ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Աղոթքը պակասել է մեր մեջ

Աղոթքը պակասել է մեր մեջ
24.04.2009 | 00:00

ՈԳԵԿՈՉՈՒՄ
Հերթական անգամ «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր արվեստագետների ու արվեստասերների առջև։ Այս անգամ միջոցառման անմիջական նախաձեռնողն ու կազմակերպիչը հենց ՆԱՄ-ն էր։ Արդեն յոթ տարի է, ինչ մշակութային այս կենտրոնն ապրիլ ամսին «Ոգեկոչում» խորագիրը կրող հուշահանդես է անցկացնում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Սակայն այս տարի ապրիլի 20-25-ը մշակութային ծրագիրն ընդգրկում է բազմաբովանդակ միջոցառումների շարք` կերպարվեստ ու կինո, գրականություն ու երաժշտություն։ Շարունակական միջոցառումների մուտքն ազդարարվեց Ադանայի կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված «Ադանա-100» կերպարվեստի ցուցահանդեսով։ Ոչինչ ավելի լավ չէր կարող օրվա խորհուրդն արտահայտել, քան ՆԱՄ-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանի կազմակերպած խորհրդանշական 100 մոմի մոմավառությունը` մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը։ 1909-ի ապրիլին Ադանայում վայրենաբար խոշտանգված ավելի քան 30 հազար հայերի հիշատակին նվիրված այս ցուցահանդեսին մասնակցում էր շուրջ 30 նկարիչ ու քանդակագործ։ Առերևույթ աշխատանքները տարբեր էին, բայց միևնույն պահին շատ նման իբրև մեկ գաղափարի արտացոլանք` ոգեկոչում արվեստի լեզվով։ Քանդակագործ Վահան Շիրոյանն արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում է այս հուշահանդեսին` այս անգամ «Հիշողություն» վերնագրված իր վերացական քանդակով։ «Ի պատիվ «Նարեկացի» արվեստի միության, այս էլ երկրորդ տարին է` անափ հուզմունքով ու պատասխանատվությամբ եմ մասնակցում Հայոց մեծ եղեռնի թեմայով ցուցահանդեսին։ Ես, որպես ցեղասպանությունից մազապուրծ վանեցու շառավիղ, փորձում եմ իմ արվեստով ամեն կերպ ոգեշնչել բոլորին` զոհերի հիշատակը վառ պահելու համար։ Քանի որ մեր պատմության հատկապես այս էջի մոռացումը կտանի ցավալի կրկնության»,- հուզված, բայց վճռական ասաց քանդակագործը։
Լեփ-լեցուն ցուցասրահում հուզված ու թախծոտ էին բոլորը։ Միայն թե հպարտ էին նաև, որ հայը համախմբվել ու բռունցքվել գիտե` այսօր թող որ արվեստով... Իր արվեստը ոգեկոչման նպատակին է ծառայեցրել նաև նկարիչ Հայրապետ Բոյաջյանը` գլխահակ աղոթող կնոջ կերպարով։ Նա իր աշխատանքի խորհուրդն այսպես մեկնաբանեց. «Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, սակայն վերջին շրջանում, կարծես, աղոթքը պակասել է մեր մեջ, և մենք հեռացել ենք Աստծուց։ Մեր` արվեստագետներիս, պարտականությունն է համախմբելու, կոչելու` նաև աղոթքով հիշել ու հարգել անմեղ զոհերի սուրբ հիշատակը։ Մենք պարտավոր ենք պահել նաև մեր ոգու արիությունը, որպեսզի պատրաստ լինենք երբեմնի ծովից ծով Հայաստան ունենալու բաղձալի օրվան»։ Ցուցահանդեսի երիտասարդ մասնակիցներից քանդակագործ Արմեն Առաքելյանն էլ նախաձեռնությունը կարևորեց նրանով, որ այստեղ չկա ավագի ու կրտսերի հարաճուն «անհամաձայնությունը»։ «Բոլորս` և՛ մեծ, և՛ փոքր, կիսում ենք ու կրում նույն ցավն ու վերհուշի նույն ապրումները։ Ամենքս ենք մորմոքում մեր բյուրավոր հայրենակիցների թափած անմեղ արյան համար։ Եվ մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի նման արհավիրքից այլևս զերծ լինի հայ ժողովուրդը»,- նշեց նա։
Մշակութային այս յուրատեսակ միջոցառումը, ըստ ՆԱՄ-ի գործադիր տնօրեն, միջոցառման անմիջական նախաձեռնող ու կազմակերպիչ Թովմաս Այնթափյանի, նպատակ ունի արվեստագետներին համախմբելու մեկ գաղափարի շուրջ։ «Թող մեր թշնամին իմացած լինի, որ մենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես անընկճելի ենք։ Անպարտ է հայի ոգին և նպատակասլաց` մեր նախնյաց սրբազան վրեժն առնելու և փառավոր հաղթանակով շտկելու պատմության սխալը»,- ոգևորությամբ ասաց կենտրոնի տնօրենը։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4073

Մեկնաբանություններ