1995-ի գարնանը Մյունխենի նույն բնակարանում էին տեղավորել Արմենին, ինձ և Աննա Կարապետյանին։
Մի քանի ամիս անց, երբ սկսվեց Ազատություն ռադիոյի տեղափոխումը Պրագա, աշխատակիցներն աստիճանաբար էին մեկնում, որպեսզի եթերը կանգ չառնի։
Արմենը Հայկական ծառայությունից մեկնողների առաջին խմբում էր։ Իրերը վերցրեց, հրաժեշտ տվեցինք, արդեն դուրս էր գալիս, ես ու Աննան գրեթե միաժամանակ բացականչեցինք՝ բա ա՞ղբը…
Մենք ո՛չ տեղը գիտեինք, ո՛չ տեսակավորելու ձևը. Մյունխենում դա բարդ գործ էր չիմացողի համար, միշտ Արմենն էր աղբը թափել բոլորիս փոխարեն։ Ցած դրեց իրերը, պատրաստակամ վերցրեց կուտակված աղբը, իջավ ներքև։ Վերադարձավ, իրերը վերցրեց, մի պահ կանգ առավ ու դառնացած ասաց՝ իմիջիայլոց, ես Համլետ եմ խաղացել։
Հետո առիթներ հաճախ եղան համոզվելու, որ դա կատակ չէր։ 114 դպրոցում էին բեմադրել «Համլետը», «Ռոմեո և Ջուլիետը», «Պիգմալիոնը»… Եվ բոլորում Արմենը գլխավոր դերն էր կատարել՝ Շեքսպիրի բնօրինակի լեզվով։ «Համլետն» անգամ Դրամատիկական թատրոնի բեմում էին խաղացել շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի հոբելյանին։ Արմեն Դուլյանը՝ Համլետի, Արմեն Սարգսյանը՝ Լաերտի, Դավիթ Շահնազարյանը՝ Տիբալտի, Նունե Սարգսյանը՝ Օֆելյայի (տե՛ս կից լուսանկարները)։ 1998-99-ին ես Ազգային հեռուստատեսությունում սյուժե արեցի այս բեմադրությունների մասին (շատ հետաքրքիր ու տարողունակ պատմություն է. այլ հայտնի դեմքեր էլ կային)։ Դուլյանը միշտ մի նոր նյուանս էր հիշում ու պատմում։ Օրինակ, Թաթուլ Ղարիբջանյանի դերը կրճատել էին Դրամատիկականում խաղալիս, ինքն էլ միայն վերջում ծաղիկներով զամբյուղն էր բերել, բայց երեկոյան «Համայնապատկերի» լուրերում ներկայացումից ոչ մի դրվագ չէին ընդգրկել, միայն Թաթուլի՝ զամբյուղ բերելը…Արմենը 2014-ին Համլետի մենախոսությունն արտասանեց նաև Դանիայում՝ համլետյան Էլսինոր դղյակում։ Եվ ահա, այս տխուր օրերին, երբ Արմենի գերեզմանի մոտ էինք հավաքվել, Արմենի եղբայր Լևոնի դուստրը՝ Karishok Dulyan-ը, որոշեց արտասանել Համլետի մենախոսությունը, դարձյալ՝ միջին անգլերեն։ Երկար կտորն անգիր է արել տարիներ առաջ, իր կամքով, հոգու կանչով…
Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ