Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Վատ հայրը» ֆիլմի գլխավոր դերում Սերժ Ավետիքյանն է

«Վատ հայրը» ֆիլմի գլխավոր դերում Սերժ Ավետիքյանն է
09.07.2012 | 20:49

Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» կարճամետարժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

«Հոր դերը խաղում է հայրս` Սերժ Ավետիքյանը, որդու դերը` եղբայրս` Հովնաթան Ավետիքյանը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:- 27-ամյա Օլիվիեն վերադառնում է իր մանկության գյուղը` մորից ժառանգած հողը վաճառելու: Նա հույս ունի ավելի մտերմանալու հոր` Ժակի հետ, որը ձիաբույժ է: Վերջինս երեք երիտասարդ իրավազանցների է վարձում` գործի մեջ իրեն օգնելու համար, իսկ Օլիվիեի խանդն ու անհանգստությունն ավելի ու ավելի են առաջնային դառնում»:
Տիգրան Ավետիքյանը շատ է կապված հոր հետ, պատմեց, որ միշտ հետևել է, թե ինչպես է նա աշխատում, շատ է սիրում նրան, ներծծված է նրա արտիստիզմով: Պատմեց նաև, որ ինչ-որ շրջան անհաջողություն է ունեցել դպրոցում, վերցրել է տեսախցիկն ու սկսել նկարել:
Երիտասարդ ռեժիսորը հետաքրքիր դիտարկում արեց կանանց և տղամարդկանց հավասարության խնդրի առնչությամբ: «Ֆրանսիայում նոր-նոր են սկսել բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասարության մասին, ուրախ եմ, որ վերջապես տեսնում եմ մի քաղաք, որտեղ ամենուր կանայք են»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ կինոյի առաջընթացին ու պրոպագանդմանն առնչվող «Իրատես de facto»-ի հարցին` ասաց, որ երկար տարիներ համաշխարհային կինոշուկայում առավելություն են տվել հարուստ երկրների ֆիլմերին, բայց արդեն հասկացել են, որ պետք է ներկայացվի նաև այլ երկրների, այդ թվում` Հայաստանի արվեստը, քանի որ դա մի ամբողջ հարստություն է, և պետք է շատերը տեսնեն: Ռեժիսորը նշեց նաև, որ հայկական ֆիլմերն իրենց ուրույն տեղն ունեն Կաննի փառատոնում:
Տիգրան Ավետիքյանն առաջին անգամ է լինում Հայաստանում: Մեր մյուս հարցին` հասցրե՞լ է ճանաչել Հայաստանը, և արդյո՞ք հայաստանյան իրականությունն արտացոլում կգտնի իր ֆիլմերում, նա պատասխանեց, որ հավանաբար ապագայում կնկարահանի մի ֆիլմ, որտեղ կարտացոլվի Հայաստանը: Բավականաչափ ճանաչել Հայաստանը, իհարկե, չի հասցրել:
Ասեմ, որ մի փոքր էլ հիասթափված էր ֆրանսահայ ռեժիսորը. ֆիլմերի, իր արվեստի մասին խոսելու փոխարեն, լրագրողներն ավելի շատ նրան խորհուրդներ էին տալիս` ինչպես սովորել հայերեն, ինչպես ապրել Հայաստանում: Ոմանք անգամ, ռեժիսորի Հայաստան տեղափոխվելու դեպքում, պատրաստ էին տրամադրելու իրենց բնակարանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ