ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Երբ օտարությունից տուն ես գալիս, ամենասովորական բաները, որ առաջ չէիր էլ նկատում, հատուկ նշանակություն են ստանում

Երբ օտարությունից տուն ես գալիս, ամենասովորական բաները, որ առաջ չէիր էլ նկատում, հատուկ նշանակություն են ստանում
26.08.2026 | 19:28

Քնելուց առաջ դուրս եկա բալկոն՝ մի քիչ քամիների հետ խաղալու, որ կարողանամ քնել, թե չէ էս մի քանի գիշերը շատ շոգ ա անում, քնել չի լինում։ Քամի համարյա չկա, ավելի շուտ՝ գիշերվա գաղջ շունչն ա, որ թեթև, համարյա աննկատ շոյում ա դեմքս։ Բոլորը քնած են. ընդամենը մի երկու պատուհանում լույս կա։

Երկնքում մանր կրակներ հայտնվեցին՝ լուսատիտիկների նման։ Ինքնաթիռ էր՝ հենց նոր էր դուրս եկել Զվարթնոցից։ Տեսնես ու՞ր ա գնում։

Պատկերացրեցի ինքնաթիռում նստածներին, ու վերևից նախանձեցի ինձ։ Ես տան շորերով, հանգիստ նստած եմ իմ բալկոնում։ Հիմա ներս կգնամ ու կպառկեմ։ Իսկ իրանք՝ էս գիշերվա կեսին՝ հագած-կապած, զգաստ նստած են ու ժամերով ճանապարհ են գնալու։

Գիշերով շատ եմ ճանապարհ գնացել։

Էդ ժամին օրգանիզմդ ուզում ա պառկել ու հանգստանալ, արդեն քունդ տանում ա, իսկ դու հագնված, նստած ես անծանոթ մարդկանց մեջ ու ժամերով պիտի մնաս էդ լարված վիճակում։ Էդ իրավիճակից քունդ արգելակվել ա, բայց օրգանիզմդ իրանն անում ա՝ կարծես բաց աչքերով երազ ես տեսնում։ Էդ դեռ քիչ ա՝ առավոտվանից վազվզում ես, ինչ-որ անհետաձգելի գործեր ես անում, ճամպրուկ ես հավաքում, հոգնել ես։ Ու ամբողջ օրը ճանապարհային տրամադրության մեջ ես եղել։ Ճանապարհային տրամադրությունը փորդ խուտուտ տվող հանդարտ խուճապ ա, որ քո օրվա սովորական ընթացքը շուտով փոխվելու ա՝ դու դուրս ես գալու քո ապահովության ծանոթ պղպջակի միջից ու հայտնվելու ես օտար միջավայրում։ Իսկ օտարի մեջ միշտ ենթագիտակցական վտանգ կա։

Մի քանի ժամից դուրս կգաս օտար քաղաքում։ Առաջին հայացքից՝ շուրջդ նույն բաներն են՝ փողոցներ, մայթեր, հրապարակներ, ծառեր, շենքեր... բայց փշաքաղվելու չափ օտար են, անիրական. դրանց մեջ հիշողություն չկա։ Դրա համար էլ՝ կարծես ստվարաթղթից դեկորացիաներ լինեն, որոնց հետևում դատարկություն ա։ Ու դեսուդեն վազվզող օտար մարդիկ էլ՝ լուրջ, գործնական, մտահոգ դեմքերով, որոնք իրանց կյանքն ապրում են էդ դեկորացիաների մեջ, էլի անիրական տիկնիկներ են թվում։ Կարծես անապատում լինես։

Բայց մարդ էլ կա՝ տուն ա գնում՝ ինչ-որ ժամանակ Երևանում ա եղել, ու հիմա տուն ա վերադառնում։ Լուռ նստած մյուսների կողքին, առաջին հայացքից չի տարբերվում նրանցից, բայց լրիվ ուրիշ տրամադրության մեջ ա։ Նա արդեն մտովի տանն ա՝ լոգանք ա ընդունում իր լոգարանում, բացում ա իր սառնարանը, մի բան ա գցում բերանը ու գնում պառկում ա քնելու իր մահճակալի մեջ։ Բան չի մնացել՝ մի քանի ժամ։

Մի քանի ժամից դուրս կգա ինքնաթիռից ու կհայտնվի իր հարազատ միջավայրում։ Տաքսի կնստի ու կարոտած աչքերով կխժռի տաքսու պատուհանից հետ վազող հարազատ փողոցներն ու մայթերը։ Ստեղ նա անգիր գիտի ամեն շենքը, ամեն ծառը։ Կնկատի ամենաչնչին փոփոխությունն անգամ՝ կգնահատի տիրոջ իրավունքով։ Ու մարդիկ էլ՝ փողոցներում քայլող լրիվ անծանոթ մարդիկ, հարազատ են, իսկական են, քոնն են։ Դու տուն ես վերադարձել՝ քո տուն։

Երբ օտարությունից տուն ես գալիս, ամենասովորական բաները, որ առաջ չէիր էլ նկատում, հատուկ նշանակություն են ստանում։ Զարմանում ես, թե ինչ խելացի են կազմակերպել էս փողոցի երթևեկությունը, ինչ ճիշտ տեղում են տնկել էս ծառը, ինչ սիրուն ա էս շենքը։ Առաջ չէիր նկատում, բայց հիմա ամեն ինչ նկատում ես։

Երբ միշտ տանն ես, չես նկատում տունդ՝ դե, քո բնակության սովորական միջավայրն ա, ի՞նչ մի հատուկ բան կա դրանում։ Բայց հերիք ա՝ մի քանի օր բացակայես, ամեն ինչ հատուկ ա դառնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ