Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Պատվի համար»

«Պատվի համար»
26.07.2016 | 08:49

Խորհրդային տարիներին ամռանը, երբ ավարտվում էր կրկեսի խաղաշրջանը, կրկեսի դահլիճում ցուցադրում էին կինոնկարներ:
1956 թվականն էր: Մոսկվայում նոր էր ավարտվել հայ գրականության և արվեստի երկրորդ տասնօրյակը, որտեղ հայ կինոգործիչները ներկայացրել էին «Պատվի համար» գեղարվեստական կինոնկարը, որը մեծ հաջողություն ունեցավ երկրի մայրաքաղաքում:
Հենց նույն թվականին կրկեսի կինոթատրոնում ես առաջին անգամ դիտեցի «Պատվի համարը»:


Հանդիսատեսը հետաքրքրությամբ էր դիտում ֆիլմը, իսկ ֆինալային տեսարանում, երբ Օթարյան-Խաչիկ Նազարեթյանը արցունքն աչքերին գրկում է ինքնասպան Մարգարիտ-Վարդուհի Վարդերեսյանին, շատերը լաց եղան: Ցնցող էր: «Պատվի համարը» նկարահանել էր հայ կինոյի լավագույն վարպետներից մեկը՝ ժողովրդական արտիստ ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅ-ԱՐՏՅԱՆԸ:
-Այդ տարիներին կինոարվեստ նովացիաներ էին մտնում, հիմք էր դրվում փորձարարական կինոյի, ասպարեզ էր գալիս ռեժիսորական նոր սերունդ,- պատմում է կինոգետ Սուրեն Հասմիկյանը:- Իսկ Հայ-Արտյանը ստեղծեց դասական ֆիլմ, հագեցած բարձր պրոֆեսիոնալիզմով: Մնայուն արժեք ստեղծեց ռեժիսորը: Եվ դա արեց ճիշտ ժամանակին: Նկարահանումից հինգ տարի հետո կյանքից հեռացավ Հրաչյա Ներսիսյանը, իսկ յոթ տարի անց՝ Ավետ Ավետիսյանը: Հայ-Արտյանը դիմեց Արամ Խաչատրյանին, որպեսզի մեծ կոմպոզիտորը երաժշտություն գրի ֆիլմի համար: Խաչատրյանը շատ զբաղված լինելով, առաջարկում է երիտասարդ ասպիրանտ, իր աշակերտ Էդգար Հովհաննիսյանին: Հզոր երաժշտություն գրեց կոմպոզիտորը: (Ի դեպ, հետագայում Հայ-Արտյանի որդին` Գուրգենը, ամուսնացավ Էդգար Հովհաննիսյանի դստեր՝ տաղանդավոր նկարիչ Ռուբինեի հետ):
Հայ-Արտյանը միակ պատմական արժեք ունեցող ֆիլմի հեղինակն է: Մենք ունենք հարուստ պատմություն, բայց պատմական ֆիլմեր չունենք: Միակ պատմական ֆիլմը «Հյուսիսային ծիածանն» է: Ֆիլմի հերոսը ժողովուրդն է, հզոր էին արված զանգվածային տեսարանները: Ավելին, «Հյուսիսային ծիածանը» միակ ֆիլմն է, ուր կա Ալեքսանդր Գրիբոյեդովի կերպարը: Նույնիսկ ռուսական ֆիլմերում Գրիբոյեդով չկա:


Ասեմ նաև, որ Հայ-Արտյանը միակ հայկական ռոմանտիկ պատանեկան ֆիլմի ռեժիսորն է՝ «Կարո», որը նկարահանվել է 1936 թվականին: Եվ այդ ֆիլմի գլխավոր դերակատարն էր Մոկո Հակոբյանը, հետագայում՝ շնորհալի ռեժիսոր: Ցավոք, նա վաղ հեռացավ կյանքից: Եզակի գործեր է ստեղծել Հայ-Արտյանը, որոնք մնացել են որպես նմուշ: Իսկ ռեժիսորը մնաց արվեստի պատմության մեջ: Գեղեցիկ ճակատագիր:
-Գեղեցիկ մարդ էր: Ստուդիայում նրան հայրիկ էին ասում,- հիշում է օպերատոր Ալբերտ Յավուրյանը:- Ոչ ոք չգիտեր՝ ինչո՞ւ էին նրան այդպես դիմում: Գուցե՞ տարիքի համար: Կամ այն բանի համար, որ շատ ուշադիր էր երիտասարդների նկատմամբ:
Ես նրա հետ ֆիլմ չեմ նկարել, բայց միշտ զարմացել եմ նրա աշխատասիրությամբ: Արդեն բավականին տարիքով էր, բայց աշխատում էր ապագա «Թոնդրակեցիներ» ֆիլմի սցենարի վրա: Հզոր մտահղացում էր: Էպիկական ֆիլմերի վարպետ էր: Նրա ֆիլմերը հիմք դարձան հայ կինոյի հետագա զարգացմանը:


-Հայրիկի հետ ես աշխատել եմ «Հյուսիսային ծիածան» և «Լալվարի որսկանը» ֆիլմերում,- պատմում է նկարիչ Ստեփան Անդրանիկյանը:- Հայրիկի հետ աշխատելը դժվար էր, շատ լուրջ էր մոտենում գործին, չափից ավելի պահանջկոտ էր: «Հյուսիսային ծիածանը» բարդ ֆիլմ էր: Դեկորացիաները շատ էին, նատուրան էլ: Լարված էինք աշխատում: Ջրվեժում կառուցել էինք Երևանի բերդը: Հայ-Արտյանը եկավ, տեսավ, բարկացավ: Ասաց. «Փոքր է, մեծը կառուցեք: Երկու շաբաթից պատրաստ լինի»:
Ոչ մի սխալ չէր հանդուրժում: Իմացել էր, որ տիտրերում սխալ էր եղել: Մտել էր տնօրենի առանձնասենյակ: Այդ ժամանակ Հայրիկը փայտի օգնությամբ էր քայլում: Տնօրենի հետ վեճի է բռնվել, նույնիսկ փայտով փորձ է արել հարձակվել նրա վրա: Իսկ տնօրենն իր ընկերն էր: Անարդարություն չէր տանում: Նրա տան իրերից շատերը «նկարահանվում էին» ռեժիսորի ֆիլմերում: Հիշենք Մարգարիտի սենյակի կահավորանքը թղթերը գողանալու տեսարանում, նարդին, որ խաղում են Էլիզբարովը և Սաղաթելը, Սուրեն-Կարպ Խաչվանքյանի ձեռքում կոնյակի շիշը և այլն:


-Հայ-Արտյանի մոտիկ ընկերներից մեկը աքսորվում է որպես ժողովրդի թշնամի,- շարունակում է Սուրեն Հասմիկյանը:- Վտանգ է սպառնում և ընկերոջ կնոջը՝ Դորային: Եվ ի՞նչ է անում Հայ-Արտյանը: Նա ասում է. «Դորան իմ կինն է»: Դա արիություն էր: Հիշեք այդ ժամանակը: Երեխաները հրաժարվում էին ծնողներից և հակառակը, բարեկամները՝ միմյանցից... Նա փրկեց Դորային և ստեղծեց ամուր ընտանիք, ունեցավ երկու զավակ՝ Մայային և Գուրգենին: Ի դեպ, Դորան նկարահանվել էր «Կարո» կինոնկարում և ժպիտով միշտ հիշում էր. «Պուլեմյոտը ձեռքիցս թռչում է»: Եթե որևէ անարդարություն էր տեսնում, կարող էր և Ստալինին հեռագրել, արդարություն պահանջել: Արել է այդպես, երբեք չմտածելով հետևանքների մասին:


-Գյումրու թատրոնում էի աշխատում, նոր էի սկսել բեմական գործունեությունս, հեռագիր ստացա «Հայֆիլմից», հրավիրում էին փորձի «Պատվի համար» ֆիլմում,- պատմում է Վարդուհի Վարդերեսյանը:- Եկա Երևան, հանդիպեցի Հայ-Արտյանին: Սեղանին գեղեցիկ աղջիկների շատ նկարներ կային: Զարմացա. «Այսքան գեղեցիկ աղջիկներ կան, ինչո՞ւ եք ինձ կանչել»: «Քո աչքերը ինձ շատ դուր եկան»,- պատասխանեց ռեժիսորը:
Երկու փորձ արեց՝ և՛ Մարգարիտ, և՛ Ռոզալիա: Սակայն հանձնարարեց Մարգարիտի դերը: Երջանիկ էի՝ խաղընկերներս էին մեծ դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Ամալյա Արազյանը...
ՈՒժեղ մարդ էր Հայ-Արտյանը: Կենտկոմից նրան առաջարկել էին այլ դերասանուհի Մարգարիտի դերի համար: Մերժել էր: Պատկերացնո՞ւմ եք, մերժել Կենտկոմին: Սկզբունքային մարդ էր: Ոչ մեծ դերով նկարահանվեցի և «Հյուսիսային ծիածանում»:
Փափազյանը մի խոսք ուներ. «Սրտիս սրտի մեջ»: Ես կարող եմ ասել, որ Հայ-Արտյանը իմ սրտի սրտի մեջ է:
Հայ-Արտյանի որդին՝ Գուրգենը, հիշում է, որ հայրը տանը քիչ էր լինում, անընդհատ ստուդիայում էր: Իսկ երբ տանն էր, շատ աննկատ էր: Իր աշխատասենյակում էր, իր գրքերի հետ: Շատ էր սիրում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Ստենդալի «Կարմիրն ու սևը»: Արտաշես Հայ-Արտյանը կյանքից հեռացավ 1978 թվականին: Ցավոք, նրան հաճախ չեն հիշում, նույնիսկ չնշվեցին նրա հոբելյանները: Բայց նրա ֆիլմերը մինչ այսօր ցուցադրվում են, հիշեցնելով տաղանդավոր ռեժիսորի մասին:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ