Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գտնում են այնտեղ, որտեղ կորցնում են

Գտնում են այնտեղ, որտեղ կորցնում են
15.01.2016 | 02:42

Ընթերցողի սեղանին է ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ «Երեք հասակ» գիրք-ալբոմը: Այն նվիրված է ռեժիսորի ծնողներին և պատմում է մեզ արվեստագետի ընտանիքի և ստեղծագործական կյանքի պատմությունը: Պատահական չէ, որ գրքի խմբագիրը և խորհրդատուն Մարինե Հովյանն է, մարդ, որը երկար տարիներ այդ ընտանիքի բարեկամն է, և նրա խորհրդով ու միջամտությամբ է, որ ընտանեկան սովորական պատմություններն ու իրադարձությունները մեզ ներկայանում են այնքան խորությամբ, հարազատորեն ու պարզ: Ասենք, որ այսօր հայ ընթերցողն ունի մի գեղեցիկ հրատարակություն: Այն, իմ կարծիքով, գեղարվեստավավերագրական վիպակ է, որը գեղարվեստական ինքնակենսագրության շարադրանքում ներկայացնում է արվեստագետի անհատականությունը: Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի և, ընդհանրապես, մարդու կյանքում զավեշտալի, հետաքրքիր և հիշարժան դեպքեր, պատահականություններ, զուգադիպություններ, դիպվածներ շատ են լինում, որոնք ժամանակակիցները, վկայագիրները փոխանցում են հետագա սերունդներին` հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմելու նրանց առօրյայի, կենցաղի ու ստեղծագործության հետ կապված ուշագրավ դրվագների մասին: Արվեստագետի կյանքում էլ այդպիսի դիպվածներ շատ են եղել: Եվ լավ է, որ գրքում չեն անտեսվել օրինաչափություններից դուրս այդ պատմությունները:
Խմբագրի խոսքում Աղավելյանի նկարները ներկայացվում են որպես մեր հիվանդ հոգիներն ու սրտերը ապաքինող սպեղանիներ: Ես ավելին կասեմ. գիրքն իր ամբողջության մեջ, խոսքն ու նկարները միասին հզոր հարված են ցավին: Երբ ձեռքդ ես վերցնում գիրքը, զգում ես՝ ուր որ է անսովոր բան է կատարվելու, որ հիմա-հիմա հանդիպելու ես ինչ-որ խորհրդավոր բանի, ինչ-որ թաքուն մի «դող» է անցնում գիտակցությանդ միջով, ու իրականություն է դառնում հրաշքը. էջ առ էջ բացվում է արվեստագետի անհատականությունը, իսկ աշխատանքները, որոնք առանձնանում են ալբոմում, դրա լուռ վկաներն են: Խոսքը, բառն ու գույնը գրքում երկնային դաշնության մեջ են, խաղաղ ու անխռով` ձեռք ձեռքի տանում են քեզ մարդկային հոգու և գիտակցության, ընկալումների և հույզերի արահետներով: Գրքում հետաքրքիր ձևով են ներկայացված արվեստագետի աֆորիզմներն ու բանաստեղծությունները: Նախ, գիրք-ալբոմը ձևավորված է Աղավելյանի նկարներով, և յուրաքանչյուր գլխի վերնագիրն ընտրված է հեղինակի աֆորիզմներից: Աֆորիզմները, որոնք «Մտքի մանրանկարներ» են վերնագրված, մեկընդմեջ ներկայանում են տեքստում, բայց նաև ինքնատիպորեն, խմբագրի յուրահատուկ մտահղացմամբ, առանձնացված են: Գրքում խմբագիրը զետեղել է նաև իր իսկ նախաձեռնությամբ կազմած օրացույցը, որն իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ ընդգրկում է արվեստագետի ոչ միայն նկարները, այլև բանաստեղծություններից հատվածներ, որոնք առավել բնորոշում են նկարները: Այս ձևով ընթերցողը ծանոթանում է հեղինակի բանաստեղծություններին ևս: Ի դեպ, սա այն միակ դեպքն է, որտեղ Ժիրայր Աղավելյանի նկարները վերնագրված են: Օրացույցը գրքում նույնպես մի յուրօրինակ միջոց է` նկարչի աշխատանքներն ավելի լավ ընկալելու, մարդկանց և աշխարհին ուղղված նրա ասելիքը ճիշտ գնահատելու համար: Ինչ վերաբերում է գրքի վերնագրին և կառուցվածքին` ապա կուզեի նշել, որ վերնագիրը փայլուն արտացոլում է գրքի բովանդակությունը և գայթակղիչ ճամփորդություն խոստանում գրքի էջերով: Բացի այն, որ գիրքը վերնագրված է «Երեք հասակ», կա նաև մի բացահայտող շարունակություն` հենց կազմի վրա, այն է` «Մանկան նման անկեղծ... Պատանու նման երազուն... Ծերունու նման իմաստուն...», որն էլ, իրավամբ, բնութագրում է նկարչին որպես մարդու և արվեստագետի:
Խմբագրի նախաբանն արդեն ընթերցողին նախապատրաստում է մի սրտառուչ ուսումնասիրության դեպի արվեստագետի աշխարհ, մի աշխարհ, որի յուրաքանչյուր մանրամասնի գիտակ է խմբագիրը, և որն այնքան բնական, պարզ ու մտերմիկ, առանց առանձնահատուկ ջանքերի ու «զարդարանքների» ներկայացված է գրքում հետևյալ ենթավերնագրերի ներքո. «Բումերանգ», «Ի՞նչ է ֆոտոռեժիսուրան», «Ալբոմ», «Կարծիքներ անհատական ցուցահանդեսների և համացանցում ներկայացված ալբոմների վերաբերյալ», «Հոգու պատառիկներ», «Կարծիքներ սլայդ ֆիլմերի վերաբերյալ», «Հրապարակումներ», «Զրույցներ գեղեցիկ հոգու և մարդկային փոխհարաբերությունների մասին» և այլն:
Հեղինակի ինքնակենսագրական շարադրանքը վերնագրված է «Բումերանգ», և ամբողջ գրքում կարմիր թելի պես անցնում է բումերանգի գաղափարը, մի առարկայի, որը նետելուն պես պետք է ակնկալես դրա սլացիկ վերադարձը: Սա նույնպես մատուցման հետաքրքիր ոճ է: Թե՛ կարծիքներն անհատական ցուցահանդեսների և սլայդ ֆիլմերի մասին, թե՛ հրապարակումներն այնքան տեղին ու զուսպ են ընտրված և այնքան համակողմանիորեն են ներկայացնում նկարչին: Յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր թվացյալ մանրուք մտածված է:


Հիմա ուզում եմ խոսել, իմ կարծիքով, ամենակարևորի մասին: Երբ ծանոթանում ենք ստեղծագործող անհատի կյանքին ու գործերին, ամեն մեկս յուրովի ընկալում ու, մեզնից անկախ, սկսում ենք մեկնաբանել նկարները, ինչ-ինչ պատմություններ ենք հիշում, հորինում կամ նմանեցնում մեր կյանքի ուրախ ու տխուր, ավելի շատ` մենավոր օրերին, տեսնում ենք պատառիկներ մեր օրերից, որոնք հաճախ անտեսանելի են անզեն աչքով, բայց ծանոթ զգացողություններ են արթնացնում: Հոգու պատառիկները` նրա արվեստի երկրպագուների ստեղծագործությունները, գուցե թե ամենաթանկն են նկարչի համար: Բայց այստեղ ոչ այնքան ստեղծագործությունների խորության մասին եմ ուզում խոսել, որքան խմբագրի մտահղացման, այն մասին, որ կարելի է ոչ միայն պատմություններ ստեղծել, այլև այդ պատմություններն իրենց համապատասխան նկարներով զետեղել գրքում: Գրքի այս ենթաբաժինը, որը «Հոգու պատառիկներ» է կոչվում, շահեկանորեն առանձնացնում է այս գիրքը մյուսներից: Կուզեի մատնանշել, որ ժամանակագրության առումով ևս հետաքրքիր լուծումներ կան գրքում: Խոսվում է մանկության տարիների մասին, հետո զուգահեռաբար պատմվում է, ասենք պատանության կամ հասուն տարիների նույնանուն հիշողությունների մասին: Օրինակ` կարապների պատմությունը: Առաջին անգամ կարապների մասին հիշատակվում է բանակային պատմության մեջ, ապա` արդեն Ամերիկայում ապրած տարիների մասին գրելիս, հետո նորից հիշատակվում են կարապները, մի դեպքում` ներկայացման մեջ, մյուս դեպքում` արդեն նկարչի աշխատանքի ազդեցությամբ գրված «Կարապի արցունքները» իրապատումում: Կամ դատողությունները` վազքի ուժի վերաբերյալ: Այս մասին խոսվում է բանակային կյանքի մասին գրելիս, ապա անցում է կատարվում գրեթե 30 տարի անց հայրենիքից դուրս կարևորված վազքի ուժին: Սրանք գուցե մանրուքներ են, բայց, իմ կարծիքով, գեղարվեստական ինքնատիպ հնարանքներ են, որից գիրքը շատ է շահել: Ընթերցողը չի ուզում աչքը կտրել գրքից: Մերթ կենսագրական պատմություններն է կարդում, մերթ աչքը սահեցնում է նկարների վրայով, մերթ ցանկություն է առաջանում կարծիքներին ծանոթանալու: Գիրքը, պատկերավոր ասած, բաց չի թողնում ընթերցողի ձեռքը մինչև վերջին էջը շրջելը, իր պարզ, բայց միևնույն ժամանակ հյութալի լեզվով գերում է ընթերցողի հոգին` դառնալով նրա մտերիմ բարեկամը: Շատ լավ է, որ գրքում տեղ են գտել նաև գեղեցիկ հոգու և մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ զրույցները, որոնք բացահայտում են մարդ-արվեստագետի անհատականությունը` հոգեբանական և մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից: Շատ մեծ հետաքրքրությամբ և կլանված ես կարդում գիրքը. քեզնից անկախ սկսում ես մտորել ապրելու, կյանքի գլխավոր արժեքների, վերադարձի ու, առհասարակ, մարդու մասին: Վերադառնալու գաղափարը մեր մեջ ապրում է ծննդյան օրվանից: Նրանք, ովքեր թողնում են հարազատ տունը, հողը, հայրենիքը և հեռանում են, նրանց համար ավելի դյուրին է: Նրանք վերադառնում են այնտեղ, որտեղից գնացել են: Բայց դա, ես կասեի, խաբուսիկ դյուրինություն է: Խաբուսիկ է, որովհետև այդ մարդիկ մտածում են, որ երբ վերադառնան, ամեն բան կտեսնեն այնպես, ինչպես թողել են: Սա այն պատճառով, որ նրանց հիշողության մեջ ամեն բան մեխվում-մնում է այն տեսքով, ինչպես եղել է: Բայց ավա՜ղ.... Այդպես չի լինում: Չի լինում, որովհետև այնտեղից, որտեղից հեռանում են, այդ վայրերում շարունակում են ապրել ուրիշ մարդիկ, մարդիկ, որոնք նույնպես հիշողություն ունեն, և, ի տարբերություն գնացածների, նրանց հիշողությունը կանգ չի առել, չի մեխվել-մնացել դեղին սաթի մեջ քարացած այն անկենդան բզեզի պես... Իրենց հայրենի օրրանը հանգամանքների բերումով լքած մարդիկ չեն կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ այն, ինչ թողել են տարիներ առաջ և հույս ունեն գտնելու` վերադառնալով, այդպես էլ չեն գտնում, չեն կարողանում հաշտվել իրականության հետ, այսինքն` չեն հաշտվում իրենք իրենց հետ... Բայց այս դեպքում վերոնշյալ հանգամանքը բոլորովին չի խանգարել, որ գրքի հեղինակն ու խմբագիր-խորհրդատուն ստեղծեն այս լուսավոր գիրք-հիշողությունը կյանքի, վերադարձի խորհրդի ու արարման մասին: Երևի այսպես են գրվում կյանքի գլխավոր գրքերը: Երբ տարածությունն ու ժամանակը մեզ բերում-հասցնում են մի հանգրվանի, որտեղ ամեն ինչ ավելի քան հարազատ է, գրեթե սրբության աստիճանի. անփոփոխ ու քաղցր: Տուն է այդ հանգրվանի անունը: ՈՒ այդ տունը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր մեջ: Յուրաքանչյուրը` իր տունը: Ռեժիսոր-նկարիչը նույնպես պետք է վերադառնար, վերադառնար ի՛ր տուն: ՈՒ վերադարձավ, քանի որ հասկացավ՝ գտնում են այնտեղ, որտեղ կորցնում են: Վերադարձավ ու գտավ իրեն: Վերադարձավ, ու ծնվեց մի հրաշալի գիրք` «Երեք հասակ» վերնագրով: Երևի պետք է ապրել հեռվում, որպեսզի հիշողություններդ հեռավոր մանկությանդ համն ու հոտն ունենան ու չմոռացված սիրուդ գույնը, լցվեն ոչ հեռու անցյալի հարազատ ձայների ելևէջներով ու իմաստավորվեն մարդկային պարզ ու փոքրիկ ուրախություններով: Այո, հենց այսպես են գրվում այս կյանքի գլխավոր գրքերը:
Գրքի ձևավորմանը առանձնակի և հիմնական հմայք են հաղորդում նկարչի աշխատանքները, բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ սիրով ու պատասխանատվությամբ է աշխատել նաև գիրքը ձևավորողը: Բարձր է նաև տպագրության որակը: Գրեթե բոլոր նկարներում պահպանվել են հեղինակի գույները: Գիրքն արդիական և արժեքավոր է նաև նրանով, որ որպես ներդիր ներկայացված են Ժիրայր Աղավելյանի ոչ միայն նկարները, այլև տեսաֆիլմերի սկավառակը: «Երեք հասակ» գրքի առավելությունը, իմ կարծիքով, այն է, որ գրքի հետ ծանոթանալուց հետո անհագ ցանկություն է առաջանում ունենալ այն: Կա՞ սրանից ավելի բարձր գնահատական: Իհարկե` չկա՛:

Լիլիթ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Գրականագետ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ