Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները
08.02.2025 | 22:17

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջել է փակել Բաքվում «Ռուսական տունը»…

Դրա նախօրեին՝ փետրվարի 5- ին, Ադրբեջանը հայտնել էր Ուկրաինային 1 միլիոն դոլար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին (կասկածից գրեթե դուրս է, որ Ուկրաինան այդ գումարն օգտագործելու է ռազմական նպատակով), իսկ անցյալ տարեվերջին հայտարարել ռուսաստանցիների՝ երկրում առանց վիզայի գտնվելու ժամկետը փոխադարձության սկզբունքով սահմանափակելու մասին: Վերոնշյալ պահանջին ու դրա հետ կապված զարգացումներին կանդրադառնանք քիչ հետո:

Ադրբեջանը և Ռուսաստանը միմյանց ռազմավարական գործընկերներն են, բայց Ադրբեջանը Ռուսաստանին իրականում ընկալում է որպես թշնամի է, համարում է այդպիսին, թեև հազվադեպ է այդ մասին արտահայտվում: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից է Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին, այլև ժողովրդի մեծամասնության: Ռուսաստանը դժվար թե այս մասին չիմանա, եթե նույնիսկ չգիտե էլ, առաջիկայում կհամոզվի:

Ինչպե՞ս է Ռուսաստանն ընկալում Ադրբեջանին, իրականում համարում է ռազմավարական գործընկեր ու բարեկա՞մ, թե նույնպես, անկախ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքից, այցելություններից, դիվանագիտական, քաղաքական շփումներից, հայտարարություններից, նույնպես թշնամի է համարում, որի մասին չի հայտարարում, բայց երբ գա համապատասխան պահը, ոչ միայն կհայտարարի, այլև կգործի համապատասխանաբար, կամ ոչ թե կհայտարարի, այլ կգործի… Ի դեպ, երբ խոսքը Ռուսաստանի մասին է, պետք է գիտակցել, որ այն մեծ երկիր է… Ռուսաստանի քաղաքական, միգուցե նաև ռազմական վերնախավում Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ շատ հնարավոր է, որ նույն կարծիքն ու վերաբերմունքը չկան, մանավանդ, եթե նկատի ունենանք ՌԴ- ում ադրբեջանական և թուրքական վաղուց գոյություն ունեցող հզոր լոբբին ու նրա հարաճուն ակտիվությունը:

Հզորների (որպես այդպիսին, իհարկե, Ադրբեջանը նկատի չունենք) աշխարհաքաղաքական «խաղը» հավանաբար հասել է մի հանգրվանի, երբ Ադրբեջանը կարծես թե որոշել է այլևս, ինչպես ասում են «բաց խաղալ»: Հնարավոր է, որ դրան նպաստել է նաև ադրբեջանական «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված պատմությունը…

Ռուսաստանը և Թուրքիան թեև նույնպես գործընկերներ են, ի տարբերություն Ադրբեջանի, ոչ ռազմավարական, սակայն այս հանգամանքը, ինչպես նաև Էրդողանի նկատմամբ Պուտինի վերաբերմունքը Թուրքիայի նախագահին և Անկարային չխանգարեցին ՌԴ- ի նկատմամբ Սիրիայի հարցում վարվել այնպես, ինչպես վարվեցին ու շարունակում են վարվել՝ փորձելով հասնել նրան, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջեն երկրից հանել «Խմեյմիմ» ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան:

Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես Ռուսաստանին իրականում ընկալում է որպես թշնամի է, առանց հայտարարելու, համարում է այդպիսին՝ անկախ Պուտինի հետ Էրդողանի ձեռքսեղմումներից, կեղծավոր ժպիտից, բարեմաղթություններից, հայտարարություններից, տնտեսական և ռազմական ոլորտներում գործարքներից, և այս ամենի մասին Մոսկվայում, իհարկե, գիտեն:

Մոսկվան նույնպես շատ լավ հասկանում է, ոչ միայն անցյալի բազմաթիվ պատերազմներից, այլև ներկայի իրողություններից գիտե, որ Թուրքիան իր խորքային թշնամին է, քաջածանոթ է պանթուրքական ծրագրին, Անկարայի նկրտումներին, մեր հանրությանը հայտնի և անհայտ քայլերին… Սակայն ելնելով իրավիճակի սթափ, իրատեսական գնահատումից, իր իսկ անվտանգությունից ու շահերից, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, Ռուսաստանը Թուրքիայի հետ դիվանագիտորեն բարեկամություն, քաղաքականություն է «խաղում»՝ առժամանակ խուսափելով հակամարտությունից, բախումից, պատերազմից, այն հնարավորինս հետաձգելով հարմար պահի, երբ կլինի համապատասխան իրավիճակ, քանի որ սովորական սպառազինությամբ միանգամից չի կարող կռվել երկու ճակատով՝ և՛ Ուկրաինայի հետ, և՛ Թուրքիայի հետ, որոնց երկուսի հետևում էլ հավաքական Արևմուտքն է:

Կարծում ենք, իրավիճակին քիչ թե շատ տեղյակ, գիտակ ընթերցողին հասկանալի է, որ Ուկրաինայի և Թուրքիայի հետ միաժամանակ պատերազմելու դեպքում ՌԴ- ի պարտությունը և նույնիսկ կործանումը երաշխավորված են, ստիպված կիրառելու է մարտավարական միջուկային զենք, իսկ թե միջուկային զենքի կիրառումը ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիայի նկատմամբ ինչ հետևանքներ կարող է ունենալ, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի:

Ադրբեջանի իշխանություններն իսկապես պահանջել են փակել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո» – ի ներկայացուցչությունը («Ռուսական տունը»), դա կապված է «Ռուսական տան» իրավաբանական գրանցման բացակայության հետ, հաստատել է «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Եվ Ադրբեջանի Հանրապետությունում մեր ռուսական դեսպանատունը, և մեր ներկայացուցչությունը, և արտաքին գործերի նախարարությունն այս բոլոր տարիներին բազմիցս դիմել են արդարադատության նախարարությանը, Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ- ին՝ գրանցման հարցում օգնելու խնդրանքով։ Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, սակայն մեր բոլոր կոչերը մնացին անպատասխան»,- РБК– ի փոխանցմամբ , ասել է Պրիմակովը և հավելել, որ Բաքվում «Ռուսական տան» աշխատանքի հարցի լուծումը միշտ եղել է Ադրբեջանի կողմում:

Սակայն, ինչպես արդեն հասկանում ենք, վերը շարադրվածից, Բաքուն չցանկանալով երկրում «Ռուսական տան» ներկայությունը և գործունեությունը, միտումնավոր չի լուծել կազմակերպության իրավաբանական գրանցման խնդիրը:

Բաքվի «Ռուսական տունը» ներկայացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի շահերը։ Այն ստեղծվել է 1997թ. հուլիսի 3-ին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ «Ռուսական տան» աշխատանքի հիմնական ուղղություններն են Ադրբեջանում ռուսական մշակույթի, գիտության և կրթության խթանումը, ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը, հայրենակիցների աջակցությունը, երիտասարդական նախագծերի, միջազգային զարգացման աջակցությունը, պատմա- հուշային գործունեությունը: Պրիմակովի խոսքով՝ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ։

«РИА Новости»– ի տեղեկացմամբ , «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավարը նշել է, որ Բաքվում «Ռուսական տան» վարձակալած շինության սեփականատերը, հայտնել է, թե վաճառում է այն և առաջարկել է հեռանալ մեկուկես ամսվա ընթացքում: Պրիմակովը հույս է հայտնել, որ Ադրբեջանը համարժեք լուծում կգտնի ռուսական մշակութային կենտրոնի հարցում: Այժմ աշխատանքներ են ընթանում արտաքին գործերի նախարարությունների գծով։

Ադրբեջանական «Report» պարբերականը հղում անելով իր աղբյուրներին, հինգշաբթի հայտնել էր, որ Բաքուն Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել երկրի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեության դադարեցման մասին: Խոսքն Ադրբեջանի ԱԳՆ- ի նոտայի մասին է, որում նշված է, որ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունը՝ ռուսական տեղեկատվական- մշակութային կենտրոնը, որը ժողովրդականորեն կոչվում է «Ռուսական տուն», ըստ տեղական օրենսդրության պահանջի, գրանցված չէ որպես իրավաբանական անձ:

«Մեր երկիրն ինքն է դոնոր դարձել և դրսից օգնության կարիք չունի»,- մեջբերել է իր զրուցակցի խոսքերը «Report»-ը:

Դրանից քիչ առաջ Բաքուն պահանջել էր նաև երկրում փակել ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության ծրագիրը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն Վաշինգտոնին ծանուցում է ուղարկել հանրապետությունում ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության դադարեցման մասին:

Իսկը թուրքի խորամանկություն ու դիվանագիտություն… ՌԴ- ին ցույց տալու համար, թե իրենք երկրում ոչ միայն ռուսական, այլ ամերիկյան այսօրինակ ներկայությանն են դեմ, «Ռուսական տունը» փակելու պահանջից առաջ Բաքուն հայտարարել է, որ Վաշինգտոնին ծանուցում է ուղարկել հանրապետությունում ԱՄՆ- ի USAID- ի գործունեության դադարեցման մասին՝ նախապես իմանալով, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն այս կազմակերպության գործունեությունը դադարեցրել է, և ինչպես Թրամփը, այնպես էլ ԱՄՆ- ի կառավարության արդյունավետության բարձրացման նորաստեղծ դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը մտադիր են հասնել USAID- ը փակելուն: Այսինքն՝ «Ռուսական տան» հարցերը լուծելու համար ճիշտ պահից են օգտվել:

«Համեմատելը մեզ՝ Բաքվում «Ռուսական տանը», USAID- ի հետ, ընդհանրապես չի դիմանում ոչ մի քննադատության։ Մենք երբեք չենք զբաղվել և չենք զբաղվում որևէ քաղաքական հարցով։ <…> Դա երբեք մեզ մոտ չի եղել»,- ընդգծել է Պրիմակովը։

«ՌԻԱ Նովոստի»- ին Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունից հայտնել են աշխատանքը «նորմալ ռեժիմով» շարունակելու մասին: Առայժմ…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ