ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Սև խավիար

Սև խավիար
15.05.2009 | 00:00

(պատմվածք)
«Ստալինն ու Հիտլերը երբեք իմ ծնողը լինելու պատիվը չեն ունեցել, բայց երկուսն էլ, իրենց չափով, մասնակցել են իմ լույս աշխարհ գալու գործընթացին: Եթե Ստալինը չհղանար համակենտրոնացման ճամբարի գաղափարը և այն սկուտեղի վրա Հիտլերին չփոխանցեր, հայրս 15 տարի անապաստան կմնար: Ֆուտբոլային լեզվով ասած` Ստալինը հորս փոխանցեց Հիտլերին, Հիտլերը նորից Ստալինին, բոլոր պաշտպաններին խաբս տվեցին, աջ եզրից ձախ եզր, տուգանային հարված… և հայրս հայտնվեց մորս ձեռքերում: Ի տարբերություն այն երկուսի, մայրս հորս այլևս բաց չթողեց»:
Սա մի հատված էր «Մեր ընտանիքը» թեմայով իմ դպրոցական շարադրությունից: Գրածս մի մեծ բան չէր. խորագրի տակ ենթավերնագիր էի ավելացրել` «Մուկն ու կատուն», և պատմել էի այն, ինչ ամեն օր տեսնում էի ու լսում: Մեկ օրվա մեջ դարձա դպրոցի ամենաճանաչված մարդը: ՈՒսուցիչներն ինձ տեսնելիս հանդիմանանքով գլուխներն էին թափահարում, աշակերտները, աչքերը ճպճպացնելով, հազի մեջ ծիծաղն էին խեղդում:
«Ես Աստծո գործերին չեմ խառնվել և այսուհետ էլ չեմ խառնվելու: Եթե Բարձրյալն ընտանիքներին սեր և համերաշխություն բաժանելիս շրջանցել է մեր տունը, իր կամքն է: Չեմ նախանձել և չեմ նախանձելու սիրո և համերաշխության պտուղ ներկայացող իմ ընկերներին: Հակառակության ոգին ներծծված էր մեր տան պատերի մեջ: Եթե հայրս ասում էր` «հայ», մայրս հակադարձում էր` «թուրք»: Մայրս իմ մեջ երաժիշտ էր տեսնում, հայրս` զինվոր: Մայրս մրսում էր, հայրս` շոգում: Մեկը քաղցած էր, մյուսը` կուշտ: Որ օրը հայրս ջրիկ ճաշ էր երազում, մայրս փլավ էր եփում: Ես հանդիսատես էի, առավոտից իրիկուն «Մուկն ու կատուն» ներկայացումն էի դիտում` դերասանների խաղին գրեթե չմիջամտելով: Մտքովս ոչ ջութակ էր անցնում, ոչ էլ ավտոմատ»:
Եղած-չեղածն այս էր. ոչ մի արտառոց բան: Թե ինչու ուսուցիչները չէին գնահատել իմ «ստեղծագործությունը», մինչև այսօր էլ հանելուկ է:
Իզուր էլ անցած-գնացած բաների հետևից եմ ընկել: Այսօր էլ խաղացանկը նույնն է: Պարզապես մուկն ու կատուն ծերացել են մի քսան տարով: Սիրո և համերաշխության նեկտարի մեջ թաթախված ի՜նչ ընտանիքներ քայքայվեցին: Քանի՜-քանի՜ սիրասուն կանայք իրենց անփոխարինելի ամուսիններին տված հավատարմության երդումը դրժեցին, և որքա՜ն ամուսիններ իրենց երջանկաբեր ավյունը մսխեցին հեռուներում: Հիտլերի և Ստալինի «բարձր հովանու ներքո» կազմավորված այս իրարամերժ զույգը, որին վիճակված էր ծնել, սնել և դաստիարակել ինձ նման մի անբան գրողի, որի գրչից սուտը ծորում է որպես ճշմարտություն, շարունակում է գաղտագողի ժխտել բարոյականության այն հիմնարար սկզբունքները, որ մարդկությունը հնարել է աշխարհի չորս ծագերի համար:
Պատուհանից դիտում եմ, թե ինչպես են նրանք բակով շարժվում դեպի մուտքը: Հայրս մի անծանոթ տղամարդու հետ է: Ինչպես միշտ, դատարկաձեռն է, գլուխը բարձր, հանդիսավոր քայլքով, մայրս` ուղեբեռների ծանրության տակ ճկված, հորիցս հինգ մետր հեռավորություն պահած: Այդ հեռավորությունը հորս անհրաժեշտ էր, որպեսզի մորս փնթփնթոցները չլսի, մորս` որպեսզի ամուսնուն վերահսկելի տարածքում պահի: Անկեղծ ասած, այդ հեռավորությունն ինձ էլ էր պետք` խաղաղապահի իմ առաքելությունը իրականացնելու և հակառակորդների միջև անվտանգության գոտի ձևավորելու համար: Հազար ու մի մասնագիտություններից հիասթափված մայրս իր համար հայտնաբերել էր հորս թիկնապահի հաճելի փեշակը: Եթե ասեմ, որ գերազանց էր կատարում պարտականությունները, հավատացեք. օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող հատել հորս ապահովության սահմանագիծը, որը մայրս գծել էր իր բնատուր համարձակության, կյանքի տիրոջ զգացողության և իր կուսակցական տոմսի մոգականության շնորհիվ: Հայրս մորս բաժինն էր, նրա անձեռնմխելի սեփականությունը: Կնոջ խնամակալությանը հանձնված այս տղամարդը գոհ էր իր կարգավիճակից և առանձնապես չէր էլ ձգտում ազատվել վերահսկողությունից: Ազատություն ասածն արդեն նրա համար ուշ մատուցված քաղցրավենիք էր` համ չոր էր, համ բորբոսնած:
Թող այն տպավորությունը չստեղծվի, թե հայրս լուռումունջ կուլ էր տալիս կնոջ պարսավանքները: Պարզապես նա ուշ և հազվադեպ էր արձագանքում: Պայթյունավտանգ պահերին մայրս խելամտորեն լռում էր և թույլ տալիս, որ հայրս սպառի բանտային իր բազմալեզու բառապաշարը: Կարծում եմ` մայրս դիտավորյալ էր նրան հունից հանում. տասնհինգ տարի ամուսին չտեսած կնոջ համար իր տղամարդուն զգալու, տեսնելու և գաղտնաբար սիրելու ավելի նպաստավոր պահ դժվար էր հորինել:
Դուռը բացելու եմ ծնողներիս առաջ: Երբ նրանք տանն են, ես այլևս անելիք չունեմ, մնում է նստել հանդիսատեսի իմ աթոռին ու լուռ սպասել հետագա իրադարձություններին: Դիպվածների պակաս մեր տունը չի զգացել: Մի անգամ հայրս տուն էր բերել աշխարհից մոռացված մի խեղճուկրակի, որից խաբեությամբ բնակարանը խլել էին: Գինովցած հայրս պարծեցել էր, որ իր կինը դեպուտատ է և մեկից մեկ նրան կօգնի: Եվ ի՞նչ եք կարծում… Մայրս տեր կանգնեց հորս ստին, մեկ ամիս պաշտոնյաների դռները թակեց, խնդրեց, սպառնաց, ապացուցեց, և արդյունքում խեղճուկրակի բնակարանը վերադարձրին: Եթե հորս վերահսկողության հարցը չլիներ, մայրս Հայաստանի Հանրապետության լավագույն դեպուտատը կարող էր դառնալ:
Արդեն դուռը բացել եմ: Քիչ հետո հայ ժողովրդի պատմությունը խունացած դասագրքից կհորդի դեպի քաղաքի հրապարակները, այնուհետև, գորբաչովյան թողտվության ալիքների մեջ տարուբերվելով, կհանգրվանի մեր տան նավահանգստում:
-Ընկերս է,-անծանոթ հյուրին առաջ մղելով` ասաց հայրս: Հետո ականջիս փսփսաց,-թուրք է: Մամային կասես` ռուս է: Առողջարանում միասին էինք հանգստանում, խոստացավ, որ սև խավիար կբերի ինձ: Խոսքի տերն է:
Գրեթե կաթվածահար եղա: Ձեռքս, որ մեկնել էի անծանոթին, ակամա հետ քաշեցի: Մեկ օր առաջ սումգայիթյան եղեռնագործության լուրը ցնցեց Հայաստանը: Ազգային ատելության խառնարանում այրվեցին-հալվեցին ժողովուրդների բարեկամության խորհրդային պատրանքի վերջին նշույլները: Աչքիս առաջ եկան իմ սասունցի պապերը, նրանց արցունքով շաղախված պատմությունները, որ կլլում էի թախտի վրա կուչ եկած, Զորավար Անդրանիկը, որի խրոխտ հայացքը շամփրում էր ինձ… կորսված ծննդավայրերը, որոնց տեսլականները որպես իրականություն կրում էինք մեր մեջ: Ի վերջո, իմ գրած պատմվածքները հիշեցի, որոնց բառերը մեկ առ մեկ թաթախել էի հայ-թուրքական պատմության դառնահամ լուծույթի մեջ:
-Ընկերս է,-կրկնեց հայրս սուր, ոչնչացնող հայացքով:
Անծանոթի ձեռքսեղմումի մեջ ընդգծված ուժ զգացի: Ազգայնական իմ նկրտումները հօդս ցնդեցին: Հակաթուրքական ջղաձգումների մեջ գալարվող իմ գրողական փորձերը մեկ ձեռքսեղմումի մեջ հալվեցին: Սասունցի մի երիտասարդի համար ավելի նվաստացուցիչ իրավիճակ դժվար է պատկերացնել:
Մի կողմում հայրս էր, որի ողբերգական կյանքն ավելին էր, քան հայրական կենսագրությունը, մյուս կողմում` սեփական ժողովրդի ցավը ներծծած մի սկսնակ գրող, որի ձեռքը հայտնվել է թուրքի ափի մեջ: Թե ինչպես պետք է ցայտուն թուրքական դիմագծերով, սև, անճոռնի բեղերով մարդուն մորս ներկայացնեմ որպես ռուսի, Աստված գիտի ու մեկ էլ հայրս: Եվ արդյո՞ք մայրս, որն իր բովանդակ կյանքում աշխարհի ամենավատ բաների մեջ միշտ թուրքական հետք էր տեսնում, կհավատա հորս հնարած «ռուս» վարկածին: Մեր` հայերիս երևակայության սահմանը ռուսից և թուրքից այն կողմ չի անցնում: Եթե հայրս «ռուսի» փոխարեն «մոլդովացի» ասեր, ես էլ, մայրս էլ երևի սուտը կուլ կտայինք: Եթե ես խելամտորեն հորս սուտը քողարկեի, դժվար թե մայրս հոտոտելով գլխի ընկներ: Գոնե թուրքն իր ազգությունը թաքցնելու չափ խելք ունենար: Հորս առաջին անգամ տեսա, երբ տասներեք տարեկան էի: Արդեն քսան տարի է` նա բարեխղճորեն կատարում էր հայրական իր պարտականությունները, ես` որդիական: Մենք` բանականությամբ, մայրս` ոգով, պահպանում էինք մեր ընտանիքը չար աչքից և կեղծ բարոյականության հեշտանքի մեջ նվաղող հասարակությունից:
-Տղաս է,-անծանոթին ասաց հայրս,-գրում-մրում է:
Հորս ռուսերենը մորս հայերենից քիչ բանով է տարբերվում, բայց բավարար էր, որպեսզի մի թուրք հասկանա, որ «դժվար» ընտանիքում է հյուրընկալվել:
-Հոյակապ մարդ է, Սիրանույշ,-ասաց հայրս,-միասին առողջարանում հանգստացել ենք: Խոստացավ սև խավիար բերել, խոսքի տերն է:
-Դու էլ ես հոյակապ,-ասաց մայրս` բեռները խոհանոցում տեղավորելով:
Արագությունը մորս խառնվածքի մասն էր: Մեկ-երկու, և սեղանը պատրաստ է: Մայրս գողունի ուսումնասիրում էր հյուրին:
-Սև խավիար է,-ասաց հայրս,-Բաքվի անարատ խավիար:
-Բաքո՞ւ,-անհանգստացավ մայրս:
Հայրս լեզուն կծեց, բայց որոշեց շտկել իր սխալը:
-Ռուս է, բայց Բաքվում է ապրում,-ասաց նա:
-Դու էլ ես ռուս,-ասաց մայրս ու ինչ-որ բան կասկածեց:
Գնաց իբր հարևան սենյակից օղու շիշը բերելու, բայց շփոթմունքից հասկացա, որ կասկածը մարսելու առիթ է փնտրում: Վերադարձավ, օղու շիշը դրեց սեղանին ու առանց այլևայլությունների ինձ դիմեց.
-Թո՞ւրք է:
Այդ պահին ավելի դժվար բան, քան թուրքին «թուրք» ասելն էր, ինձ համար չկար: Չպատասխանեցի: Մայրս ակնդետ ինձ էր նայում:
-Չգիտեմ,-գրեթե զայրացած ասացի,-ռուսի ու թուրքի մասնագետ չեմ:
Մեր հյուրը մեկ ինձ էր նայում, մեկ հորս, երբեմն էլ` մորս: Հավանաբար սումգայիթյան դեպքերի մասին տեղյակ էլ չէր: Կամ էլ` տեղյակ էր, բայց ձևացնում էր, որ տեղյակ չէ:
-Թո՞ւրք է,-ամուսնուն դիմեց մայրս:
Հայրս անհանգստացած, բայց մեղմորեն, որպեսզի հյուրը չզգա, ասաց.
-Մարդ է, Սիրանույշ, մարդ:
-Դո՛ւ էլ ես մարդ,-նետեց մայրս,-ասա՛, էս խայտառակությունն ինչի՞ սարքեցիր: Բերել ես, որ գլխի՞ս նստեցնեմ: Քիչ են, հա՞, մեր գլխին նստել:
-Սիրանույշ, անհարմար է, մարդ է…
-Սասունցին թուրք է բտում,-մայրս շրջվեց իմ կողմը,-գնա՛, հայրդ որոշել է պղծել մեր օջախը, ես էլ կգնամ, թող իր թուրքի հետ զխտկվեն:
Հայրս իրադրությունը չսրելու համար ինձ դիմեց.
-Բաժակները լցրու, լակոտ, ի՞նչ ես պլշել:
Ես կատարեցի հորս հրամանը: Մայրս հանդիմանանքով ինձ նայեց.
-Ես գնում եմ,-ասաց,-Հիտլերի ու Ստալինի գլուխը հողեմ, սասունցու ալյուրով թուրքին գաթա թխեցին:
Մայրս գնաց: Ամենքիս գործն էլ հեշտացավ: Թուրքն անիմաստ ժպտաց, իբր ոչինչ էլ չի հասկացել: Ես ծխախոտ վառեցի ու ծուխը հորս կողմը փչեցի: Հայրս հյուրասիրելու գործում վարպետ էր, մի քանի բաժակ օղիով հյուրի սիրտը շահեց ու ասաց.
-«Թուլություն, անունդ կին է». ո՞վ է ասել:
Ստիպեց, որ թարգմանեմ: Օղուց քաղցրացած թուրքը ձեռքը հորս ուսով գցեց և ասաց, որ եղբոր պես սիրում է նրան: Հետո հայրս թուրքին պատմեց նրա հայրենակից գեներալ Մխտիևի մասին, որը ստալինյան ճամբարում մի շարք անախորժություններից փրկել է իրեն: Հետո հայրս ստիպեց, որ ես խմեմ իր ընկեր թուրքի կենացը: Ես, իհարկե, կարող էի հրաժարվել: Կարող էի հետևել մորս օրինակին: Կարող էի, բայց այդ օրը ես հորս զինվորն էի և անտրտունջ կատարում էի նրա հրամանները: Իսկ նա ասում էր.
-Ամեն ինչ սուտ է: Ճիշտը մարդն է, որը ծնվում է մերկ և առանց ածականների… հասկանո՞ւմ ես, լակոտ, առանց ածականների…
Հայրս ուզածի չափ չարաշահեց մորս ընձեռած ազատությունը և այնպիսի բաներ ասաց, որ ես էլ, թուրքն էլ ապշեցինք: Մեր հյուրը լկտիացավ այն աստիճան, որ ձեռքը ուսովս գցեց: Ես էլ թուլացա այն աստիճան, որ ուսս հետ չքաշեցի:
-Աշխարհն էսպես եկել, էսպես էլ գնալու է,-ասաց հայրս:
Թուրքը չժխտեց, հավանաբար, նրան ձեռնտու էր աշխարհի «էսպես գալու և էսպես գնալու» գաղափարը: Ես առարկություններ ունեի, բայց լռեցի: Տխուր է այն սասունցու վիճակը, ով չի առարկում, թեկուզ ինքն իրեն: Սա ավելի ծանր բան է, քան գերությունը. գերին ազատագրվելու հույսը երբեք չի կորցնում: Կկարողանա՞մ ես այս թուրքին բացատրել, որ ծնվել և ապրում եմ մի երկրում, որտեղ չեմ ծնվել և չեմ ապրում: «Լավ բառախաղ է»,-կմտածի այս թուրքը կամ այն թուրքը: Հիմա մտքովս անցնում է այս թուրքի ուսովս գցած ձեռքը հետ հրել, բայց հայրս ասում է. «Մարդ է»: Մայրս ասում է. «Սասունցի ես», հայրս ասում է. «Մարդ ես», այս թուրքն էլ ասում է. «Եղբայր ենք»:
Մեր տան մեջ այսօր, սումգայիթյան եղեռնագործությունից մեկ օր անց, հենց այս պահին հազարամյա, խրթին մի հարց է հասունանում, որի պատասխանը չգիտի ո՛չ այս թուրքը, որ հանգամանքների բերումով հայտնվել է սասունցու օջախում հյուրի կարգավիճակով, ո՛չ հայրս, որ ամեն ինչից առաջ և ամեն ինչից հետո հիշեցնում է, որ «մարդ ենք», ո՛չ ես, որ լռում եմ և չեմ լռում, ո՛չ էլ մայրս, որն իր ատելությունն ու սերը պահում է նույն մթերանոցում:
-Գեներալ Մխտիևն ասում է` սրիկա է այն մարդը, ով հարցնում է մի բան, ինչը գիտի,-ասաց հայրս:
Ես չարձագանքեցի: Մեր հյուրը գլխով արեց ու կուլ տվեց օղին: Ոնց որ թե հորս տրամադրությունը բարձր էր` քթի տակ սկսեց «Աշխարհս մե փանջարա է» երգը մտմտալ: Հայրս ապսպրեց, որ իր հարազատ ընկերոջը մարդավայել ճանապարհեմ և գնաց ննջարան: Քիչ հետո լսեցինք խռմփոցը: Հյուրը ճիշտ ժամանակին հորս հասցեին քաղցր-մեղցր բառեր շռայլելով գնաց: «Հարազատ ընկերոջը մարդավայել ճանապարհելու» հորս հորդորը չկատարեցի: Թուրքի դուրս գալուց հետո փլվեցի բազկաթոռի մեջ և շնչահեղձի պես սկսեցի կուլ տալ անակնկալ հյուրընկալության ջղագրգիռ տպավորությունները: Ամոթի պես մի բան էի զգում: Ամաչում էի մորս պահվածքի, հորս հանդարտության և իմ համակերպության համար: Հյուրասիրությունն անթերի էր, ուսս մինչև հիմա էլ զգում է մեր հյուրի ծանր ձեռքի մտերիմ հպումները: Այդ օրվա մասին չպատմելու մորս թախանձանքները հարգեցինք: Մեկ-երկու անգամ հայրս քիչ էր մնում լեզուն թուլացներ, բայց, փառք Աստծո, կինը ժամանակին բերանը ծեփեց: Մայրս այնպես անթեղեց մեր ընտանիքի գաղտնիքը, որ երբեմն թվում է, թե այդպիսի բան չի եղել: Այդպես էլ կմտածեի, եթե մեր շենքի Ժենիկը ժամանակ առ ժամանակ հարևանների գլուխը չտաներ.
-Աղջի, ասում են` Աստված չկա. առավոտը զարթնեցի, տեսնեմ մեր դռան դեմ մի կապոց: Բացեմ-տեսնեմ` ի՞նչ… տասը բանկա սև խավիար:
ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ