Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 2

Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 2
12.02.2025 | 09:37

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանի ԱԳՆ- ն, ինչպես արդեն նշել ենք, պահանջում է փակել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի շահերը ներկայացնող, տեղեկատվական- մշակութային կենտրոն հանդիսացող Ռուսական տունը, դադարեցնել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը՝ պատճառաբանությամբ, որ Բաքվում Ռուսական տունն իրավական գրանցում չունի:

Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտնել է, որ Բաքուն 2025թ. փետրվարի 3- ին նոտա է հղել Մոսկվային՝ Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Բաքվում գտնվող Ռուսական տունը «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունն է, որը հիմնադրվել է 1997թ. հուլիսի 3-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջկառավարական համաձայնագրի հիման վրա, այսինքն՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը Հեյդար Ալիևն էր:

Ադրբեջանի ԱԳՆ- ում պնդել են, որ Ռուսական տունն Ադրբեջանում գրանցված չէ որպես իրավաբանական անձ, իսկ կազմակերպությունը «լրջորեն խախտել է երկրի օրենսդրությունը»: Սակայն «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովը պնդել է, որ Բաքվում Ռուսական տունը, ՌԴ դեսպանատունը, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարությունը բազմիցս դիմել են Ադրբեջանի արդարադատության նախարարությանը և ԱԳՆ- ին Ռուսական տան գրանցման, գրանցման հարցում օգնության համար, սակայն բոլոր դիմումներն անպատասխան են մնացել: Ընդ որում, ռուսական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնել կատարել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

«Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, սակայն մեր կոչերն անպատասխան են մնացել»,- հավաստել է Պրիմակովը:

Բաքուն միտումնավոր չի գրանցել Ռուսական տունը

Վերոնշյալից արդեն իսկ պարզ է, որ Բաքուն ելնելով Ռուսաստանի հետ իրականում ոչ բարեկամական հարաբերություններից, միտումնավոր չի գրանցել Ռուսական տունը, որպեսզի երբ ցանկանա, երբ համարի, որ եկել է համապատասխան պահը, այն փակելու պահանջի պատճառաբանություն ունենա: Թեև Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել Ռուսական տունը վերոնշյալ՝ Ադրբեջանում գրանցված չլինելու պատճառաբանությամբ, սակայն բուն պատճառն ամենևին էլ դա չէ…

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի հիշյալ նոտայից 3 օր անց՝ փետրվարի 6- ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է «կատարել անհրաժեշտ գործողությունները Ռուսական տան գրանցումն ավարտելու համար», և դա անել Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան: Նա տվյալ հարցի դրական լուծման հույս է հայտնել՝ ասելով, որ ռուսական իշխանությունները հույս ունեն լուծել Բաքվում Ռուսական տան գրանցման հետ կապված իրավիճակը: Մինչդեռ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն տեղական ԶԼՄ- ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից պատասխան քայլեր է ակնկալում Բաքվում Ռուսական տունը փակելու վերաբերյալ հղված պաշտոնական նոտայից հետո, այսինքն՝ Ռուսական տունը փակել, ճամպրուկները հավաքել ու հայդա՜…

«Ելնելով Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին ադրբեջանական կողմի որոշումից, ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է ( ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ադրբեջանը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ

Բաքվում հայտարարելով, որ իշխանությունները չեն ցանկանում որևէ պետության կողմից իրենց ներքին գործերին միջամտություն, ՌԴ- ի նկատմամբ այս շինծու մեղադրանքով ցույց են տվել, որ իրականում Ռուսաստանին կամ ՌԴ ղեկավարության քաղաքականությանն են դեմ: Ադրբեջանական «Report» պարբերականը հայտարարելով, որ Ռուսական տունը կդադարեցնի իր գործունեությունը հանրապետության տարածքում, գրել է, որ Ադրբեջանն այդպիսով պաշտպանում է իր ազգային շահերը, տեղական իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժի երկրի ներքին գործերին միջամտությունը։

«Մեր երկիրն ինքն է դոնոր դարձել և դրսից օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը բացահայտ հետախուզական բնույթ է կրում»,- հայտնել է «Report»- ի աղբյուրը:

Պարզվում է, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի և Բաքվում Ռուսական տան նկատմամբ այս հերյուրանքը նոր չէ: Газета.Ру- ի տեղեկացմամբ, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավարը նշել է, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, մասնավորապես Baku.tv հեռուստաալիքը մեկ անգամ չէ, որ քննադատել են Ռուսական տունը։ Այս տարվա հունվարին հեռուստաալիքը նյութ է հրապարակել, որում պնդել է, որ կազմակերպությունը ռուսական մշակույթի առաջխաղացման պատրվակով զբաղվում է լրտեսությամբ։ Պրիմակովը հայտնել է տվյալ լրատվամիջոցի դեմ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ դատական հայցի նախապատրաստման մասին:

Հեռուստաալիքի կողմից այս հերյուրանքի կամ, ավելի ճիշտ, հանցագործության մասին սուտ մատնության հրապարակումից հետո ՌԴ- ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան դժգոհություն են հայտնել այդ մեղադրանքների կապակցությամբ: ՌԴ արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Մուստաֆաևի հետ զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսական տունը փակելու պահանջով Մոսկվային նոտա հղելուց 2 օր հետո՝ փետրվարի 5- ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 1 մլն դոլար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Հրամանագրի համաձայն՝ միջոցներն օգտագործվելու են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումներ գնելու և Ուկրաինա ուղարկելու համար՝ մարդասիրական օգնության շրջանակներում։

2024թ. վերջին Ադրբեջանից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 40 մլն դոլար։ Ավելի վաղ, 2023թ. հուլիսին Ալիևը նաև 7,6 մլն դոլարին համարժեք մանաթ է հատկացրել Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինա Էլեկտրասարքավորումներ գնելու և ուղարկելու համար։ Այս սարքավորումներն ուղարկվել են հինգ առանձին խմբաքանակներով: Ստացվում է, որ Ռուսաստանը զենքի, ռազմական տեխնիկայի, մարդկային կյանքերի գնով շարքից դուրս է բերում Ուկրաինայի էլեկտրասարքավորումները, իսկ Ադրբեջանը վերականգնում Ուկրաինայի կորցրածը, որպեսզի ՌԴ- ի հետ պատերազմող երկիրը հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա արտադրել նաև իր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների համար:

Հատուկ ռազմական գործողության սկզբում Ալիևն ընդգծել է՝ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Նա հայտարարել է, որ Բաքուն անթույլատրելի է համարում միջազգային իրավունքի սկզբունքների կիրառման հարցում ընտրողականությունը: Ալիևի խոսքով՝ այդ սկզբունքները չպետք է խեղաթյուրվեն հանուն քաղաքական գերազանցության։

Կրեմլը Բաքվում ռուսական տան փակման մասին

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Կրեմլը Բաքվում ռուսական տան փակումը համարում է «թյուրիմացություն, որը կհաջողվի կարգավորել»:

«Սա թյուրիմացություն է, և մենք ցավում ենք»,- ասել է Պեսկովը:

Թյուրիմացությո՞ւն, լո՞ւրջ է ասված… Ովքեր ճանաչում են ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին,, բնավ չեն զարմանա նրա այս գնահատականի առնչությամբ:

Իրավիճակն ամբողջությամբ կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ տեղի ունենան բարձր մակարդակի շփումներ. այս մասին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Անշուշտ, մենք այդ հարցը տարբեր մակարդակներով ենք դնելու մեր գործընկերների առաջ,- ասել է Պեսկովը:- Եթե բարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել նաև երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ»։

Ինչպես ասում են, կենացները գնալով թնդանում են

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ- ն Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին (իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Պետդումայի համանուն խմբակցության անդամ) ներառել է անցանկալի անձանց ցուցակում, որոնց մուտքն արգելված է երկրի տարածք: Ի դեպ, սա Բաքվի կողմից ՌԴ Պետդումայի պատգամավորներին թիրախավորելու առաջին դեպքը չէ, հավանաբար վերջինն էլ չի լինի:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ