է 1918-20-ի իրավահաջորդ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական» պիտակելով, ինչպես արեց Ռուսաստանը Ուկրաինային, նույնպես իրեն տալիս է իրավաքաղաքական հիմնավորում ուժ կիրառելու համար։
Անշուշտ, միջազգային իրավունքի տեսանկյունից զուտ եթե դիտարկենք, ապա պատերազմ հայտարարելն ու հարձակվելը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է համարվում։ Բայց միջազգային հարաբերություններում ուժի կիրառումը կարող է մեկնաբանվել (ինտերպրիտացվել) կամ casus belli-ն ձևակերպվել այլ կերպ․ օրինակ, «հակաահաբեկչական գործողություն», «սահմանադրական իրավունքի վերականգնում», «տարածքային ամբողջականության վերականգնում», «խաղաղության պարտադրում», «հատուկ ռազմական գործողություն», «նախահարձակ պաշտանություն», «էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքների վերականգնում» և այլն։ Եվ սա նորմալ երևույթ է։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները վերջին առնվազն 75 տարվա ընթացքում ուժ կիրառելու համար գոնե ձևի համար ցույց են տվել այդ լեգալիթին՝ իրավաչափությունը, իրենց կողմից ուժ կիրառելու համար։ Սա միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքի «գեղեցկություններից» մեկն է։
Հիմա, երբ միջազգային հարաբերությունների համակարգը ապրում է ֆունդամենտալ տրանսֆորմացիա սուր հակամարտային բազմաբևեռության և նոր նորմերի ձևավորման հետևանքով, առաջացել է մի իրավիճակ, որը ես անվանում եմ «միակողմանի գործողությունների ժամանակաշրջան», ինչ-որ բանով նման 1930-ական թվականների պարադիգմային։ Այսինքն, հիմա առավել ևս, բոլորին գրեթե ամեն ինչ թույլատրելի է, եթե կարողանում են հիմնավորել և իրականացնել առանց մեծ խաղացողների միջև ուժային բալանսի շոշափելի խախտման։ Կարո՞ղ ես վերցնել կողքինիդ տարածքը, վերցնում ես, կարո՞ղ ես պահել՝ պահում ես, և այն դառնում է քոնը։
Հետևաբար, պետք չէ խառնել լեգիտիմությունը լեգալության հետ։
Լուսանկարում Մաքս Վեբերն է՝ ապշած մարդամեկի լեզվաշարժություններից։
Էդուարդ Աբրահամյան