«Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն:
ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո:
ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»,- ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պատահական չեմ համարում, որ Երրորդ հանրապետությունը պետք է ազգային ողբերգության առաջ կանգներ հենց նման մտածողություն ունեցող ղեկավարի պաշտոնավարման շրջանում:
Հնարավոր է ուրանալ սեփական պետությունը, սակայն ոչ թե պետության ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում:
Հնարավոր է լինել տգետ, բայց չի կարելի այնքան հանդուգն լինել՝ այդ «առաքինությունը» պետության առաջնորդի դիրքերից ցուցադրելու համար:
Մեր Հանրապետությունը 88-ի համազգային շարժման ծնունդ է, հայ քաղաքական նոր մտքի, որը հաջողությամբ ձեռնոց նետեց թե համայնավարական տոտալիտար մտածողությանը և թե, այսպես կոչված, ավանդական հայդատականությանը:
Առանց նման պատմական բեկման՝ չէին լինի ոչ Հանրապետության քաղաքակրթական հենքը, ոչ էլ հաղթանակն արցախյան առաջին պատերազմում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ