Լենինգրադի բլոկադայի ընթացքում Դմիտրի Շոստակովիչը ստեղծագործում էր: Վերջինիս ամենահայտնի` 7-րդ, սիմֆոնիան գրվել է հենց բլոկադայում գտնվող Լենինգրադում:
Օլգա Բերգոլց, Լիդիա Գինզբուրգ, Արկադի Ռայկին, Ալեքսանդր Ֆադեև ... շարքը կարելի է շարունակել: Այս մարդիկ ապրել և ստեղծագործել են «ցուրտ ու մութ» Լենինգրադում: Նրանցից որևէ մեկի մտքով չի անցել բողոքել ցրտից, սովից, անհարմարություններից: Ավելին` կարծում եմ, որ Լենինգրադի բլոկադան անցած մարդկանցից և ոչ մեկի մոտ մինչ օրս չկա բլոկադայի տարիներից բողոքելու ցանկություն: Վերջիններս գիտակցում են, որ պետությունը հաղթել է նաև իրենց շնորհիվ: Եվ նրանք հպարտ են, որ ապրել են բլոկադային Լենինգրադում:
Այսօր Հայաստանի Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը դժգոհում էր. ««մացեմացիկայի» ժամին գրատախտակին էի գնում, գրատախտակին գնալուց առաջ տասը րոպե ձեռքերս պետք ա ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ, բառիս բուն իմաստով, կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար, կներեք, ճոխացրեցի, գոլանար, որ կարողանայի կավիճը բռնել»:
Ենթադրեցի, որ խոսքը «ցուրտ ու մութ» տարիների մասին է:
Նախ` նայեցի պատգամավորի կենսագրությունը: Նա ծնվել է 1990 թվականին: Ենթադրաբար` վերջինս դպրոց է գնացել 7 տարեկանում` 1997 թվականին: Վստահեցնում եմ` այդ ժամանակ այլևս «ցուրտ և մութ» չէր:
Լավ, ենթադրենք` այնուամենայնիվ, «ցուրտ էր և մութ»: Արդյո՞ք դրա համար չկար պատճառ: Բա բլոկա՞դան, բա թշնամինե՞րը ... Բացի դրանից` մեծ հաշվով, այդ տարիներից պետք է ոչ թե բողոքել, այլ հպարտանալ: Հիշենք անկախությունը, պետականության ստեղծումը, վերջապես` Մեծ Հաղթանակը:
Եթե Շոստակովիչն ինչ-որ հրաշքով գտնվեր Հայաստանի Ազգային Ժողովում և լսեր «մացեմացիկայի» սիրահար պատգամավորին, ապա կգրեր «Ռենեգատ» անվանմամբ իր 16-րդ վոկալ սիմֆոնիան սոպրանոյի, բասի և կամերային նվագախմբի համար:
Կարեն Հեքիմյան