Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ասիմետրիկ խաղաղության վտանգը

Ասիմետրիկ խաղաղության վտանգը
24.09.2026 | 11:11

Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի՝ վերանայել իր «խաղաղության» կոնցեպտը։ Քանի դեռ դրան պատրաստ չէ, սեփական քաղաքականության չլուծված խնդիրների համար վճարելու է Հայաստանի հասարակությունը՝ ավելի սահմանափակ ազատությամբ, ավելի վերահսկվող խոսքով և քաղաքական ընտրության ավելի նեղ հնարավորությամբ։ Սա է Ադրբեջանական հարմարվողականությունը ներքին պարտադրանքով պահպանելու մեխանիզմը, որի մասին զգուշացրել եմ։

Վերջին երկու լուրերն այդ հակասությունը տեսանելի են դարձնում։ Հայկական հանրային արձագանքից դժգոհության պայմաններում ադրբեջանական կողմը հետաձգում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երևանյան հանդիպումը՝ «մինչև լարվածությունը թուլանա», իսկ Արցախում մեկնարկում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախապես ծրագրված զորավարժությունը։ Դրանց միջև ուղղակի պատճառահետևանքային կապ չկա, բայց քաղաքական պատկերը խոսուն է: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմական պատրաստվածությունը շարունակում են ըստ ծրագրի, իսկ հասարակական երկխոսությունը կարող է սպասել ու սառեցվել ըստ ցանկության և ճնշման նպատակահարմարության։ Սա ցույց է տալիս, որ Բաքվի համար «խաղաղությունը» սեփական հնարավորություններն ու ամբիցիաները սահմանափակելու ոչ մի պարտավորություն էլ չէ։

Այս ֆոնին կրկին առաջ է գալիս այն հարցը, որը Փաշինյանի քարոզչությունը փորձում է փակել «խաղաղություն» բառով․ ի՞նչն է պաշտպանում Հայաստանի շահը, երբ այն չի համընկնում Ադրբեջանի շահի հետ։ Մեր համաձայնության պայմաններում հարաբերություններ պահպանելը դեռ չի պատասխանում այն հարցին, թե ինչ է լինելու մեր անհամաձայնության դեպքում։

Այստեղ առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունի Փաշինյանի հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագրի շուրջ Հայաստանը որոշել է «դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից»։ Նա այդ որոշումը ներկայացրել է որպես բանակցություններն ավարտելու հնարավորություն։ Այսինքն, բանակցություններում քայլերը, իսկ մեր պարագայում՝ զիջումները պարտադիր չէ միաժամանակ ու նույն ծավալով արվեն փոխադարձաբար: Բայց իշխանությունը պարտավոր է բացատրել՝ միակողմանի քայլով կամ զիջմամբ ի՞նչ է ստանում, ի՞նչ պարտավորություն է ստանձնում Ադրբեջանը, և որտեղ է Հայաստանի հարմարվողականության սահմանը։ «Մեխանիկական փոխադարձությունը» մերժելը չի վերացնում այս հարցերին պատասխանելու պարտականությունը։

Տիգրանաշենի ու Սևանի օրինակներում այս անհամաչափությունը շոշափելի է դառնում։ Փաշինյանը «Քյարքիի» վերաբերյալ իր դիրքորոշմանը հակադրվելը կապում է Հայաստանի դեմ գործողություններին լեգիտիմություն տալու վտանգի հետ։ Ալիևը, մինչդեռ, «պատմական» քարտեզների «Գյոքչան» գործածում է դեպի Հայաստան ադրբեջանցիների «վերադարձը» հիմնավորելու համար։ Այս հարցերի իրավական տարբերությունը չի վերացնում քաղաքական հարցը․ ինչո՞ւ խաղաղության համար հայկական դիրքորոշումը պետք է վերանայվի, իսկ ադրբեջանական հավակնությունները՝ շարունակեն ընդլայնվել « Իրական Հայաստանում»։ Եթե սրան էլ պատասխանն այն է, թե մենք դեռ սխալ ենք մտածում, ապա արտաքին հակասության գինը նորից վճարելու է դրան հակադրվող հայ քաղաքացին, և Փաշինյանի առաջարկած մտածողության մեջ խնդիրը գնալով տեղափոխվում է հենց այդ հարցերը տվողների վրա։ Ինչո՞ւ եք համարժեք քայլ պահանջում։ Ինչո՞ւ եք հիշեցնում չլուծված խնդիրները։ Ինչո՞ւ չեք ընդունում նոր մտածողությունը։ Այդպես, քաղաքական որոշման արդյունավետությունը քննարկելու փոխարեն, հասարակությունն է հայտնվում քննության առաջ՝ արդյոք ինքը բավականաչափ «խաղաղասե՞ր» է։

Հենց այստեղ է ասիմետրիկ խաղաղության վտանգը։ Մի կողմը պահպանում է իր պահանջներն առաջադրելու և գործընթացի պայմանները փոխելու հնարավորությունը, մյուս կողմի հասարակությանը բացատրվում է, որ պետք է փոխի իր մտածողությունը։ Այդպիսի քաղաքականությունը վերջնակետ չունի։ Ամեն նոր դժվարությունից հետո կարելի է ասել՝ դեռ բավականաչափ չեք փոխվել, դեռ սխալ եք խոսում, դեռ անցյալից չեք ազատվել։ Եվ իշխանության սխալ հաշվարկի համար հերթական անգամ մեղավոր է նշանակվում հասարակությունը։

Դպրոցի մասին հայտարարությամբ այս մոտեցումն արդեն հասել է բացահայտ գաղափարական պարտադրանքի։ Սեպտեմբերի 17-ին Փաշինյանն ասաց, որ դպրոցներում չպետք է հնչի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող խոսք, և կառավարությունը պետք է դրան հակազդի։ Այս հայտարարությամբ նա հավակնում է որոշելու նաև, թե ինչ մտքով կարելի է քննադատել իր քաղաքականությունը։ Սա ավտորիտար պահանջ է․ իշխանության գաղափարախոսությանը համապատասխանությունը ներկայացվում է որպես պետական անվտանգության պայման։

Ահա թե ինչպես է արտաքին հարմարվողականությունը վերածվում ներքին ճնշման։ Բաքվից համարժեք պարտավորություն ստանալը դժվար է։ Սեփական ուսուցչին, ընդդիմախոսին կամ հանրային գործչին «սխալ մտածելու» համար թիրախավորելը՝ շատ ավելի հեշտ։ Երբ իշխանությունը, սեփական քաղաքականությունը վերանայելու փոխարեն, ընտրում է երկրորդ ճանապարհը, արտաքին յուրաքանչյուր նոր դժգոհություն կարող է ներսում ավելի մեծ լռություն պահանջելու առիթ դառնալ։ Այդպես խաղաղության խոստումը վերածվում է ներքին հնազանդության պահանջի։

Փաշինյանի իշխանության անվտանգությունը նույնացվում է Հայաստանի անվտանգության հետ։ Եթե հենց ինքն է խաղաղության անփոխարինելի երաշխավորը, ապա իրեն փոխելու պահանջն էլ կարելի է ներկայացնել որպես խաղաղությունը վտանգելու փորձ։ Իմ նախորդ հոդվածերում հենց այս վտանգի մասին էի խոսում։ Իշխանության համար սպառնալիք կարող է դառնալ ոչ միայն արդեն կազմակերպված քաղաքական գործողությունը, այլև այն ինքնուրույն հանրային ներուժը, որը վաղը կարող է վերածվել այլընտրանքի։ Ընդդիմության առաջնորդը, հանրային հեղինակությունը, հոգևոր կամ ազգային հաստատությունը վտանգավոր են դառնում իրենց շուրջ մարդկանց համախմբելու կարողությամբ։ Նրանց պարտադիր չէ ամեն օր իշխանափոխության կոչ անել։ Ինքնուրույն վստահություն ունենալն արդեն նշանակում է, որ հասարակությունը կարող է կողմնորոշվել իշխանությունից անկախ։

Այդպիսի պայմաններում ճնշման նպատակը դառնում է նաև հնարավոր այլընտրանքի կանխարգելումը։ Եվ այստեղ է բացվում օրինական քաղաքական պայքարը քրեական սպառնալիք ներկայացնելու ճանապարհը։ Եթե իշխանությունն իրեն նույնացնում է պետության ու խաղաղության հետ, ապա իրեն հեռացնելու նույնիսկ սահմանադրական նախաձեռնությունը կարող է ներկայացնել որպես պետության և խաղաղության դեմ գործողություն։ Իրավական գնահատականը պետք է հիմնվի ապացուցված արարքի վրա։ Իշխանության պահպանման տրամաբանությունը, ընդհակառակը, գայթակղում է նախ որոշել քաղաքական հակառակորդին, հետո նրա գործունեության համար փնտրել քրեական որակում։

Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվի դատավարությունների քաղաքական նշանակությունն էլ ես գնահատել եմ այդ ավելի լայն հարթության վրա՝ որպես Արցախի պետականության և դրա կրած գաղափարի ցուցադրական դատապարտում։ Հայաստանի ներսում իմ նկարագրած վտանգն այդ գաղափարները կրող ու ինքնուրույն հասարակական ուժ ձևավորելու ունակ շրջանակների չեզոքացումն է։ Համեմատության հիմքը քաղաքական հետևանքն է՝ հասարակությանը սեփական հիշողության ու նպատակների շուրջ կազմակերպվելու կարողությունից զրկելը։

Հենց այս կետում արտաքին հարմարվողականությունն ու իշխանության ներքին ինքնապաշտպանությունը միանում են իրար։ Բաքվի համար անհարմար հայկական խոսքը կարող է անհարմար լինել նաև Փաշինյանի համար, որովհետև հիշեցնում է նրա քաղաքականության չլուծված հակասությունները։ Եվ իշխանության առաջ կանգնում է ընտրությունը՝ պատասխանե՞լ այդ խոսքին, թե՞ այն ներկայացնել որպես խաղաղությանը խանգարող երևույթ։ Կրկին՝ դպրոցներում «Իրական Հայաստանի» մասին հայտարարությունն արդեն ցույց է տալիս, որ երկրորդ տարբերակը պարզապես տեսական վտանգ չէ։ Այդ տրամաբանությամբ ընդդիմությունը, կառավարության աշխատանքի արդյունքները քննարկելուց կամ քննադատելուց առաջ, ստիպված է արդարացնել սեփական գոյությունը։ Սա իշխանության պահպանման ավտորիտար բանաձև է՝ քաղաքական մրցակցությունը վերածել անվտանգության սպառնալիքի։

Ադրբեջանն ավելի շուտ է հասկացել, որ Փաշինյանին հարմարեցնելը դեռ Հայաստանը հարմարեցնել չէ: Հայաստանը նրա քաղաքական կենսագրությունը չէ, որ հերթական շրջադարձից հետո վերաշարադրվի։ Մարդիկ ունեն հիշողություն, կորուստ, արժանապատվություն և իրենց պետության շահը ձևակերպելու իրավունք։ Այդ իրավունքը չի վերանում այն պատճառով, որ անհարմար է իշխանության արտաքին հաշվարկների համար։ Իսկ դրանից օգտվող մարդուն «խաղաղության խոչընդոտ» ներկայացնելը քաղաքական պատասխան չէ․ դա պատասխանատվությունից փախուստ է։

Փաշինյանն ընտրություն ունի։ Կարող է ընդունել իր հաշվարկների սահմանները, պահանջել ստուգելի փոխադարձ պարտավորություններ և խաղաղության քաղաքականության մեջ առաջնային տեղ տալ Հայաստանի պաշտպանունակությանն ու զսպման կարողությանը։ Բայց դա կնշանակի ընդունել, որ հասարակության մտածողությունը փոխելն ինքնին անվտանգության երաշխիք չէր, իսկ «խաղաղությունն» էլ վերընտրվելու քաղտեխնոլոգիական գործիք էր: Նրա քաղաքական ծուղակը հենց այստեղ է․ իր կոնցեպտը վերանայելուց հրաժարվելու գինը սեփական իշխանությունն է։ Այդտեղից էլ գալիս է զսպանակն ավելի սեղմելու անհրաժեշտությունը՝ իր իշխանության համար։

Ընդդիմությունն այս մեխանիզմը պետք է բացահայտի հիմա և ամեն անգամ իշխանությանը վերադարձնի կոնկրետ հարցերը․ ո՞րն է միակողմանի քայլերի սահմանը, որո՞նք են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, և ի՞նչ է անելու Հայաստանը դրանց չկատարման դեպքում։ Միաժամանակ պետք է հետևողականորեն պաշտպանել պարզ սկզբունքը․ կառավարության փոփոխության պահանջը, խաղաղ հավաքների ինտենսիվությունը, սեփական ընտրազանգվածների շահերի և ձգտումների ավելի բարձր և քաղաքականապես հանդուգն արտահայտումը: Փաշինյանի իշխանության համար դրանց վտանգավոր լինելը չի դարձնում դրանք վտանգավոր Հայաստանի համար։

Իր քաղաքականությունը չվերանայող Փաշինյանին պետք է լինելու ավելի ուժեղ սեղմել ներհայաստանյան զսպանակը, բայց հասարակությունը պարտավոր չէ իր ազատությամբ վճարել այդ ընտրության համար։

Եվ հարցը, որից իշխանությունն այլևս չպետք է կարողանա խուսափել, սա է․ եթե Փաշինյանի «խաղաղությունը» չի դիմանում սեփական հասարակության օրինական անհամաձայնությանը, ինչպե՞ս է այն դիմանալու Ադրբեջանի հետ իրական շահերի բախմանը։ Պատասխանը հստակ է՝ չի դիմանում և շահերի պաշտպանության փոխարեն ընտրել է շահերը զիջելու մարտավարությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը զիջելու մարտավարությունը և դա ամեն կերպ պոպուլիզմով կոծկելու մարտավարությունը:

P.S. Իր քաղաքականությունը վերանայելուց հրաժարվող Փաշինյանը դրա պահպանման գինը փորձելու է վճարել հասարակության ազատության հաշվին։ Այդ պատճառով էլ նրան պետք է լինելու ավելի ուժեղ սեղմել ներհայաստանյան զսպանակը։

Իսկ հասարակությունը պետք է հասկանա՝ այդ զսպանակն ինքն է։ Եվ իրենից պահանջվող հերթական լռությունը կարող է երկարացնել իշխանության կյանքը՝ առանց Հայաստանի անվտանգությունն ավելացնելու։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ