«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մեծագույն սիրով կսեղմեի Գյուլի ձեռքը»

«Մեծագույն սիրով կսեղմեի Գյուլի ձեռքը»
05.09.2008 | 00:00

«ՑԵՂԱԿԱՆ ՁԻՆ ՊՂՏՈՐ ՋՐԵՐ ՉԻ ԽՄՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Ի՞նչ է անում այսօր գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ, ի՞նչ է մտածում Հայաստանի երրորդ հանրապետության նախագահների, ներքաղաքական խմորումների, մտավորականների դերի ու կեցվածքի մասին:
«ՄԵԾԱՄԵԾ ՄԱՐԴԻԿԸ ՀԵՌՈՒ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ, ԱՍՊԱՐԵԶԸ ՀԱՄԲԱԿՆԵՐՈՒՆ ԵՆ ԹՈՂԱԾ»
-Հրապարակախոսությունը, որպես ժանր, մեզանում նահանջել է, գրեթե չկա։
-Չկա: Որովհետև հրապարակախոսության ժանրը պահանջում է ազնվություն, նվիրում շատ կարևոր մի բանի, ոչ թե ծառայություն ինչ-որ մեկին։ Իսկ հիմա քանի որ ծառայեցնողները շատացել են, այն մղվել է երկրորդ, երրորդ պլան, որովհետև հրապարակախոսությունն ինքը գրականություն է՝ առավել առօրյա, բայց ոչ անցողիկ խնդիրների շուրջ։ Հանճարեղ հրապարակախոսներ էին Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Մուշեղ Գալշոյանը, Վարդգես Պետրոսյանը, վարպետը՝ Հրանտ Մաթևոսյանը... Ջիվանու խոսքերը հիշեցի. «Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած»։
-Իսկ ինչո՞ւ են «հեռու կանգնած»։
-Այդ մեծ մարդիկ իրենք իրենց չեն կարևորում այլևս։
-Այսինքն՝ այսօր ազգի մտավոր, գաղափարական ներուժն իրեն զգում է պետության ոտքերի տակ... Մինչդեռ Նժդեհն ասում էր. «Ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտավորականությունն է»։
-Երբ աշխարհն սկսում է լուսավորվել, այսպես կոչված, կեղծ կայծակներով (քաղաքական կուսակցությունները նկատի ունեմ հիմնականում), մտավորականների մոմի լույսը երկրորդ պլան է մղվում։ Իսկ մարդու ներսում եթե այդ մոմը չի վառվում, ինքը չկա։
-Դա արդարացնո՞ւմ է այս ծանր իրավիճակում մեր մտավորականների խի՜ստ զգուշավոր լռությունը։
-Աստծո աշխարհին դեմ է, բանական օրենքին, կյանքի կանոնին դեմ է, երբ մարդն ուզում է էնքան էլ էգ չլինել կամ էնքան էլ որձ չլինել։ Ո՛րձ ես, կամ` է՛գ։ Ես սկզբունքը պահպանեցի, չէ՞, նույնը մտավորականությունը պետք է անի։
-Ինը տարի եղել եք խորհրդարանում։
-Առաջին հինգ տարին հրաշալի տարիներ էին. երազում էինք Հայաստանի անկախությունը։ Բազմաթիվ օրենքներ եմ հեղինակել, նվիրումով աշխատում էի։ Մի տող չեմ գրել ինը տարվա ընթացքում։
Առաջին խորհրդարանը փայլուն էր, ինտելեկտուալ։ Նման խորհրդարան այլևս չենք ունենա։ Ազգի ողջ սերուցքն էր այնտեղ։ Այն ժամանակ ժողովուրդն էր ընտրում... 1995-ի ընտրություններից հետո հուսախաբվեցի...
-Ինչի՞ց։
-Կեղծված ընտրություններից, համատարած միակուսակցականության տանող ՀՀՇ-ի անհանդուրժողականությունից։
-Իսկ Դուք ՀՀՇ-ական չէի՞ք։
-Երբե՛ք։ Մի անգամ եմ կյանքումս կուսակցական եղել՝ կոմունիստ, որից հրաժարվել եմ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին։ «Գարունի» գլխավոր խմբագիրն էի: Յոթ կուսակցական էինք, հավաքվեցինք, հրավիրեցինք Երևանի Սպանդարյանի շրջկոմի քարտուղարին: Կին էր: Տոմսերը կապեցինք, տվեցինք իրեն։ 1988-ի դեկտեմբերն էր... Այլևս կուսակցական չեմ եղել։ Կարծում եմ՝ մտավորականը չպետք է կուսակցական լինի։
«ԱՐԴԵՆ 96-ԻՆ ԼԵՎՈՆԸ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ՝ ԻՐ ԳՈՐԾԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ...»
-Թվում էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ որպես Ձեր նախկին զինակցի՝ երկրորդ շռնդալից մուտքից հետո քաղաքականություն, Դուք պետք է անպայման կանգնեիք նրա կողքին։ Բայց... հայտնվեցիք նրա հակառակորդի՝ Սերժ Սարգսյանի թիմում։
-1996-ի մայիսի 7-ին ես եղել եմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Նախագահն ինձ հետ անկեղծ էր։ Այդ օրն ինձ ասաց. «Չեմ ուզում երկրորդ անգամ թեկնածությունս դնել: Ես իմ գործն ավարտել եմ։ Ես հռչակել եմ Հայաստանի անկախությունը: Ես հաղթել եմ պատերազմում, սպիտակ ձիու վրա նստած գնում եմ։ Այլևս չեմ ուզում նախագահ լինել, մանավանդ Ղարաբաղի հարցի լուծումն էլ չգիտեմ։ Բայց տղերքն ինձ խեղդում են, ասում են՝ դու որ գնացիր, փուռը կտաս սաղիս»։ Եվ դրեց թեկնածությունը։ Չանցավ, բնականաբար։ Վազգենն էր անցել, գիտեինք բոլորս էլ։ Եթե ինքն իմանար՝ ընտրվել է, երբեք հրաժարական չէր տա, ես նրան լավ եմ ճանաչում։ Առիթ փնտրեց, հրաժարական տվեց։ Եվ երբ անցյալ տարի մի օր գնացի Լևոնի տուն՝ սուրճ խմելու, ասացի՝ Լևոն ջան, եթե թեկնածությունդ դնելու ես, արի «Դե ֆակտո» ամսագրին հարցազրույց տուր (որի խմբագիրն էի ես), և շապիկի վրա նկարդ դնեմ, ինչպես մյուս թեկնածուներինը։ Ի դեպ, ասեմ, որ այդ բոլոր տարիներին, համենայն դեպս, մինչև վերջերս, միշտ պահպանվել են մեր բարեկամական հարաբերությունները, ես իմ բոլոր գրքերը մակագրությամբ նվիրել եմ նրան, իր ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, «ԱՐ»-ը մշտապես շնորհավորել է նրան։ Եվ ես՝ որպես ընկեր, առաջարկեցի դա նրան, բայց չի նշանակում, թե իրեն պետք է ընտրեի։ Ասաց՝ եթե որոշեմ թեկնածությունս դնել, առաջինը քեզ լուր կտամ, կզանգահարեմ։ Եվ… չզանգահարեց։
-Իսկ ինչո՞ւ չէիք ուզում այլևս սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին։
-Արդեն 96-ին Լևոնը չէր ուզում այլևս ընտրվել` իր գործը համարելով ավարտված։
-Հիմա ուզո՞ւմ էր։
-Ուզո՜ւմ էր։ Թերևս սխա՛լ էր ուզում։ Կարծում եմ` ինքն անելիք չուներ այլևս։
«ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԼԻՆԻ»
-Ի՞նչ արժանիքների համար ընտրեցիք Սերժ Սարգսյանին:
-Սերժ Սարգսյանին ճանաչում եմ դեռևս համալսարանից: ՈՒղնուծուծով հայ մարդ է: Ինքը Հայաստանը հագած է ապրում: Խորապես ուշադիր է և մարդկային: Զարմանալի մի հատկություն ունի մշակույթն ընկալելու և այն հովանավորելու։ Դա նրա արյան մեջ է:
-Տպավորություն կա, որ նախագահը միայն իրեն սատարող երգիչ-երգչուհիներին է հովանավորում։
-Ես այդ կարծիքին չեմ։ Ի տարբերություն նախորդ նախագահի, ինքը կարդացած մարդ է, անգիր գիտե հայոց պատմությունը, հայ գրականությունը։ Եվ սիրում է կարդալ։ Քոչարյանը հայտարարում էր, որ չի սիրում կարդալ։ Հարգում եմ նրա անկեղծությունը, բայց դա տխուր անկեղծություն է։ Ես հավատում եմ մեր նախագահին: Սերժ Սարգսյանը քսան տարի պետական քաղաքականության մեջ է։ Շատ պիտակներ փորձեցին կպցնել, բայց չկպավ։ Նախարար ենք նշանակում, վեց ամիս հետո կամ մեկին կրակում է, կամ ատրճանակով մեկի գլխին է խփում, կամ կաշառքի համար բռնում են։ Քսան տարի այս մարդը պետություն կառուցող է եղել։
-Բայց նրա օրոք հոկտեմբերի 27 է եղել։
-Շատ կներես, իմ ու քո օրոք էլ եղավ։
-Բայց մենք չէինք, կարծեմ, ԱԱԾ ղեկավարը...
-Սերժ Սարգսյանն ինչ արել է որպես նախագահ, մինչև այսօր ճիշտ է արել։
-Անձամբ ողջունում եմ Տիգրան Սարգսյանի նշանակումը որպես ՀՀ վարչապետ։ Ճի՞շտ կհամարեք նաև Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելը...
-Երբ կդառնա, կխոսենք: Հովիկը փորձառու ղեկավար է, 91-ից՝ պատգամավոր...
-Եվ քանի՞ օրենք է հեղինակել... Ձեզ բավարարո՞ւմ է նրա ինտելեկտուալ մակարդակը։
-Իսկ ի՞նչ պետք է, որ Ազգային ժողովի նախագահն անպայման ինտելեկտուալ լինի...
«ՀԱՅՏՆՎԵԼՈՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻՄՈՒՄ՝ ՇԱ՜Տ ԸՆԿԵՐՆԵՐ ԿՈՐՑՐԻ...»
-Եթե նշանակվեիք հանրապետության նախագահի խորհրդական, ի՞նչ խորհուրդներ կտայիք նրան։
-Առաջին հերթին խորհուրդ կտայի հաջորդ ընտրությունների ժամանակ կանչել բոլոր օլիգարխներին և բարեկամաբար հորդորել, եթե պետք է՝ նաև խնդրել՝ չդնել իրենց թեկնածությունը։ Խորհրդարան պետք է գան մարդիկ, ովքեր օրենք պետք է գրեն։ Երկրորդ՝ խորհուրդ կտայի Սեպտեմբերի 21-ի առթիվ համաներում անել, որպեսզի «քաղբանտարկյալ» հասկացությունը, այդ խարանը Հայաստան երկրի վրայից վերանա։ Առավել ևս ազատամարտի հերոսներին է պետք ազատ արձակել...
-Համաներումը Վանո Սիրադեղյանին չի՞ վերաբերելու։
-Վանոն իմ գրող ընկերն է և փայլուն գրող։ Ցավում եմ, որ նա վտարանդի է։ Անկեղծ ասած՝ հույս ունեմ, որ մեր նախագահը որևէ ձևով համաներում կանի, և Վանոն կվերադառնա տուն։
Նախագահին խորհուրդ կտայի նաև հնարավորինս ազատականացնել հեռուստաընկերությունները, ինչպես մամուլն է այսօր ազատ։ Անկախ հեռուստաընկերություն է պետք մեր երկրին:
-Կո՞ղմ եք «Ա1+»-ի բացմանը:
-Իհարկե, կողմ եմ:
-Նախագահական ընտրություններում հայտնվելով Սերժ Սարգսյանի թիմում` լավ ընկերներ չկորցրի՞ք։
-Շա՜տ, ինչքա՜ն ընկերներ կորցրի... Բայց ես նրանց սիրում եմ: Իրենք են փոքրոգի։
-Ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաքական լարված իրավիճակի թուլացումը։
-Կարծում եմ՝ կամաց-կամաց կմարի, կնստի այդ ընդդիմադիր ալիքը։ Իմ տպավորությամբ, կրկնում եմ, Լևոնին հրահրեցին վերադառնալ, ինքը չէր ուզում։ Կարծում եմ` մի խնդիր ուներ առաջին նախագահը. միակուսակցականացված ՀՀՇ-ական էլիտան, որ զրկված էր իշխանությունից, բերել իշխանության։
-Հիմա ի՞նչ պետք է անի առաջին նախագահը։
-Կարծում եմ` նա անելիք շատ ունի և՛ որպես գիտնական, և՛ որպես քաղաքական գործիչ: Փայլուն գիտնական է: Հրաշալի երկհատորյակ է ստեղծել: Եվ եթե նրա ղեկավարած ընդդիմությունն արմատականության ու ծայրահեղության չգնա, շատ ավելի լավ է, որ նա մնա քաղաքականության մեջ:
-Ո՞Ւմ խղճի վրա է մարտի 1-ը։
-Չգիտեմ՝ ում, թող հետաքննությունը պարզի, բայց հաստատ՝ ո՛չ Սերժ Սարգսյանի։
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴԵՄ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԷԻՆ ԴԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ»
-Ինչպիսի՞ն էր Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ։
-Քոչարյանը բախտավոր նախագահ էր։ Բացի հոկտեմբերի 27-ից՝ բախտավոր շրջան ղեկավարեց։ Եվ ես նրան կանվանեի Ռոբերտ շինարար։ Ինքն իսկապես գործ արեց։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նա զարմանալիորեն իրեն մի տեսակ հայոց տանուտեր չզգաց։ Նախագահի խնդիրն ուրիշ է։ Նախագահը պետք է դառնա ազգի առաջնորդը նաև։ Թերևս և՛ ի՛նքը, և՛ ժողովուրդը փոխադարձաբար մնացին անհաղորդ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա իր խաչը չէ, որ տանում էր, իր խաչը շատ մաքուր էր. նրա դեմ քվեարկողները Քոչարյանին էին դեմ քվեարկում՝ նույնացնելով նրանց: Եվ Քոչարյանի ժամանակ էր, որ այդ «ղարաբաղցի-հայաստանցի» դառը, աններելի արտահայտությունը մտավ մեր մեջ:
-Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ այդ վիրավորական տարանջատումը տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին շրջանում...
-Բոլոր թերություններով հանդերձ՝ Քոչարյանը կոշտ դիրքորոշում ուներ Ղարաբաղի խնդրի հարցում։ Ես Քոչարյանի չորությունը Ղարաբաղի խնդրի շուրջ խորապես հարգում եմ։
-Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի նախագահ՝ Աբդուլլահ Գյուլի այցը Երևան:
-Մեծագույն սիրով կսեղմեի Գյուլի ձեռքը: Իմ պատմական թշնամի երկրի նախագահն առաջին անգամ գալիս է Հայաստան: Պիտի սառույցը ճաք տա, ի վերջո:
«ԻՄ ԿԻՆԸ ԴԻՄԱՑԵԼ Է ԻՄ ԲՈՀԵՄԻՆ»
-Ի՞նչ է անում այսօր Մերուժան Տեր-Գուլանյանը։
-Հրատարակության եմ պատրաստում հրապարակախոսական հոդվածներիս ժողովածուն՝ «Տիեզերական սարդոստայնը», որի շնորհանդեսը կլինի նոյեմբերի 29-ին՝ ծննդյանս օրը։ Նաև վեպ եմ գրում՝ «Ընկած թուղթը», ժամանակաշրջանը՝ 5-րդ դար, կենտրոնում Մովսես Խորենացին է։ Պատմագրությունը նշում է, որ Խորենացու «Հայոց պատմությունը» կազմված է չորս գրքից, բայց մեզ հասել են երեքը։ Ի՞նչ է գրել Խորենացին, որ եկեղեցին հանել է։ Ես գրում եմ Խորենացու չորրորդ գիրքը։ Ինչպիսի՜ հանդգնություն... Ապշելու բան ասեմ։ Թովմա Արծրունի ես կարդում, մեջբերում է անում Խորենացու չորրորդ գրքից։ Բայց Խորենացու գրքում դա չկա։ Թովմա Արծրունին մեջբերում է անում Ղազար Փարպեցու գրքից, բայց Ղազար Փարպեցու գրքում դա չկա։ ՈՒրեմն ի՞նչ է տեղի ունեցել։ Կար Բյուզանդիան, կար Պարսկաստանը։ Գրիգոր Լուսավորիչը եկավ վերացնելու երրորդ պետությունը՝ Հայաստանը: Ագաթանգեղոսն ասում է. «Գրիգոր Լուսավորիչը բանակը հավաքեց և առաջին գործը, որ արեց, Տիր աստծո գրի տաճարն ավերելն էր»։ Ինչո՞ւ արեց. որ հայերն իրենց գիրը մոռանան. դուք գիր չունե՛ք, դուք չե՛ք ունեցել պատմություն։ Պատմությունն այստեղի՛ց է սկսվում։ Եվ մենք այնքան պարզունակ մտավորականներ ունենք, որ ասում են՝ գիտե՞ք, մեր պատմությունը քրիստոնեությունից հետո է սկսվում։ Եվ քանի որ այդ գծով դոկտորներ են դարձել, չեն կարող ջնջել իրենց գրածը։ Անկախության շրջանի սերունդը պետք է գրի ճիշտ պատմությունը։ Այդ վեպը գրելով՝ կարծես թե առաջին փորձն եմ անում՝ հստակ նայելու մեր պատմությանը։
-Ձեր կյանքում շա՞տ են եղել խոտորումներ, սայթաքումներ...
-Շա՜տ։ Ես բոհեմային մարդ եմ եղել։ Բոհեմը Երևանում վերանում է հիմա։ Ֆորշը մի լավ երգ ունի՝ «Հենց այսպես էլ ապրում ենք»։ Իմ անունն էլ այնտեղ կա։ Դա բոհեմի տղերքի մասին է։ Շատ սայթաքումներ եմ ունեցել և շնորհակալ եմ տիկնոջս, որ ինձ միշտ այդ սայթաքումներից հետ է պահել։ Իմ կինը դիմացել է իմ բոհեմին։ Ես միշտ եղել եմ ազգային-հասարակական մարդ։ Ես կոմունիստ էի, բայց Սոլժենիցին էի տպում։ Սոլժենիցինի «Ստի մեջ չապրել» նամակը, որի համար վտարեցին նրան վերջնականապես, առաջինը Սովետմիությունում տպել է «Գարունը»: Ես եմ տպել ու դեռ առաջնորդող եմ դրել։
-Ինչի՞ համար եք ափսոսում կյանքում։
-Կյանքս եմ ափսոսում, օրերս... Թեև երջանիկ մարդ եմ, չորս հրաշալի երեխա ունեմ և այնպես եմ ապրել, որ երեխեքս ինձ համար երբեք չեն ամաչելու: Բայց ափսոսում եմ կյանքս... Կարծես թե ծնվել էի մեծ գրող լինելու համար, բայց իմ էներգիան ավելի շատ ընկերության, խմբագրի, պատգամավորի, ընկերական շրջապատի համար անցավ, քան գրասեղանի առջև...
-Կյանքը դեռ առջևում է...
-Թերևս ճիշտ եք: Ես հիմա էլ դեռ հույսս չեմ կորցրել։ ՈՒ հիմա աշխատում եմ հեռու մնալ մանր խնդիրներից, գայթակղություններից և ճամփա եմ փնտրում դեպի իմ մանկության զուլալ ջրերը, իմ ակունքը, որովհետև կարծում եմ, որ ես ցեղական ձիու եմ նման. մանավանդ որ մայրիկիս կողմից իշխանական ծագում ունեմ: Իսկ ցեղական ձին պղտոր ջրեր չի խմում... Տա՛ Աստված...
Հարցազրույցը՝ Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5319

Մեկնաբանություններ