Եթե ք.պ. պատգամավորներին թվում է, թե ազգային կարգավիճակը իրենց միասնական գազոնային քվեարկությամբ է որոշվում, ուրեմն առավել ի քան տգետ են:
Գոյություն ունեն ազգային կարգավիճակին արժանանալու պահանջներ, որոնց համապատասխանում են կարգալույծ արված և մեր մշակույթը ըստ արժանվույն պահպանող և զարգացնող մշակութային հաստատությունները:
Բերեմ գրադարանների օրինակը, Եվրոպայում գործում է Ազգային գրադարանային ասոցիացիա, որին անդամակցում է, կամ արդեն ԷՐ, Հայաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանում միաժամանակ գործում են՝ Մոսկվայում՝ պետական գրադարանը, Սանկտ Պետերբուրգում՝ ազգային գրադարանը:
Այսինքն, սրանք միանգամայն տարբեր բաներ են և իրականացնում են միանգամայն տարբեր գործառույթներ:
Աշխարհի բոլոր երկրներում կան ազգային գրադարաններ, այսպես կոչված, մայր գրադարաններ:
Նույնիսկ հարևան բոլոր երկրներն ունեն ազգային գրադարաններ, իսկ դուք այս անիմաստ քվեարկությամբ առ ոչինչ ենք հռչակում մեր հազարամյա մշակույթը:
Այլ հարց է, որ ազգային բառն իր բնույթով խրվել է ոմանց կոկորդում: Առկա աներկբա աննախադեպ անտրամաբանական մոտեցմամբ, կարելի է նաև վերանայել Ազգային ժողովի անվան նպատակահարմարության հարցը, ասենք, Հայաստանի կամ, պարզապես, պետական ժողով կամ առավել ևս կնեսետ, միլի մեջլիս, պառլամենտ և այլ անվանակոչումներով:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.
Ազգային մշակույթը համամարդկային արժեք է, այն կրողներն ու պահպանողները՝ երախտավորներ, ժխտողներն ու մերժողները՝ ջարդարարներ: