Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կժամանի Հայաստան՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: Բաքվում ամերիկյան և ադրբեջանական կողմերը երեկ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։               
 

Մեզ բինտ է պետք

Մեզ բինտ է պետք
13.01.2026 | 12:15

1990 թվականի ամառն է։ Արցախը խեղդվում է շրջափակման մեջ։ Հայաստանի հետ հաղորդակցվում ենք միայն օդային ճանապարհով։ Քաղաքի խանութները

դատարկ են, պահեստները՝ նույնպես։ Մանկապարտեզներում արդեն սնունդի կարիք է զգացվում, և ես իմ առաջարկությամբ գործուղվում եմ Երևան, քաղգործկոմի նախագահին ներկայացնում եմ Ստեփանակերտի մանկապարտեզների և դպրոցների վիճակը։ Որոշում է ընդունվում նույն օրը ժամը երեքին հրավիրել խորհրդակցություն քաղաքի մեծ գործարանների տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցությունը կայանում է։

Տնօրենները մեծ ոգևորությամբ են ընդունում գործկոմի նախագահի Արցախին օգնելու առաջարկը։

Ցույցերի կազմակերպիչները խեղճերին անվանում էին սովետի ծառաներ և հիմա պատեհ առիթ էր ներկայացել իրեց դրսևորելու, որպես նրանցից ոչ պակաս հայ։ Պայմանավորվածությունը կայացավ և մեկ շաբաթից Էրեբունի օդանավակայանից մեկնարկեց օգնության հսկայական պաշարի առաքում Ստեփանակերտ։ Ամեն մի գործարան իր հովանավորության տակ էր վերցրել մի մանկապարտեզ և մի դպրոց։ Իմ մանկապարտեզի հովանավորը դուրս եկավ Չարբախի կահույքի ֆաբրիկան և ես հաջորդ օրը այցելեցի տնօրենին, որի ազգանունն եմ հիշում՝ Ղազարյան։

Նա ինձ ցույց տվեց ցեխերն ու պահեստները։ Ես մի պահեստում նկատեցի հսկա տակառի չափ մառլյայի կույտ, շրջվեցի դեպի տնօրենը և հարցրի.

- Այս մառլյան կարո՞ղ եք տալ ինձ։

Նա զարմացած նայեց ու հարցրեց.

- Այդքանն ինչ եք անելու։

- Մեզ բինտ պետք կգա,- հանգիստ ասացի ես։

Ղազարյանը քարացած նստեց արկղի վրա ու կակազելով հարցրեց.

- Դուք համոզվա՞ծ եք։

- Իհարկե,-պատասխանեցի ես։

Արցախում մենք արդեն հասկացել էինք, որ մեզ դաժան ու անհավասար պատերազմ է սպասում։

Ղազարյանը կանչեց արհկոմի նախագահին և հրամայեց հավաքել ցեխերից քաղ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր իրերն ու սանիտարական պարագաները։

Չեմ մոռանում ՝ արհկոմի տարեց նախագահը գրպանից հանեց վալիդոլի հաբերն ու գցեց դեղերի արկղի մեջ։

Մենք դուրս եկանք ֆաբրիկայից, տնօրենի տրամադրությունն ընկած էր։

Երբ ցատկեցի բեռնատար կամազի խցիկը՝ նա մոտեցավ ու ասաց.

- Հիշու՞մ եք ուզբեկական, թե՞ տաջիկական մի ֆիլմ կար՝ «Երբ կինը ձի է նստում» վերնագրով։

Ես ծիծաղեցի.

- Իհարկե հիշում եմ, բայց այնտեղ այդ կնոջը բասմաչները կապեցին սայլի անիվներին և գլորեցին ձորը։ Նրանց համար անընդունելի էր ասիական կնոջը տեսնել կոլտնտեսության նախագահի պաշտոնում։ Իսկ հայ կանայք միշտ իրենց ազգի զինվորն են եղել։

Անցան օրեր։ Օգնությունը դարձավ փրկություն այդ ամիսների համար,ի սկ մառլյան օրերով իմ աշխատակիցները նստում էին և

զոլակներ սարքում, որը դուք գիտեք ինչի պետք եկավ։

Որոշ ժամանակ անց նորից Երևանում էի և որոշեցի գնալ տեսնել Ղազարյանին։ Մուտքով մտա ներս և շանթահարված կանգ առա՝ Ղազարյանի մեծադիր նկարը սև երիզով դրված էր ծաղիկների մեջ։

Իմացա։ Մարդը հանկարծամահ էր եղել։ Քարտուղարուհին արտասվելով պատմում էր, թե նա ինչքան էր հիշում բինտի պատմությունը և ինչքան էր զարմացած իմ սառնասիրտ պատասխանի վրա։

Ես դուրս եկա։ Ինչ որ բան ճզմում էր իմ հոգին։

Հո մեղավոր չե՞մ եղել նրա մահվան մեջ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ