«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կոմիտաս և Մանուկ Աբեղյան

Կոմիտաս և Մանուկ Աբեղյան
04.07.2026 | 12:40

Մեր օրերում հնչող, սիրված ու տարածված հայ ժողովրդական երգերից շատերն իրենց անմահության համար պարտական են 1903 թվականին լույս տեսած «Հազար ու մի խաղ. առաջին յիսնեակ» կոթողային ժողովածուին։

Այս բացառիկ մշակութային նախագծի ակունքներում կանգնած էին երկու մեծություններ՝ հանճարեղ երգահան Կոմիտասն ու մեծագույն հայագետ Մանուկ Աբեղյանը։

Նրանց կատարած աշխատանքի մասշտաբներն ուղղակի ապշեցուցիչ են. ավելի քան 25 000 ժողովրդական քառատողերի համեմատություն, մանրակրկիտ մշակում և զտում, որի արդյունքում ընտրվեցին այն 100 լավագույնները, որոնք կատարելապես արտացոլում էին հայ ժողովրդի մտածողությունն ու քնարական ոգին:

Ահա թե ինչպես է Մանուկ Աբեղյանը հուշագրել այս հսկայածավալ աշխատանքի ծնունդն ու ընթացքը։

Ամեն ինչ սկսվեց 1900 թվականի գարնանը՝ մայիսյան մի ջինջ օր։ Կոմիտասը, ով պաշտում էր բնությունն ու թռչունների երգը, Աբեղյանի հետ զբոսնում էր Ներսիսյան լճի մերձակա անտառի ծառուղիներով։

Կոմիտասն առանձնահատուկ սեր ուներ վարդերի հանդեպ. զբոսանքի ընթացքում նա վարդեր էր քաղում, որպեսզի դրանց չորացրած թերթիկները հետագայում խառնի իր ամենաորակյալ ու թանկարժեք թեյին:

Զբոսանքի ընթացքում խոսակցությունը ծավալվեց ժողովրդական երգերի շուրջ։ Կոմիտասը մտահոգություն հայտնեց, որ գյուղական քառյակները հաճախ տրամաբանորեն անջրպետված են, և ինքը դժվարանում է գտնել իմաստային ճիշտ շարունակություն՝ երգը կառուցելու համար։

Աբեղյանը, ով արդեն իսկ ուսումնասիրում էր այդ բանահյուսությունը, հակադարձեց, որ դրանք անիմաստ են հնչում միայն այն ժամանակ, երբ աղճատված են հասնում մեզ:

Ոգեշնչվելով ժողովրդական երգի նկատմամբ համընդհանուր սիրով՝ նրանք որոշեցին ստեղծել միասնական, մաքրագրված երգարան։

Գործի անցնելով՝ երկու գործիչները համախմբեցին իրենց ունեցած նյութերը, սակայն դա բավարար չհամարեցին և սկսեցին իսկական համազգային արշավ։

Կոմիտասը հատուկ միատեսակ թերթիկներ տպագրեց և բաժանեց իր աշակերտներին ու երգչախմբի անդամներին։ Ամառային արձակուրդներին գյուղեր մեկնող ուսանողներին հանձնարարվեց գրի առնել տեղի բանահյուսությունը։

Արդյունքում, տարիների ընթացքում հավաքվեց մոտ 25 000 թերթիկ՝ ստեղծելով ժողովրդական խաղերի հսկայական արխիվ:

1900 թվականի աշնանը, երբ սկսվեց բուն աշխատանքը, պարզ դարձավ, որ առանց գիտական դասակարգման անհնար է առաջ շարժվել։

Երկու տարի պահանջվեց նյութը մշակելու համար, մինչև Աբեղյանը հանդես եկավ փայլուն գաղափարով՝ այբբենական դասավորության փոխարեն քառյակները դասակարգել ըստ հանգերի: Այս նորարարությունը թույլ տվեց անմիջապես տեսնել, որ նույն քառյակը տարբեր շրջաններում գրի է առնվել տասնյակ անգամներ։

Կրկնությունները հեռացնելուց հետո 25 000 քառատողից մնաց շուրջ 1300 եզակի տարբերակ։

«Հազար ու մի խաղ» անվանումը պատահական չէր ընտրված. Կոմիտասն արդեն ձայնագրել էր երեքից չորս հազար եղանակ և երազում էր հրատարակել գոնե հազարը։ Խմբագրական աշխատանքն ընթանում էր խիստ սկզբունքներով. առաջին քառյակներն ու կրկներգերը պահպանվում էին ճիշտ այնպես, ինչպես Կոմիտասը լսել ու ձայնագրել էր ժողովրդից, իսկ հաջորդող տները ընտրվում էին այնպես, որ ներդաշնակ լինեին եղանակին։

Օրինակ՝ «Հաբրբան» երգի համար Աբեղյանի խորհրդով ստեղծվեց տղայի և աղջկա երկխոսություն, ինչը Կոմիտասն ի սկզբանե մերժում էր, բայց համոզվելով, որ դա բնորոշ է ժողովրդական ոգուն, ընդունեց։

Իսկ որոշ երգերում, ինչպես «Հով արեք, սարեր ջան» և «Ծիրանի ծառ» ստեղծագործություններում, Կոմիտասը վարպետորեն միաձուլեց երկու տարբեր եղանակներ:

Այս տքնաջան աշխատանքի արդյունքում խմբագրվեց հարյուր հիսուն երգ կամ երեք հիսնյակ։ Առաջին երկուսը հանձնվեցին տպագրության, իսկ երրորդ հիսնյակը Կոմիտասն իր հետ տարավ Պոլիս, որտեղ էլ ձեռագիրն անհետացավ։

Ցավոք, մեծ նախագիծը կանգ առավ։ Կոմիտասի գլխավոր նպատակը երգերը ժողովրդականացնելն էր, ոչ թե բանասիրական ուսումնասիրությունը, որն Աբեղյանը ստիպված եղավ շարունակել միայնակ։ Ֆինանսական դժվարությունները և քաղաքական ցնցումները խորտակեցին երգարանի ամբողջական տպագրության հույսերը։ 1906 թվականին Կոմիտասը մեկնեց Եվրոպա, սակայն Էջմիածին վերադարձավ՝ լույս ընծայելով միայն մի տասնյակ երգ պարունակող «Հայ քնար» ժողովածուն։

Այսպես, պատմական հանգամանքների բերումով անավարտ մնաց, բայց իր ստեղծածով հայ մշակույթի պատմության մեջ հավերժ մնաց Կոմիտաս-Աբեղյան բացառիկ համագործակցությունը:

Ռուզաննա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ