Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Արտ ֆեստը» որոշակի առումով պրոդյուսերական հարթակ է»

«Արտ ֆեստը» որոշակի առումով պրոդյուսերական հարթակ է»
10.06.2016 | 09:06

«Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի մեկնարկը տրված է: Ավելի քան 430 ստեղծագործող երիտասարդներ` Հայաստանից և արտերկրից, համախմբվում են արվեստի հետևյալ բնագավառներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնը կազմակերպում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ-ի ՈՒսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: «Իրատեսի» զրուցակիցը «Արտ ֆեստ» փառատոնի ղեկավար, ԵԹԿՊԻ-ի ՈՒսանողական թատրոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ է:

-Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Ի՞նչ կասեք ներկայացված ստեղծագործությունների որակի մասին, կա՞ առաջընթաց:
-Անշուշտ, քանակի հետ նաև որակն է բարելավվում: Զուտ վիճակագրական առումով, եթե 100-ից 10-ն են լավագույնները, 1000-ից 100-ը կլինեն: Իսկ, ընդհանուր առմամբ, հանձնախումբը բավականին բարձր է գնահատում մասնակիցներին, այս տարի, հատկապես կերպարվեստի բնագավառում, ակնհայտ են լավ ստեղծագործությունները: «Արտ ֆեստը» դարձել է միջազգային փառատոն, մասնակիցներ ունենք նաև սփյուռքից, և դա միակ նորամուծությունը չէ: Այս տարի բոլոր անվանակարգերում ընդունվել են բացառապես 2015-ի հունվարից հետո ստեղծված աշխատանքները:
-Մրցակցային փուլը հաղթահարելու խնդիր չկա, մասնակցում են բոլոր ցանկացողները: Ինչո՞վ է բացատրվում այս մոտեցումը:
-Դա պայմանավորված է փառատոնի ձևաչափով: «Արտ ֆեստը» երիտասարդական բաց փառատոն է, այսինքն՝ մշակութային հարթակ, որ հնարավորություն է տալիս բոլոր երիտասարդներին ներկայանալու: Բայց որպեսզի չդառնա շիլաշփոթ, մենք դասակարգել ենք աշխատանքները` պրոֆեսիոնալ և ուսանողական: Երկու տարբեր հարթակում են մրցում ստեղծագործողները:
-Փառատոնն ունի՞ իր հանդիսատեսը:
-«Մոսկվա» կինոթատրոնի սրահները միշտ լեփ-լեցուն են, նույնը կարող եմ ասել Սպենդիարյանի տուն-թանգարանի, ԵԹԿՊԻ-ի «Անրի Վեռնոյ» կինոսրահի մասին: Այս տարի նկատելի են նաև հանդիսատեսի լայն ընդգրկվածություն ու հետաքրքրվածություն:
-Չե՞ք կարծում, որ մեկ-երկու սիրողական և ոչ այնքան որակյալ աշխատանքների հանդիպելիս` հանդիսատեսը կարող է այլևս չհետաքրքրվել փառատոնով:
-Երբ նոր էր հիմնվել փառատոնը, երջանկահիշատակ Արմեն Մազմանյանը (փառատոնը հիմնվել է իմ և թատերական ինստիտուտի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ) ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, որ սա ժողովրդական արտիստների փառատոն չէ, մեր նպատակը նոր անուններ բացահայտելն է: Ես առաջնորդվում եմ այս սկզբունքով: «Արտ ֆեստը» բաց հարթակ է տրամադրում: Երիտասարդներն իսկապես ինքնադրսևորվելու և ցուցադրվելու խնդիր ունեն:
-Փառատոնն ի՞նչ դռներ է բացում մրցանակակիրների առաջ:
-«Երիտասարդ ստեղծագործողների միությունը» փառատոնի ավարտից հետո մրցանակակիրների համար կիրականացնի մասնագիտական աջակցության ծրագիր: Այսինքն, հաղթող բեմադրիչները հնարավորություն կունենան նոր ներկայացում բեմադրելու, ռեժիսորներին կտրամադրվի տեխնիկա` նոր ֆիլմ նկարահանելու համար, երգարվեստի բնագավառի հաղթողներին հեղինակային համերգի, տեսահոլովակի հնարավորություն կընձեռվի: Նույնը` մյուս անվանակարգերում: «Արտ ֆեստը» որոշակի առումով նաև պրոդյուսերական հարթակ է դառնում: Փառատոնն անցկացվում է տասնօրյա ժամկետում, բայց ընթանում է ամբողջ տարվա ընթացքում:
-Դուք ասում էիք, որ մասնակցության առումով ամենաակտիվ մարզերն են Շիրակը, Լոռին, Արմավիրը, Կոտայքը, Գեղարքունիքը: Ի՞նչ է արվում սահմանամերձ շրջանների հետ կապն ակտիվացնելու ուղղությամբ:
-Այո, մշակութային կյանքը նշված մարզերում է ավելի ակտիվ: Փառատոնի ավարտից հետո մասնագիտական հանձնախումբն այցելելու է սահմանամերձ շրջաններ, Արցախ, հանդիպելու է ստեղծագործող երիտասարդների հետ, անցկացվելու են վարպետության դասեր և այլն:
-Փառատոնը մարզերում անցկացնելու նպատակ ունե՞ք:
-Հանձնախումբն այցելում է մարզեր, դիտում ներկայացումներ: Այսինքն, մարզային այցելություններ կազմակերպվում են փառատոնի ընթացքում: Այս տարի, օրինակ, Գյումրին ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Այս համատեքստում հնարավոր է «Արտ ֆեստն» անցկացնել նաև որևէ մարզում: Ասեմ ավելին՝ բանակցություններ են ընթանում, որպեսզի փառատոնը կամ փառատոնի մի հավելված անցկացնենք Եվրոպայում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ