Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Չի բացառվում՝ մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները

Չի բացառվում՝ մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները
19.09.2026 | 12:01

Վերջին տարիներին ամեն բան արվել և արվում է, որպեսզի վերջնականապես փակվի Արցախի դռներն ու արցախյան հարցը: Այն փակելու փորձեր արվել են նաև պատմության տարբեր փուլերում: Սակայն դա քրիստոնեական Արցախն է, արևելահայության հին բնօրրաններից մեկը, որը հարություն առնելու և բացվելու հատկություն ունի:

Երեք տարի առաջ, այս օրերին, երկարատև շրջափակումից ու հյուծումից հետո, թուրքական աշխարհի առջև միայնակ մնացած Արցախի դեմ Ադրբեջանն իրականացրեց ռազմական ահաբեկչական ակտ: Չնայած ռուս խաղաղապահների նոմինալ (ֆորմալ) ներկայության՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագորեն վերածվեց ամբողջ բնակչության ցեղասպանական վտանգի: Ակնհայտ էր, որ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչներ կա՛մ պետք է սպանվեին, կա՛մ բռնի կերպով տեղահանվեին:

Հայաստանի ու մնացյալ աշխարհի քաղաքական ղեկավարությունը դարի ողբերգություն հիշեցնող այս աղետին հետևում էին «հեռադիտակով»՝ թատերասեր հանդիսատեսի ջանասիրությամբ: Արտաքին աջակցությամբ իրականացված թավշյա իշխանափոխության գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե, իրականանում էր հենց այդ օրերին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:

Պատահական չէին նաև 44-օրյա պատերազմից, Արցախի բնակչության բռնի տեղահանություններից ու էթնիկ զտումներից հետո միջազգային (այդ թվում՝ եվրոպական) տարբեր լիդերների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձները: Այն դեպքում, երբ, միջազգային իրավունքի տեսանկյունից, բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ իրագործված հանցագործություն:

Ինչպես միշտ, աշխարհի քաղաքական շրջանակները թքած ունեն հայ ժողովրդի կրած տանջանքների և ողբերգության վրա, քանի որ իրենք ունեն իրենց շահերը: Այն է՝ հանուն գազի, նավթի ու ՌԴ-ն շրջանցող կոմունիկացիաների, սիրաշահել Բաքվին՝ օգտվելով 2022թ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Երևանի աննախադեպ «նվերից»:

Արևմուտք սիրողների և Ռուսաստան ատողների, ինչպես նաև Ռուսաստանին կուրորեն վստահողների «համատեղ ջանքերով», անգիտակից կերպով, անտեսվեց հայկական շահն, ու Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի:

Թուրք-ադրբեջանական կողմերը կարողացան վարպետորեն օգտվել 2018-ից Հայաստանի ներքին կյանքում, տարածաշրջանում և աշխարհում զուգահեռաբար ստեղծված նպաստավոր իրավիճակներից և առավելագույն օգուտ քաղեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես նաև հավաքական հայ ժողովրդի տեսանելի ու անտեսանելի սխալներից:

Մենք Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը:

Իսկ երբ մինչև վերջին դետալը հասկանանք մեզ հետ կատարված իրողությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը՝ վստահաբար կվերականգնենք Հայաստանի Հանրապետության ամուր դիրքերը: Չի բացառվում նաև, որ մենք, որպես պետություն, կարողանանք օգտվել ապագայում ստեղծվելիք նպաստավոր իրավիճակներից ու մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ