Դժվարությամբ, բայց համբերեցի մինչև տոնական օրն անցնի՝ մարդկաց տրամադրությունը չփչացնեմ։ Իսկ հիմա ասում եմ՝ քաղաքապետարանի ո՞ր քառակուսի ուղեղի «փայլատակումն» էր քաղաքային տրանսպորտից օգտվելու գործող տարբերակը։ Ավտոբուսից օգտվելու անհրաժեշտություն ունեի, կանգառի տերմինալը «ապուշացել» էր, թղթադրամս չէր վերցնում, իսկ մետաղադրամը դուրս էր շպրտում։ Ստիպված էի ուրիշ տերմինալ փնտրել։ Այսպես՝ ոտքով երկու կանգառ գնացի (ըստ որում՝ իմ գնալիք ճանապարհի հակառակ ուղղությամբ)՝ տոմսակ ձեռք բերելու համար։ Այդ ընթացքում երկու ավտոբուս եմ բաց թողել։
Ինձ հանդիպած երեք տերմինալներից առաջինի վրա թուղթ էր փակցրած՝ «Չի սպասարկում» գրությամբ, երկրորդի վրա գրված էր՝ «Կտրոն չկա», իսկ երրորդն ընդհանրապես «սատկած» էր (Թումանյանի հեքիաթի նման ստացվեց)։ Վերջապես բժշկականի կանգառում հաջողվեց տոմսակ ձեռք բերել։ Էս ախմախությունը ո՞վ է հնարել։ Միայն չասեք՝ Եվրոպայում վաղուց... Ախր, դուք՝ ուր, Եվրոպան՝ ու՜ր։ Նախ սպասարկման որակը հասցրեք եվրոպական մակարդակի, հետո նոր պահանջներ առաջադրեք։ Հագածներդ տրեխ է, բայց փողկապով եք երևալ ուզում։ Սա է Նիկոլի «իրական Հայաստանը»։
Հ .Գ. Նույն օրը՝ երեկոյան կողմ, երբ ոտքով գնում էի «Արամյանց» հիվանդանոց, տեսա, թե ինչպես էր մի հաղթանդամ տղամարդ կռիվ տալիս տերմինալի հետ, բոքսում էր, ինչպես ռինգում, հետն էլ՝ բազմահարկ հայհոյում (հայհոյանքը տերմինալին չէր ուղղված)։ Հարցրի՝ ի՞նչ է եղել, ասաց. «Հազար դրամս փախցրեց, կտրոնն էլ չի տալիս... Ես դրանց անասուն... »:
Ղարաբաղցիներին ժեխը չի սիրում, բայց հրաշալի խոսք կա ղարաբաղերեն՝ «պտկան ծաղկած»։ Ներկայիս իշխանությունն է։
Համլետ Մարտիրոսյան