Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվեց Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին: «Անչափ կարևոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին: «Կասկադ» համալիրի հարակից տարածքում մինչև ուշ գիշեր ջազի հայ վարպետների կատարմամբ հնչում էին հայկական և համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:
«Մինչ պաշտոնական ճանաչումը ջազին նվիրված այսպիսի օրեր եղել են: Տարբեր երկրներում անցկացվում են փառատոներ, և դրանք իրենց արձագանքն են գտնում ջազային աշխարհում: Սա նույնպես միավորվելու հնարավորություն է. Մարքսի ասածը, մի փոքր վերափոխելով, կարելի է ասել` ջազմեննե՛ր բոլոր երկրների, միացե՛ք,- մեզ հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, խմբավար ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ, նշելով, որ ջազի ունկնդիրը Հայաստանում ձևավորվել է դեռևս անցած դարի 30-ականների վերջին: Նրա խոսքով` հայկական ջազի ունկնդիր նույնպես կա, որովհետև կան հայկական ջազի շատ լավ կատարողական ուժեր` ոչ միայն ներքին, այլև միջազգային ճանաչմամբ: Հարցին` ի՞նչ է արվում ջազային և, առհասարակ, լավ երաժշտության մասսայականացման ուղղությամբ, կոմպոզիտորը պատասխանեց, որ այն, ինչ արվում է այսօր, քիչ չէ. կան ջազի ակումբներ, սրճարաններ, որտեղ երիտասարդները կարող են և՛ իրենք ներկայանալ, և՛ լսել իրենց ժամանակակիցներին: «Բայց ցանկալի կլիներ, որ ջազային երաժշտությանը նվիրված առանձին եթերաժամեր լինեին, նաև` կամերային, էստրադային երաժշտության և այլն»,- ասաց նա:
Նշենք, որ Ջազի միջազգային օրն ընդունվել է 2011-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նիստում և նշվում է 2012-ի ապրիլի 30-ից: Ջազի հայրենիքը համարվում է Նոր Օռլեանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ