Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Պետության անվտանգությունը չի սպասում, մինչև կառավարությունը վերադառնա արձակուրդից

Պետության անվտանգությունը չի սպասում, մինչև կառավարությունը վերադառնա արձակուրդից
15.07.2026 | 10:49

Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին, երբ տարածաշրջանային ճգնաժամը շուրջօրյա կառավարում է պահանջում, երկրի իշխանությունը գերադասում է պաշտոնական արձակուրդ մեկնել: Սա սոսկ ֆիզիկական հանգիստ չէ, սա փախուստ է իրականությունից և սեփական ժողովրդի առջև պատասխանատվությունից:

Մինչ Երևանում կառավարական կաբինետները դատարկվում են, Շուշիում ալիևը բաց տեքստով գծում է տարածաշրջանի նոր քարտեզը: Նրա հայտարարություններն ունեն հստակ, պրագմատիկ հաշվարկ: Միաժամանակ խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին՝ նա արևմտյան լսարանում հաջողությամբ վաճառում է իր «կարևոր գործընկերոջ» իմիջը: Եվրոպային մատակարարվող գազի ֆոնին սա նրան ապահովագրում է պատժամիջոցներից, իսկ Արցախի (Ղարաբաղի) ու ՈՒկրաինայի միջև անցկացվող զուգահեռներով լեգիտիմացնում է սեփական ագրեսիան:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը այս մեծ խաղի ֆոնին: Առաջնորդվում է երկակի ստանդարտների կործանարար հաղորդակցությամբ.

Ներքին լսարանին անընդհատ ներարկվում է վախ, հանձնվողականություն և սեփական իրավունքից հրաժարվելու կործանարար հոգեբանություն։ ՈՒժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումները հանրությանը հրամցվում են որպես խաղաղության միակ երաշխիք: Մեզ փորձում են համոզել, որ պետության իրական կադաստրը թշնամու ստորագրությունն է, այլ ոչ թե մեր սեփական դիմադրողականությունը:

Արտաքին աշխարհին հաղորդվում է բացարձակ թուլության և հարմարվողականության ազդակ: Փորձելով մանևրել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հակասությունների արանքում՝ Երևանը վերածվում է ոչ թե հուսալի գործընկերոջ, այլ աշխարհաքաղաքական կոնֆլիկտի պլացդարմի:

Թշնամին տեսնում է այս թուլությունը և ավելի է մեծացնում իր ախորժակը՝ պահանջելով Սահմանադրության փոփոխություն և նորանոր ինքնիշխան տարածքներ:

Իրական, հայանպաստ պետական մտածողությունը պահանջում է արմատապես այլ քայլեր, որոնք այսօր ուղղակի չեն արվում, որովհետև գործող համակարգն ունակ չէ դրանք իրականացնել.

*Ուժերի հավասարակշռության վերականգնում.

Անցում փոքր ռեսուրսներով առավելագույն հարված հասցնելու մարտավարությանը՝ հենված սեփական ռազմական արտադրության, ԱԹՍ-ների և համապետական դիմադրողականության հենքով:

*Անկախ դիվանագիտություն.

Դադարե՛լ լինել մանրադրամ ուրիշների խաղերում: Ամերիկյան տարանցիկ նախագծերը քննարկելիս չի կարելի խախտել Իրանի կենսական «կարմիր գծերը» Սյունիքում, իսկ Արևմուտքի հետ մերձենալիս պետք է չեզոքացնել Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական հարվածները:

*Տնտեսական դիվերսիֆիկացիա.

Քաղաքական հռետորաբանությունը դատարկ խոսք է, քանի դեռ երկրի էներգետիկան և շուկան 80%-ով կախված են մեկ կենտրոնից:

*Ինտելեկտի համախմբում.

Պետական համակարգը պետք է մաքրել սիրողականությունից և ներքին արհեստական պառակտումներից՝ համախմբելով ազգային, բարձր ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով օժտված կարող ուժերին։

Պետության կործանման համար կանխամտածված դավաճանությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ. աշխարհաքաղաքական անփորձությունը, սեփական ռեսուրսների սխալ գնահատումը և հանձնվողական հոգեբանությունը նույնքան աղետալի են։ Հայաստանը ունի՛ ապագա, բայց այդ ապագան կերտվում է պինդ ողնաշարով, սթափ հաշվարկով և բացառապես հայանպաստ օրակարգով։

Իրավիճակից դուրս գալու հայեցակարգային լուծումների, ռազմավարական մոդելների և ճգնաժամային կառավարման շուրջ բաց և խորքային քննարկումների համար կարող եք կապ հաստատել էջի նամակագրության միջոցով:

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ