ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտությունը պարտադիր չէ, որ ամերիկացի նախագահներին զրկի արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր որոշումներ ընդունելու հնարավորությունից։
Հունվարին դեմոկրատները վերահսկողություն կստանան Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ մեծամասնությունը խլելով նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունից։ Դա կթուլացնի նրա ներքաղաքական դիրքերը Սպիտակ տանը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում լուրջ պարտություններից հետո ԱՄՆ նախագահները հաճախ ընդունել են պատերազմին և խաղաղությանը վերաբերող ճակատագրական որոշումներ։
Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի նախագահների մեծ մասը միջանկյալ ընտրությունների արդյունքում կորցրել է Կոնգրեսում իր կուսակցության տեղերի մի մասը։ Օրինակ, 1994 թ., նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման ժամանակ, դեմոկրատները կորցրին վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Քլինթոնին հաջողվեց հասնել Դեյթոնի համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ավարտեցին պատերազմը Բոսնիայում։
2014 թ., Բարաք Օբամայի նախագահության օրոք դեմոկրատների պարտությունից հետո, հանրապետականները լիակատար վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Մեկ տարի անց Օբաման, չնայած հանրապետականների դիմադրությանը, կնքեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։
Պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում ջախջախիչ պարտություններից հետո նախագահները կարող են օգտագործել իրենց պահպանած լիազորությունները՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու և ազգային անվտանգության ոլորտում հաջողություններ գրանցելու համար, իսկ երբեմն նույնիսկ նպաստել աշխարհի տարբեր հատվածներում խաղաղության հաստատմանը: 1986 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես ականատես եղավ, թե ինչպես դեմոկրատները վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Ռեյգանը և Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ստորագրեցին միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը։
2006 թվականին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կորցրեց վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ Իրաքում ԱՄՆ-ի կրած մեծ կորուստների պատճառով դեմոկրատների հնչեցրած քննադատությունից հետո։ Մի քանի շաբաթ անց Բուշը հրամայեց ավելացնել ամերիկյան ռազմական զորախմբի թվաքանակն այդ երկրում։
Ժամանակակից նախագահների մեծ մասը նույնպես ամերիկյան զինված ուժերն ուղարկել է ռազմական հակամարտությունների՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Վերջին օրինակներից մեկը այս տարի Իրանի վարչակարգի դեմ իրականացված գործողությունն էր։
Զսպումների և հակակշիռների համակարգի մի մասն արդեն փաստացի չի գործում, քանի որ նախագահական իշխանությունը մեծապես իր ձեռքն է վերցրել Կոնգրեսի լիազորությունները։ Անկախ նրանից, թե հաջորդ տարի դեմոկրատներն ինչպիսի փորձեր կձեռնարկեն Թրամփին սահմանափակելու համար, մասնագետների կարծիքով, արտաքին քաղաքականության ոլորտում նա կշարունակի առաջնորդվել առաջին հերթին սեփական ինտուիցիայով և համաշխարհային առաջնորդների հետ անձնական հարաբերություններով:
Գարիկ Քեռյան