Վերջերս լուրջ անհանգստություն է նկատվում երիտասարդ գիտնականների և ստեղծագործական միությունների շատ անդամների շրջանում։ Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշանակալից նախաձեռնությամբ` շուկայականից անհամեմատ ցածր գներով և սոցիալական բնակարանաշինական ծրագրի սահմաններում «Զեյթուն» վարչական շրջանում, սրտաբանական ինստիտուտի դիմաց, բազմահարկ շենք է կառուցվելու։ Սակայն շենքի հիմնարկեքը, որը, ըստ ծրագրի կայքի տեղեկացման, պետք է կայանար 2011-ի ապրիլի 30-ին, այդպես էլ չի կայացել, և անհայտ է, թե երբ, առհասարակ, կսկսվի շինարարությունը։
Այստեղ ուշագրավ մի հանգամանք կա. մոտ 230 շահառու արդեն իսկ մուծել է բավականին պատկառելի գումար` յուրաքանչյուրը շուրջ 7000 ԱՄՆ դոլար։ Այսինքն, ընդհանուր գումարի 10-15 տոկոսը մուծված է, բայց շինաշխատանքների անգամ մեկ տոկոսն իրականացված չէ։
Խոփը դեմ է առել քարին։ Արդեն շահառուների շրջանում մարդիկ կան, որոնք պատրաստվում են, նույնիսկ որոշակի գումարային կորուստ ունենալու դեպքում, հրաժարվել այս ծրագրի մասնակցությունից, քանի որ գրեթե հավատ չունեն դրա նկատմամբ։ Ըստ վերոնշյալ կայքի տեղեկացման, 2013-ի փետրվարի 28-ին 15 հարկից բաղկացած երկու բարձրահարկերը պետք է շահագործման հանձնվեն։ Իսկ դրան արդեն քչերն են հավատում։
Ահա այսպես են որոշ գործամոլներ տապալում հանրապետության նախագահի բարեշինական ծրագիրը։ Այսօր շատերը հիմնավոր կասկածներ ունեն, որ արդեն իսկ մուծված շուրջ մի քանի միլիոն դոլար գումարը դրվել է շրջանառության մեջ և հավելյալ ստվերային շահաբաժին է բերում ոմանց։ Գուցե այսպես չէ։ Սակայն շինաշխատանքների ընթացքի խափանումը մարդկանց հուսահատեցնում է։ Զուգահեռաբար հիպոթեքային եղանակով բնակարանների ձեռքբերումը շատերին ստիպել է դուրս գալ ծրագրից։ Բանն այն է, որ ՎՏԲ բանկը, որն զբաղվում է հիպոթեքային վարկավորմամբ, անհարկի բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ