Ընտրությունների ավարտին, երեկոյան ժամը 10-ի մերձակայքում, ՀՀԿ «տուսովկան» կրկին կանգնեց գրասենյակի աստիճաններին. գալիս էր ՀՀԿ առաջնորդը: Հովիկը չկար:
Բավականին տպավորիչ շքախմբով եկավ վարչապետը: Նիկոյանի հետ: Արմեն Գևորգյանը նրանց հետ չէր: Եկողների տրամադրությունը բավականին բարձր էր: Իրենց էլ երևի հասել էր «սլուխը»` «նման թվերով» ստատուս քվոն պահպանվելու է` բոլորը մնալու են իրենց տեղերում:
Աստիճաններին հայտնվեց Հովիկ Աբրահամյանը։ Բացարձակ տրամադրություն չուներ. իրեն «ըսկի» նման չէր: Դրանից առաջ աստիճանների վրա էր արդեն Արմեն Գևորգյանը:
«Պոդիումը» կատարյալ էր: Այդ պահից էլ սկսած նշմարվեց ՀՀԿ «պահանջարկ-առաջարկի» մոդիֆիկացիան. Հովիկի գալը գրեթե աննկատ անցավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների կողմից, համակ ուշադրությունը դեպ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր. գործկոմականներին էլ էր հասել «սլուխը»` Տիգրանը մնում է, համ էլ` կանգնածների մեծ մասի համար Արմեն Գևորգյանը ՀՀԿ «կաստյակից» չէ, իրենք իրենց «դժվար» են տանում, ոչ ՀՀԿ-ականի՞ն ուր տանեն: Այնուհանդերձ, նրբազգաց Էդուրադ Շարմազանովն անջատվեց թիմից ու զրույցի բռնվեց Արմեն Գևորգյանի հետ, որ վերջինս իրեն մենակ չզգա:
Հա, էդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը կրկին շենք էր մտել. կարծում ենք` ընտրությունների հաշվարկին հետևելու: ՈՒրիշ ոչինչ:
Մի քանի ՀՀԿ-ական «հարս ու կանայք» (հիմնականում` առաջին հորիզոնականներն զբաղեցնող) նույնպես պոդիումին կանգնած էին: Մազմանյան Արմենն էր եկել, ներս չթողեցին, թողեց գնաց:
Լրագրողներն սպասում էին դրսում: Փողոցում: Ինչպես կա, եղել է ու, ըստ ամենայնի, լինելու է ՀՀԿ-ի դեպքում (նույնիսկ եթե հաղթում է քառասունհինգ տոկոսով ու «ահագին» կուսակցությունն է. նման ոչ լիբերալ մոտեցում այլ կուսակցությունների շտաբներում երբեք չես հանդիպի. իշխող կուսակցությունը գոնե այդ օրը, կարծում ենք, պարտավոր էր մամուլի գրասենյակ ունենալ` փոքրիկ մի սենյակի չափով` լրագրողների քաղաքակիրթ աշխատանքի համար):
ՀՀԿ-ականներին մտահոգող հաջորդ հարցը հետևյալն էր (այս մտահոգությունը ԲՀԿ-ի շտաբում ավելի մեծ էր)` ապագա կոալիցիայի հնարավորությունը: ՀՀԿ-ում չէին ուզում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել. էդքանից հետո էլ ի՞նչ, ինչքա՞ն կարելի է խաղեր տալ. ուզում եմ-չեմ ուզում, ուզում եմ, բայց լացս մի քիչ գալիս է… տարակուսած հարցնում էին ՀՀԿ-ականները: Մինչև ամսի երեսունմեկը կորոշվի. կլինի՞ կոալիցիա, թե՞ ոչ, ասին:
Հասկանալի է, հետընտրական թվերի «տեղավորումից» հետո այս հարցը վերջնական ռելաքսացիայի կենթարկվի: Ընտրության «թվերը» միանշանակ արձանագրում են` «բա ՀՀԿ-ին բմբուլ պե՞տք է». ի՜նչ կոալիցիա, ի՜նչ վարչապետի բազար (կոալիցիայի դեպքում, ռեսպոնդենտները չեն բացառում Արմեն Գևորգյանի փոխզիջումային տարբերակը):
Թույլ տանք մեզ կարծել. կկազմվի կոալիցիա: ա) Առջևում 2013-ի ընտրություններն են. Սերժ Սարգսյանը, փաստորեն, ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ «իրականացրեց»: բ) Կա կոալիցիոն հուշագիր, և ոչ մեկն այն «անուլիրովկա» չի արել: գ) ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող: Համ էլ` ո՞վ կթողնի: դ) Սերժ Սարգսյանը չի սիրում սուր ծայրեր. գրկում խեղդելն ավելի ցիվիլ ու քաղտեխնոլոգիապես գրագետ է. միջազգային պրակտիկայի տեսանկյունից էլ:
Մնում է Օսկանյանի հարցը: Սա արդեն առանձին քննարկման թեմա է (տեսնում եք` տեղ չկա):
Մանավանդ, ուզում ենք նաև կարծել, որ, անկախ կոալիցիայի ստեղծում-չստեղծումից, Տիգրան Սարգսյանը կմնա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ.- Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո չի մոռացել և շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` Հաղթանակի օրվա առթիվ. «Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանոր հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն»:
Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել։
«Պատահելը» էլ ո՞նց է լինում։