Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»
01.05.2026 | 10:25

«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ… Արծվաշենում տեսնում ենք, որ կառուցվել է մզկիթ… ինչ պետք է անենք»․ այսպես է Նիկոլ Փաշինյանը արձագանքել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին։

Փաշինյանի այս խոսքում ձևավորվում է լուրջ նարատիվային խզում։

Արծվաշենի վերաբերյալ ներկայացված հիպոթետիկ օրինակը չի կարող համեմատվել Ստեփանակերտում և ընդհանրապես Արցախում ձևավորված իրողության հետ։ Այնտեղ խոսքը մշակութային ժառանգության համակարգային ոչնչացման մասին է։ Եկեղեցիների քանդումը, ձևափոխումը կամ «վերանորոգման» անվան տակ դրանց ինքնության փոփոխությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որակվում են որպես մշակութային վանդալիզմ։

Միջազգային նորմերը միանշանակ են․ անկախ սեփականության իրավական ռեժիմից՝ պետությունը պարտավոր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա կրոնական և մշակութային արժեքները։ Սա նշանակում է, որ նույնիսկ բերված օրինակի շրջանակում՝ մզկիթը չի կարող ենթակա լինել ոչնչացման։

Սակայն հենց այս հիպոթետիկ կառուցվածքն է, որ ակամա ձևավորում է կեղծ սիմետրիայի տպավորություն՝ իբր իրավիճակները համարժեք են։

Մինչդեռ դրանք համարժեք չեն։

Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր։ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է ինստիտուցիոնալ առանձնահատկություն՝ ինքնավար կարգավիճակով, մինչդեռ Արծվաշենը եղել է սովորական անկլավ։ Այս տարբերության անտեսումը թուլացնում է Հայաստանի փաստարկները միջազգային հարթակներում։

Առհասարակ, Փաշինյանի այս «համեմատությունները» կեղծ ու հակագիտական են:

Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում տեղի ունեցող գործընթացները չունեն համարժեքություն Արծվաշենի հիպոթետիկ օրինակի հետ։ Դրանք քաղաքականություն են՝ ուղղված պատմական հիշողության և ինքնության համակարգային վերացմանը։

Փաշինյանի հայտարարությունը խիստ խոցելի է, քանի որ ստեղծում է կեղծ հավասարություն հիպոթետիկի և փաստացիի միջև։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 18809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ