Ապրիլի 1-ին` Խաբելու օրը, ինչպես տեղեկացրել էինք, Մխչյանում է եղել հայոց իշխանական իսթեբլիշմենթը` հյուր Արգամիչներին: Ոչ թե խաբելու, այլ ընտրություններին բարի երթ մաղթելու, իրար հետ մոտիկից շփվելու, ընտրություններից առաջ իրար ՙզգալու՚ համար (հասկանալի է` Արգամիչը հաճելին համընթաց օգտակարած կլինի սեփական շահերին, բայց դա չէ կարևորը): Այնտեղ են եղել կոալիցիոն բոլոր լիդերները` Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը և, իհարկե, ընտանիքի հարազատ անդամ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինիս ՙկոմպանյոնությունը՚ ՀՀԿ և ՕԵԿ լիդերներին, երբ դեռ չէր չորացել Օսկանյանի ուրբաթ օրվա մտքի թանաքը. այն է` ԲՀԿ-ի մասնակցությունը կոալիցիային ձևական է եղել, ու ինքը` Օսկանյանը, նոր կոալիցիա է կազմելու (բաց տեքստով հենց դա էր նշանակում նրա ասածը) ընտրություններից հետո, դիտարժան է սպրդող այն լուրերի ֆոնին, թե Օսկանյանն այժմ դեֆակտո, իսկ ընտրություններից հետո արդեն դեյուրե վերցնելու է ԲՀԿ-ի լիդերությունը:
Մխչյանի ՙսխոդկան՚ առանձնահատուկ էր նաև նրանով, որ տեղի էր ունենում ԲՀԿ-ի ՙհոր՚` Մոսկվայից վերադարձի և նրա սպասվող նախընտրական հայտարարության ֆոնին, արձանագրելու, որ կոալիցիայի մահվան մասին լուրերը չափազանցված են: Ավելին, Օսկանյանից առկա նոր ՙմարտահրավերը՚ կոալիցիոն կապերն է՜լ ավելի սերտ է դարձրել, ստիպել քով քովի գալ, առաջին հերթին, Գագիկ Ծառուկյանի ՙհամար՚: Հասկացե՞լ են ԲՀԿ-ի ՙհայրերը՚ մխչյանյան սույն մեսիջը, թե՞ ոչ, կերևա առաջիկայում: