Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խալաթը

Խալաթը
14.07.2026 | 11:05

Կես դար Օթելլո խաղալուց և այդ դերով աշխարհով մեկ փառաբանվելուց հետո,դերասան Վահրամ Փափազյանը մի օր գալիս է Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժին՝ աշխատակիցներին խնդրելու, որ շատ կարճ ժամանակով Օթելլոյի խալաթը տան իրեն։ Այդ ժամանակ նա արդեն վաղուց Օթելլո չէր խաղում…

Թատերական բաժնի աշխատակիցները, տեսնելով սիրված դերասանին, շրջապատում են նրան: Մտերմիկ զրույցից հետո Փափազյանը հայտնում է գալու նպատակը: Թանգարանի աշխատակիցները որքան էլ հարգեին դերասանին, չէին կարող կատարել խնդրանքը. նախ՝ թանգարանից ոչինչ դուրս չի բերվում և հետո՝ առանց տնօրենի թույլտվության չէին կարող տալ։

- Ընդամենը մեկ շաբաթով, - խնդրում է Փափազյանը։

- Առանց տնօրենի թույլտվության չենք կարող տալ,- լինում է աշխատակիցների պատասխանը:

- Ճիշտ է, բայց եթե նրա թույլտվությունը լիներ, էլ ինչու՞ էի ձեզ այդքան խնդրելու:

Փափազյանի ասածը տրամաբանական է թվում և այն, որ մեծ ողբերգակը դիմում է անմիջապես իրենց՝ շոյում է աշխատակիցների ինքնասիրությունը...

Փափազյանի սուր աչքը նկատում է դա:

- Տնօրենը չի էլ իմանա,- շարունակում է համոզել Փափազյանը:

- Աշտարակում պետք է Օթելլո խաղամ: Մի շաբաթից կբերեմ՝ տեղը կդնեք:

Աշխատակիցները, ի վերջո, համոզվում ու տալիս են խալաթը՝ չանդրադառնալով այն փաստին, որ Փափազյանը վաղուց է, ինչ Օթելլոյի դերով բեմ չի բարձրանում:

Անցնում են ամիսներ, բայց Փափազյանը ո՛չ գալիս է, ո՛չ էլ խալաթն է ուղարկում: Թանգարանի աշխատակիցներն անհանգստանում են: Մի քանի անգամ զանգահարում են դերասանին ու խնդրում խալաթը վերադարձնել: Խոստանում է, բայց չի տանում: Գիտակցելով իրենց սխալը` համոզված, որ խալաթն այլևս չեն ստանա՝ աշխատակիցները ստիպված տնօրենին հայտնում են եղելությունը, սպասելով, որ իր արդարացի զայրույթը կթափի իրենց գլխին: Բայց տնօրենը , ի զարմանս աշխատակիցների, հանգիստ լսում է, մի երկու հարց տալիս, կշտամբող ոչ մի խոսք չի ասում և լուռ հեռանում է :

Հաջորդ օրը տնօրենը նորից է հայտնվում թատերական բաժնում ու շուրջը հավաքում «մեղավորներին»։

- Այլևս չզանգահարեք Փափազյանին խալաթի համար, - հուզված ասում է նա,- կարիք չկա:

Աշխատակիցները զարմանում են անսպասելի որոշումից...

- Փափազյանն, ինչպես գիտեք ,- շարունակում է տնօրենը ,- վաղուց արդեն չի խաղում:

Ու եթե խալաթը վերցրել է ,ապա նրա համար, որ վերհիշի իր երբեմնի փառքը: Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ տանը այդ խալաթով է միշտ: Դա ոչ միայն պատրանք է ,որ ստեղծում է իր համար, այլև հոգեբանական մի ջանք՝ չբաժանվելու Օթելլոյից, որի դերը խաղալով՝ դարձել է նրա երկրորդ ես֊ը: Մի՛ մեղադրեք նրան, հասկացեք դերասանին: Հարգեք նրա այդ թուլությունը,- ավարտում է խոսքը հուզված տնօրենը, և նրա թախծոտ աչքերում արցունքներ են հայտնվում…

Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասան Վահրամ Փափազյան֊Օթելլոյի զգայուն սիրտը , ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա Օթելլոյի այդ խալաթն էր…

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ