Մի շաբաթ է, հայկական համացանցը ցնցվում էր զայրույթից ու վիրավորանքից․
Հանրապետության գլխավոր հրապարակում մի խումբ տղամարդիկ ազատ ու անկաշկանդ հրճվանքով երգում են ադրբեջաներեն, ծափ տալիս, և լսվում է «Կարաբախ» բառը:
Համացանցում և Ֆբ նամակատարով մարդիկ զայրացած գրառումներով, բորբոքված տարածում էին այդ տեսանյութը: Ինձ նույնպես ուղարկեցին։
Ցնցվեցի:
Նախ՝ ինչպե՞ս են սահմանն անցել, հայտնվել մայրաքաղաքում թշնամի երկրի մի խումբ քաղաքացիներ, որտե՞ղ են իջևանել , ո՞ր հյուրանոցում կամ մասնավոր հյուրատանը․նրանք աձնագիր են երևի ներկայացրել և ոչ ոք չի՞ անհանգստացել, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, ոչ ոք ԱԱԾ-ին չի՞ տեղեկացրել։
Կարո՞ղ է մեզնից որևէ մեկը հենց այդպես հեշտությամբ գնալ ադրբեջան, հասնել բաքվի կենտրոնական հրապարակ և հայերեն երգել, ու շուրջը անտարբեր մարդիկ կանգնած լինեն:
Հետո տարածվեց մի տեղեկություն, որին ես նույնպես հավատացի- իբր դա ֆոտոշոփ է, և որպես ապացույց՝ ասում էին, որ շրջապատի մարդիկ անշարժ կանգնած են և չեն շրջվում երգող- պարողների կողմը: Եվ իրոք,մի քանի քայլ հեռու կանգանած էին երևանցիները՝ քարացած ու անտարբեր:
Շատ զարմանալի ու զայրանալի է:
Թվում է, թե ֆոտոշոփի տարբերակը հավանական էր և անգամ ցանկալի:
Ես տարածեցի այդ «տեղեկությունը», որպեսզի ընկերներս գոնե գիշերը տագնապների մեջ չլինեն:
Բայց ո՛չ, ԱԱԾ-ն աշխատում է․․․
Առավոտյան ԱԱԾ-ն պաշտոնական հայտարաությամբ հերքեց ֆոտոշոփը, հաստատեց, որ իսկապես եղել են այդ երգող տղամարդիկ, բայց նրանք ոչ թե ադրբեջանցիներ են, այլ Իրանի քաղաքացիներ են և ափսոսանքով երգում են «Կարաբաղ» երգը, որ Հայաստանը կորցեց Ղարաբաղը:
Հետո տարածվեց Azat.News-ի գրառումը, կարդում եմ․
«Հրապարակում երգվող երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն ու նաև ադրբեջանական թիվիներ նայող միջին վիճակագրական թավրիզցին գիտի՝ ոչ շատ ընտիր ու ոչ առանց սխալների։
Ժամանակին մեզ համար էին նաև երգում Թավրիզի փողոցներում ՝ որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։
Մի քանի տարի առաջ նույնիսկ նկարել ենք ու պիտի որ մնացած լինի»:
Հայտնի չէ, թե ո՞վ է այս «հուշի» հեղինակը, սակայն ենթադրվում է, որ ինչ -որ պաշտոնական անձ կամ անձինք են, որ գործուղման են գնացել Թավրիզ, և թավրիզցիները երևի մեր հայ պաշտոնյաների ձեռքին տեսել են ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» պարսկերեն ցուցանակը և աջակցել են հայերին։
Մինչդեռ ադրբեջանում ինտենսիվորեն այդ տեսանյութը տարածում էին համացանցում:
Ես մտա առաջին պատահած ադրբեջանցի օգտատերերի ՖԲ էջ և տեսա այդ երգող տղամարդկանց և պատճենեցի գրառումը․ ահա այն․
«Bir qrup cənubi azərbaycanlı Ermənistanın paytaxı İrəvanda “Qarabağ” mahnısını oxuyub.
Bunu əks etdirən görüntürlər erməni teleqram kanallarında yayılıb.
Görüntülər İrəvanın Respublika meydanında lentə alınıb.
Həmin anın videosunu təqdim edirik»:
(Թարգմանությունը կատարեցի Google –ով:
«Մի խումբ ադրբեջանցիներ Երևանում երգել են «Կարաբախ» երգը:
Այս մասին ցուցանդրվող տեսանութը շրջանառվել է հայկական Թելեգրամ ալիքներում:
Կադրերը ձայնագրվել են Երևանի կենտրոնական հրապարակում։
Ահա մի տեսանյութ այդ պահից.․․»:
ՈՒրեմն այսպես․ պարզվում է՝ ԱԱԾ ունե՛նք, և ԱԱԾ-ի մեր տղերքը գնացել, բարևել են «իրանցի» տղերքին, քեֆ-հալ են հարցրել, ծանոթացել են, ուրախացել են, որ Իրանի քաղաքացիները ուրախ- զվարթ երգում ու պարում են, որ Ղարաբաղը «ափսոս բռնակցվել է ադրբեջանին․․․»։
Մեկնաբանություն գրե՞մ, թե՞ ամեն ինչ պարզ է՝ «առանց խոսքի»:
Չէ՛, գրեմ։
Նախ՝ տոնականորեն զարդարված Հանրապետության հրապարակում եթե հանկարծ մի խումբ հայեր համարձակվեին երգ ու պար անել, հաստատ շարքային քաղաքացիները կմիջամտեին, կամ գուցե կգտվեին հայրենասեր հայեր և կմիանային նրանց, կերգեին «Ղարաբաղ» երգը, կա՛մ ոստիկանները կարգի կհավիրեին:
Բայց օտարերկրացիները՝ տվյալ դեպքում անկախ ազգությունից, օտար երկրի գլխավոր հրապարակում երգում- պարում- ուրախանում են՝ ասես միտումնավոր, և ոչ ոք կարգի չի՞ հրավիրում նրանց, էլ չեմ ասում մեր ժողովրդի համար ցավոտ մի խնդրի շուրջ մեր թշնամու լեզվով երգում են ու հրճվում: Շուրջը համատարած անտարբերություն է, նրանց կողքով անցնում են հայ քաղաքացիներ, հեռվում ոստիկաններ էլ են երևում, մարդիկ անգամ չեն շրջվում, որ տեսնեն ու լսեն, թե ովքեր են այդ քեֆչիները:
Մեր ժողովրդի այս ցավագին արձագանքից գուցե համացանցում անվայել խոսքեր էլ են գրվել, ես այսօր իմացա, որ իբր ԱԱԾ տնօրենը հայտարարել է, թե Հայաստանում թուրքերի հասցեին վիրավորական խոսքեր ասողները կենթակվեն պատասխանատվության:
Ժողովրդի ասած՝ տեղ հասանք:
Սպասենք ԱԱԾ տնօրենի հայրենասիրական նոր հայտարարությանը:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Հ․Գ․
Այս ցնցող տեսանյութ- միջադեպին հետևեց ոչ պակաս մեկ ուրիշ ցնցում․
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախկին դասախոս Ղարիբ Բաբայանը Ֆեյսբուքում տեղադրել էր Իրանի քաղաքացի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրությունը և արդարացիորեն հարց է տվել․ ո՞ւր են մեր ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները:
Այդ տեղին և իմաստավորված հարցը դարձավ նրա ձերբակալման առի՞թ․ թե՞ պատճառ։
Համաժողովրդական ճնշմամբ դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:
Մենք վստա՞հ ենք, որ այդ «երգչախումբը» չէր ուղղորդվում մեր թշնամի պետության կաղմից:
Ես իմ այս հոդվածում նույնպես այդ հարցն եմ տալիս, պարոնա՛յք ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, դուք իսկապե՞ս պատասխանատվություն չեք զգում մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու հարցում․դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ պատերազմող երկու պետություններում սահմանները բաց լինեն թշնամու կամ նրա դաշնակիցների համար և նրանք իրենց գործակալներին ուղարկեն, որպեսզի նրանք խժդժություններ կազմակերպեն:
Օրինակներ շատ կարելի է բերել:
Մի դիտարկում ևս․վարչապետը ամենուրեք Հայաստանը ներկայացնում է ժողովրդավար պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության անվերապահ ապահովող իշխանությամբ, մինչդեռ ահա այսպիսի դիպվածներով դուք ճիշտ հակառակն եք ապացուցում. սահմանափակումներ են դրվում ազատ խոսքի և այն իրացնելու մարդու իրավունքների վրա որոշակի քաղաքական նպատակներով: ․
Մութ չէ, ամեն ինչ երևում է: