ՀՀ արտաքին հետախուզության տարեկան զեկույցը կարդալիս՝ երկակի տպավորություն է ստեղծվում: Եթե այն կարդաս որպես մեկ այլ երկրի հետախուզության կամ հետազոտական կենտրոնի զեկույց-նախազգուշացում, ապա ամեն ինչ ճշմարտացի կթվա: Հայաստանի իշխանություններին կմնա միայն ադեկվատ որոշումներ ընդունել և չեզոքացնել, նվազեցնել հնարավոր մարտահրավերները: Բայց, երբ գիտես, որ դա հենց Հայաստանի արտաքին հետախուզության զեկույցն է, տարակուսում ես, թե ինչու է Փաշինյանի կառավարությունն անում տրամագծորեն հակառակը:
Անդրադառնամ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:
Նախ՝ բարձրագոչ հայտարարվում է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»: Սակայն անմիջապես ասված է, թե երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը «ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ»:
Այսինքն, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը «պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումներ» կատարեն, դա կխորացնի «լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկերը»: Ադրբեջանը նման քայլեր չի կատարում, նրա պատմական դաշնակիցն ինչպես եղել, այնպես էլ մնում է Թուրքիան: Բայց Հայաստանը հսկայական քայլերով հեռանում է իր պատմական դաշնակցային գործընկերներից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Իսկ եթե հաշվի առնենք նույն զեկույցում «արտացոլված» համաշխարհային վերադասավորումների և մարտահրավերների տրամաբանությունը, ապա ոչ մի այլ աշխարհաքաղաքական կենտրոն չի պատրաստվում մեր տարածաշրջանում լրացուցիչ պարտավորություններ ստանձնել՝ Հայաստանի շահերի սպասարկման ենթատեքստում:
Նույն բաժնում ասվում է, որ Ադրբեջանը շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ «կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը»։
Այսինքն, Ադրբեջանը ձգտում է հասնել ռազմական պատրաստության այնպիսի աստիճանի, որ, եթե, օրինակ, Հայաստանը չփոխի Սահմանադրուըթյունը, չկատարի դեմիլիտարիզացիա, չպայքարի «նախկինների ֆաշիստական նկրտումների» դեմ, սահմանազատումը չկատարի ադրբեջանական քարտեզներով, չվերադարձնի 300 հազար ադրբեջանցի «փախստականներին», միջանցք չտա ադրբեջանական պայմաններով, Հայաստանում հնարավոր ընտրական պրոցեսներում Փաշինյանի իշխանությունը պարտվի և այլն, Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ կլինի ռազմական գործողություններ իրականացնել:
Բա էլ ո՞ւր մնաց «լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում» բարձրագոչ հայտարարությունը:
Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք ասել. դա հավանական է բացառապես մի դեպքում՝ երբ Ադրբեջանի վերը նշված և դեռ նոր առաջադրվող բոլոր պահանջները Հայաստանի իշխանությունները բավարարեն:
Էդուարդ Սարիբեկյան