Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Սեպտեմբերի 21-ը ինձ համար ոչ այնքան շնորհավորելու, որքան մտածելու օր է

Սեպտեմբերի 21-ը ինձ համար ոչ այնքան շնորհավորելու, որքան մտածելու օր է
21.09.2026 | 10:59

Ի՞նչը շնորհավորեմ։

Մեր աշխարհաքաղաքական անգրագիտությո՞ւնը։

Մենք աշխարհը բաժանում ենք «մերոնց» ու «ձերոնց»։

Աշխարհը բաժանում է շահերի ու հնարավորությունների։

Մենք փնտրում ենք՝ ով է մեզ սիրում։

Աշխարհը հաշվում է՝ ով ինչ ունի, ինչ է ուզում և ինչ կարող է տալ կամ խլել։

Մենք հավատում ենք հայտարարություններին։

Աշխարհը հետևում է փողին, կապիտալին, էներգիային, տեխնոլոգիային, լոգիստիկային ու ուժին։

Մենք բարեկամներ ու թշնամիներ ենք փնտրում։

Աշխարհը մշտական բարեկամներ չի փնտրում․ պաշտպանում է մշտական շահեր։

Մենք արտաքին քաղաքականությունը հաճախ դարձնում ենք ֆուտբոլային երկրպագություն՝ համակրանք, հակակրանք, վախ, վիրավորանք։

Աշխարհը նույն պահին հաշվարկում է ռիսկեր, ռեսուրսներ, կախվածություններ և ազդեցության լծակներ։

Մենք քննարկում ենք՝ ով ինչ ասաց։

Աշխարհը հաշվում է՝ ով ումից է կախված։

Մենք պարտքը տեսնում ենք որպես փող։

Աշխարհը գիտի, որ պարտքը կարող է լինել նաև ազդեցություն։

Մենք բանկը տեսնում ենք որպես վարկ տվող կառույց։

Աշխարհը ֆինանսական համակարգը դիտարկում է որպես կապիտալի, ռիսկի և տնտեսական իշխանության բաշխման մեխանիզմ։

Մենք հպարտանում ենք անկախության խորհրդանիշներով։

Աշխարհը հաշվում է իրական ինքնուրույնությունը՝ որքանո՞վ ես կարող որոշել, ֆինանսավորել և պաշտպանել սեփական որոշումը։

Դրոշ ունենք։

Օրհներգ ունենք։

Սահման ունենք։

Պետություն ունենք։

Բայց իրական հարցն ուրիշ է՝ ունե՞նք սեփական շահի հստակ գիտակցում, սեփական ռազմավարություն և դրա գինը վճարելու կարողություն։

Որովհետև անկախությունը այն չէ, երբ աշխարհին ասում ես՝ «ես անկախ եմ»։

Անկախությունն այն է, երբ աշխարհը ստիպված է հաշվի նստել քո շահի, քո որոշման և քո կարողության հետ։

Պետությունը կարելի է անկախ հռչակել մեկ օրում։

Ինքնիշխանությունը հռչակագրով չի տրվում։ Այն կառուցվում է։

Երբ դադարենք աշխարհը զգացմունքներով բացատրելուց և սկսենք այն շահերով, ուժով ու կապիտալով հասկանալ, երբ ուրիշների խաղատախտակի խաղաքար լինելու փոխարեն կարողանանք սեփական խաղն ունենալ՝ այդ ժամանակ էլ սրտանց կշնորհավորեմ։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ը ինձ համար ոչ այնքան շնորհավորելու, որքան մտածելու օր է։

Որովհետև ամենավտանգավոր կախվածությունը նույնիսկ տնտեսականը կամ քաղաքականը չէ. ամենավտանգավոր կախվածությունն այն է, երբ քեզ թվում է, թե անկախ ես, բայց նույնիսկ չես հասկանում՝ ինչից և ումից ես կախված։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ