Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Մեր վերջին լուսանկարը

Մեր վերջին լուսանկարը
07.03.2026 | 12:11

Ցավոք, չտեսար այս նկարը։

Գրպանումս մի փոքրիկ տուփ կար՝ ոսկե սրտիկով, որը պիտի դառնար մեր անցյալի ու ապագայի միակ կամուրջը։ Երբ այն մեկնեցի քեզ, աչքերդ փայլեցին, բայց այդ փայլի տակ թաքնված էր մի անասելի տխրություն, որը ոչ մեկս չէր համարձակվում բարձրաձայնել։

- Եկ նկարվենք վերջին անգամ…,- ասացիր դու, ու ձայնդ մի պահ դողաց։ Մենք գիտեինք, որ այդ նկարը սովորական լուսանկար չէ։ Դա մեր վերջին ընդհանուր վայրկյանն էր՝ սառեցված թղթի վրա, հետո դու պիտի ճամփորդեիր հազարավոր կիլոմետրեր ու ինձնից հեռու մնայիր երկար տարիներ։ Երկու օրից քեզ սպասում էր անհայտությունը, ինձ՝ քո բացակայությամբ դատարկված քաղաքը։

Այդ երեկո մենք փորձում էինք կատակել, որպեսզի չխեղդվենք լռությունից։

- Եթե տղա ունենամ, քո անունն եմ դնելու,- ժպտալով ասացիր դու։

- Իսկ դու, եթե աղջիկ ունենաս, իմ անունը կդնես։ «Տարիներ անց Աստծու կամքով ծնվեց աղջիկս։ Աղջկաս ու նրա ծննդյան օրը համընկել էր»։

Եվ այդ պահին երկուսս էլ ծիծաղեցինք։ Գուցե այդ խոսքերը մի քիչ մանկական էին, բայց դրանց մեջ այնքան անկեղծություն կար։ Մենք ուզում էինք, որ նույնիսկ եթե տարիները մեզ հեռացնեն, մի փոքրիկ բան մնա, որը կհիշեցնի մեր մասին։ Որ երբ մեր երեխաներին կանչենք իրենց անուններով, մի պահ հիշենք իրար։ Որ մեր սերը, թեկուզ ուրիշ կյանքի մեջ, շարունակվի նրանց միջոցով։ Հետո դու լուռ հարցրեցիր.

- Իսկ եթե տարիներ անց հանկարծ հանդիպենք, ի՞նչ կասենք իրար։

Կգամ աղջկաս հետ, կծանոթացնեմ քեզ հետ ու կասեմ.

Աղջկաս անունը քո անունն է… գողացել ենք, որ միշտ հիշենք քեզ։

Դու ծիծաղեցիր, հետո ասացիր

Գիտե՞ս… ես քեզ խենթի նման սիրել եմ։ Սիրել եմ այնպես, որ տարիներն անցել են, բայց չեմ կարողացել քեզ մոռանալ։ Այնքան, որ ժամանակը չկարողացավ ոչինչ ջնջել։ Երկու օր անց դու պիտի մեկնեիր։ Խնդրեցիր, որ անպայման գամ օդանավակայան՝ քեզ ճանապարհելու։

Եկա օդանավակայան՝ ձեռքիս քո սիրած վարդերը։ Քայլերս ծանր էին, իսկ սիրտս՝ ավելի ծանր։ Մոտեցա ձեզ, մայրիկդ գրկեց ինձ ու լաց եղավ։ Այդ պահին ես էլ չկարողացա զսպել ինձ․ աչքերս խոնավացան։ Ծաղիկները մեկնեցի քեզ, իսկ դու փաթաթվեցիր ինձ այնպես, կարծես ուզում էիր այդ գրկախառնության մեջ պահել մեր բոլոր հիշողությունները։ Բաժանումը շատ ծանր էր։ Քայլեցիր դեպի օդանավը, բայց մինչև հասնելը շուռ եկար։ Ձեռքիդ վարդերը թեթև տարուբերեցիր՝ այդպես հաջողություն ցանկանալով։ Քո աչքերը լացով էին լցված…

Ինքնաթիռը կամաց-կամաց փոքրացավ ու անհետացավ իմ տեսադաշտից։ Ես շուռ եկա, մոտեցա մի անծանոթ մարդու ու սիգարետ խնդրեցի։ Ձեռքերս դողում էին, բայց կարողացա վառել ու ծխել։ Այդ ծուխը կարծես փորձում էր թաքցնել այն դատարկությունը, որ մնացել էր սրտումս։ Անցան տարիներ միայն մեկ անգամ հայրական տան հասցեով նամակ ուղարկեցիր առանց հետ հասցեի։ Սոցցանցերով երկար տարիներ փնտրում էի քեզ։ Ամեն անգամ զարմանում էի, որ քեզ չեմ գտնում, բայց ներսումս միշտ զգում էի՝ դու կա՛ս, ինչ-որ տեղ ապրում ես այս աշխարհում։ Միայն մի հարց էր տանջում ինձ՝ ինչու՞ ես ինձ համար անհասանելի։

Տարիներ անց պատահաբար մի անծանոթի էջում տեսա քո նկարը։ Սիրտս արագ սկսեց բաբախել։ Նայեցի նրա ընկերների ցուցակը և վերջապես գտա քեզ։ Բայց նորից զարմացա․ քո անուն-ազգանունը փոխված էր, կարճ ու կիսատ էր գրված, կարծես հատուկ այնպես, որ քեզ դժվար գտնեն։

Ոգևորված գրեցի քեզ։ Սպասեցի… նորից գրեցի… ու ամեն օր սպասում էի պատասխանիդ։ Բայց պատասխան չեկավ։ Մի օր պատահաբար կարդացի քո ընկերուհիներից մեկի գրառումը։ Այդ պահին սիրտս սառեց… Պարզվեց՝ դու արդեն հինգ տարի է, ինչ այս աշխարհում չկաս։

Գրեցի քո ընկերուհիներին։ Նրանցից մեկը պատասխանեց ու պատմեց այն ամենը, ինչ գիտեր քո մասին։ Իսկ վերջում ավելացրեց մի նախադասություն, որը երկար ժամանակ հնչում էր գլխումս․

«Նա շատ դժբախտ կյանք ունեցավ… Ամուսնացավ, բայց երեխաներ չունեցավ»։

Եվ այդ պահին իմ մեջ հազարավոր հարցեր ծնվեցին։

Ինչո՞ւ… ինչո՞ւ… ինչո՞ւ…

Բայց այդ «ինչուների» պատասխանները այդպես էլ չգտա։

Արդեն քո մահից անցել է տասներկու տարի։ Դու հիմա միայն հիշողություն ես։ Բայց իմ հիշողության մեջ միշտ մնացիր այն նույն աղջիկը՝ մի քիչ ուրախ, մի քիչ թախծոտ, այն աղջիկը, որին ես երբեք չմոռացա։ Շատ անգամներ մտովի խոսել եմ քեզ հետ։ Ասել եմ այն խոսքերը, որոնք կյանքում չհասցրի ասել։

Ցավոք, չեմ կարող գալ քո գերեզմանին… դու շատ հեռու ես ինձանից։

Բայց որտեղ էլ լինես հիմա՝

հանգչիր խաղաղությամբ։

Ես քեզ հիշում եմ։

06.03.2026թ.

«Բերդի դպրոցներ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ