Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

«Թուրքիայի բարեկամը կշահի, իսկ նրա նկատմամբ թշնամանք տածողը՝ կկորցնի»

«Թուրքիայի բարեկամը կշահի, իսկ նրա նկատմամբ թշնամանք տածողը՝ կկորցնի»
08.09.2026 | 12:21

Ես չեմ գրում սոցցանցերում երկար տեքստեր, բայց էսօր խախտում եմ այդ "ավանդույթը" ․․․ Եթե Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված եք, ապա հետաքրքրիր կլինի այս վերլուծությունը․
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առանձին հատվածներ բավական արագ տարածվեցին հայկական տեղեկատվական և սոցիալական մեդիայում։ Սակայն հիմնականում շրջանառվեցին կտրված մի քանի նախադասություններ, որոնք ամբողջությամբ չէին փոխանցում այն պատմական ու քաղաքական տրամաբանությունը, որում դրանք հնչել էին։
Ամբողջ ելույթը լսելիս պատկերը շատ ավելի հետաքրքիր է դառնում։
Էրդողանն իր խոսքը կառուցում է ոչ թե միայն այսօրվա Թուրքիայի շուրջ, այլ շատ ավելի երկար պատմական առանցքի վրա։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը նա ներկայացնում է որպես հազարամյակների պատմական ճանապարհի հերթական օղակ՝ ուղիղ կապ ստեղծելով Սելջուկյան պետության, Օսմանյան կայսրության և ներկայիս Թուրքիայի միջև։ Ավելին՝ նա բացահայտորեն քննադատում է այն պատմական մոտեցումը, որը շրջանցում է Սելջուկյան ու Օսմանյան ժամանակաշրջանները և հին թյուրքական պատմությունից անմիջապես անցնում Հանրապետությանը (sա պարզապես պատմության մասին դատողություն չէ):
Այստեղ ձևակերպվում է Թուրքիայի այսօրվա քաղաքական ինքնության շատ կարևոր ընկալում․ Թուրքիայի հանրապետությունը կայսերական անցյալի պատմական շարունակությունն է՝ արդեն ժամանակակից պետական ձևով։
Պատահական չէ նաև Մանազկերտի ընտրությունը։ 1071 թվականի Մանազկերտը Էրդողանի քաղաքական խոսքում վաղուց արդեն միայն միջնադարյան ճակատամարտ չէ։ Այն վերածվել է Անատոլիայում թուրքական ներկայության սկզբնակետի, պատմական իրավունքի և պետության շարունակականության խորհրդանիշի։ Օգոստոսի 26-ին Մանազկերտի 955-ամյակին Էրդողանը կրկին հենց այդ տրամաբանությամբ էր խոսում՝ Մանազկերտը ներկայացնելով որպես Անատոլիայի դարպասը թուրքերի առաջ բացած հաղթանակ [([İletişim Başkanlığı](https://www.tccb.gov.tr/))]:
Եվ երբ սեպտեմբերի 7-ի ելույթում այդ պատմական շղթայից հետո նա ասում է, թե «կյանք տալով և կյանք խլելով հայրենիք դարձրած այս հողերում» ոչ մեկին թույլ չեն տա «վիրահատություն իրականացնել», խոսքն արդեն միայն պատմական հիշողության մասին չէ։ Պատմությունը վերածվում է ներկայիս անվտանգության և արտաքին քաղաքականության հիմնավորման։
Հաջորդ միտքն առավել հստակ է դարձնում սվերևում առաջ քաշած պնդումը․ Թուրքիան, ըստ Էրդողանի, կողքից չի հետևելու տարածաշրջանում իրեն շրջափակելու փորձերին։
Այսինքն՝ Անկարան իրեն ներկայացնում է ոչ միայն որպես իր պետական սահմանները պաշտպանող երկիր, այլ որպես տարածաշրջանային համակարգի մի այնպիսի դերակատար, որն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու նաև իր սահմաններից դուրս տեղի ունեցող այն գործընթացներին, որոնք գնահատում է որպես սեփական ռազմավարական շահերին սպառնալիք։
Այստեղ արդեն տեսանելի է Էրդողանի արտաքին քաղաքական մտածողության ավելի լայն գիծը։
Սելջուկյան և Օսմանյան անցյալը նրա խոսքում պարզապես փառաբանվող պատմություն չէ։ Այդ անցյալի միջոցով ձևավորվում է նաև այն աշխարհագրության ընկալումը, որտեղ ժամանակակից Թուրքիան իրեն պատմականորեն ներգրավված և ազդեցություն ունենալու իրավունք ունեցող պետություն է համարում։
Սա չի նշանակում Օսմանյան կայսրության բառացի վերականգնում։ 21-րդ դարում խոսքը սահմանները վերականգնելուց շատ ավելի բարդ երևույթի մասին է՝ պատմական ազդեցության տարածքների նկատմամբ քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ներկայություն պահպանելու կամ ընդլայնելու ձգտման։
Այս իմաստով է հատկապես հետաքրքիր ելույթի հաջորդ հատվածը․ Էրդողանն ասում է՝ Թուրքիան «ձեռք կսեղմի իր բարեկամներին, կգրկախառնվի իր ազգակիցների հետ և կրկին կհամախմբվի իր եղբայրների հետ»։
Եվ դրանից անմիջապես հետո խոսում է «դաշինքի և միավորման քաղաքականության» ու ամբողջ «gönül coğrafyası»-ում միասնությունն ամրապնդելու նպատակի մասին։ Այս ձևակերպումը հաստատված է նաև այսօր հրապարակված ելույթի պաշտոնական հաղորդագրություններում [([Anadolu Ajansı](https://www.aa.com.tr/))]։
«Gönül coğrafyası»-ն Էրդողանի քաղաքական բառապաշարի առանցքային հասկացություններից է։ Այն դժվար է բառացի թարգմանել՝ «սրտի աշխարհագրություն», «հոգևոր աշխարհագրություն»։ Իրական քաղաքական իմաստով այն պետական սահմաններից շատ ավելի լայն տարածք է՝ այն աշխարհը, որի հետ Թուրքիան իրեն կապում է պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի, էթնիկական կամ քաղաքական ընդհանրությունների միջոցով։
Եվ հենց այստեղ է Սելջուկյան–Օսմանյան պատմական գծի և «բարեկամներ–ազգակիցներ–եղբայրներ» ձևակերպման կապը։
Էրդողանի նկարագրած Թուրքիան միայն 1923 թվականին ձևավորված հանրապետությունը չէ։ Դա պետություն է, որն իր ներկայիս քաղաքական ինքնությունը կառուցում է նաև մինչհանրապետական՝ Սելջուկյան և հատկապես Օսմանյան ժառանգության վրա և այդ ժառանգությունը տեղափոխում արտաքին քաղաքականության դաշտ։
Այստեղից էլ գալիս է Թուրքիայի սահմաններից շատ ավելի լայն «մենք»-ի գաղափարը։ Այդ «մենք»-ի մեջ տարբեր իրավիճակներում կարող են հայտնվել թյուրքական ժողովուրդները, Բալկանների մահմեդական համայնքները, նախկին օսմանյան աշխարհագրության հասարակությունները, Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարբեր խմբերը։
Հետևաբար, այստեղ պանթյուրքական և նեոօսմանյան երկու շերտերը պարտադիր չէ հակադրել միմյանց։ Էրդողանի քաղաքական խոսքում դրանք կարող են համատեղ գոյություն ունենալ ավելի լայն՝ Թուրքիայի՝ որպես քաղաքակրթական և տարածաշրջանային կենտրոն լինելու գաղափարի ներսում։
Թյուրքական աշխարհի դեպքում գերակշռում են լեզվական, էթնիկ և «եղբայրական» կապերի գաղափարները, իսկ նախկին օսմանյան տարածքների դեպքում՝ պատմական, կրոնական և մշակութային կապերը։ Երկու դեպքում էլ կենտրոնում նույն Թուրքիան է՝ արդեն ոչ միայն որպես պետություն, այլ որպես ավելի լայն աշխարհագրությամբ իր շուրջը կապող քաղաքական կենտրոն։
Հենց այդ պատճառով էլ ելույթի վերջում հնչած՝ «Թուրքիայի բարեկամը կշահի, իսկ նրա նկատմամբ թշնամանք տածողը՝ կկորցնի» արտահայտությունը մեկուսացված հռետորական սպառնալիք չէ։
Այն ամբողջ ելույթի տրամաբանական եզրափակումն է։
Նախ սահմանվում է պատմական իրավահաջորդությունը՝ Սելջուկներ, Օսմանյան կայսրություն, Հանրապետություն։ Ապա՝ Թուրքիայի շուրջ առկա ավելի լայն պատմամշակութային աշխարհագրությունը։ Հետո՝ այդ աշխարհագրության մեջ միավորման և դաշինքների քաղաքականությունը։ Եվ վերջում արդեն հստակ ազդակ է տրվում արտաքին դերակատարներին․ Թուրքիայի հետ համագործակցությունը ներկայացվում է որպես շահավետ ընտրություն, իսկ նրա տարածաշրջանային հավակնությունները զսպելու փորձը՝ որպես պարտվողական ռազմավարություն։
Այս ամենը նաև տեղավորվում է վերջին տարիներին Էրդողանի հետևողականորեն կառուցած «մեծ և ուժեղ Թուրքիա» և «Թուրքիայի դար» քաղաքական պատկերացման մեջ։
Ուստի այսօր հնչած խոսքը դժվար է կարդալ պարզապես որպես խաղաղության կոչ կամ, հակառակ ծայրահեղությամբ, միայն որպես սպառնալիք։
Սա ավելի լայն քաղաքական տեսլականի ձևակերպում է․ Թուրքիան իր անցյալը չի թողնում պատմության դասագրքերում։ Սելջուկյան և Օսմանյան ժառանգությունը վերածվում է ժամանակակից պետական ինքնության և տարածաշրջանային դերակատարության հիմնավորման աղբյուրի։
Եվ այս տրամաբանության մեջ Էրդողանի պատկերացրած ուժեղ Թուրքիան այն պետությունն է, որի ֆորմալ սահմանները պարտադիր չէ, որ համընկնեն նրա քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմավարական ազդեցության սահմանների հետ։
Թերևս հենց սա է ամբողջ ելույթի ամենակարևոր ենթատեքստը, որն առանձին տարածված մի քանի նախադասություններից տեսանելի չէր։

Տիրուհի ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ

Հ․Գ․
Ելույթի վերլուծությանն առնչվող հատվածի ամբողջական բառացի թարգմանությունը․
«Թուրքիայի Հանրապետությունը, որն այս հողերում մեր հիմնադրած վերջին պետությունն է, մենք դիտարկում ենք որպես մեր հազարամյակների ճանապարհի ամենաթանկ օղակներից մեկը։
Մենք բարեխիղճ չենք համարում պատմության այնպիսի ընթերցումները, որոնք անտեսում են Սելջուկյան և Օսմանյան ժամանակաշրջանները և հին թուրքական պատմությունից միանգամից անցում կատարում Հանրապետությանը։
Դրանք չարամիտ սոցիալական ինժեներիայի փորձեր են։ Մեր ժողովրդին իր հոգևոր արմատներից կտրելուն ուղղված որևէ ծրագիր հաջողության չի հասել։
Մենք շարունակելու ենք հետևել մեր նախնիների հետքերին։ Վերջին տարիներին Ահլաթում և Մանազկերտում շատ նշանակալի միջոցառումներ ենք կազմակերպում։ Պարոն Բահչելիի և մյուս քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ մենք հիանալի հավաք անցկացրինք և մեր եղբայրների հետ նշեցինք Մանազկերտի տարեդարձը։
Որևէ մեկը թող մեր հանգիստ և հավասարակշռված կեցվածքը սխալ չընկալի։ Սրերի շաչյունի ներքո, կյանք տալով և կյանք խլելով հայրենիք դարձրած այս հողերում մենք որևէ մեկին թույլ չենք տա «վիրահատություն իրականացնել»։
Նույն կերպ մենք կողքից չենք հետևի նաև մեր տարածաշրջանում մեր երկիրը շրջափակելուն ուղղված թշնամական քայլերին։
Կրկին եմ ասում․ մենք կտրականապես որևէ մեկի նկատմամբ թշնամանք չենք տածում։
Ընդհակառակը՝ այս բարդ աշխարհագրական միջավայրում ցանկանում ենք շարունակել մեր ճանապարհը՝ որպես անկախ, կայուն և բարեկեցիկ պետություն։
Երբեք թույլ չենք տա, որ խոչընդոտեն այդ ճանապարհին։
Նրանք, ովքեր անհանգստացած են մեր երկրի հզորացմամբ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ մեր գործադրած ջանքերով, չեն կարող մեզ հետ պահել մեր ճանապարհից։
Դրանում ոչ մի կասկած չունենաք։
Ոչ ոք ի զորու չէ փոխել պատմության ընթացքը։
Թուրքիան ձեռք կսեղմի իր բարեկամներին, կգրկախառնվի իր ազգակիցների հետ և կրկին կհամախմբվի իր եղբայրների հետ։
Թուրքիայի բարեկամը կշահի, իսկ նրա նկատմամբ թշնամանք տածողը՝ կկորցնի։
Դաշինքի և միավորման քաղաքականությամբ մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի մեր ամբողջ «հոգևոր աշխարհագրությունում» ամրապնդվեն միասնությունը, համերաշխությունն ու եղբայրությունը»
Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ