Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հետաքրքիր դիմակայությունների պակաս չենք ունենա

Հետաքրքիր դիմակայությունների պակաս չենք ունենա
13.12.2016 | 11:34

Շվեյցարական Նիոնում կայացավ Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների փլեյ օֆ փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի զույգերը կազմեցին «Մանչեստր Սիթին» ու «Մոնակոն», Մադրիդի «Ռեալն» ու «Նապոլին», «Բենֆիկան» ու Դորտմունդի «Բորուսիան», «Բավարիան» ու «Արսենալը», «Պորտուն» ու «Յուվենտուսը», «Բայերն» ու «Աթլետիկոն», «Պարի Սեն Ժերմենն» ու «Բարսելոնը», «Սևիլիան» ու «Լեստերը»:


Զույգերին մանրամասն չանդրադառնանք (խոսելու ժամանակ շատ կունենանք), նշենք միայն, որ ավանդույթի ուժով այս փուլում միշտ դժվար մրցակից է բաժին հասնում անգլիական «Արսենալին», ու այս անգամ էլ «Բավարիայի» նման «նվերն» արդեն ոչ այլ ինչ է, եթե ոչ ճակատագրի չար կատակ:


Իր «ծանրությամբ» երկրորդը «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն» դիմակայությունն է, և սա գերազանցապես ֆրանսիական ակումբի համար, որի նախկին գլխավոր մարզչին՝ Ռոլան Բլանին, աշխատանքից հեռացրին Չեմպիոնների լիգայում ցանկալի արդյունք ցույց չտալու համար: Եվրոպայի լիգայում «Սևիլիայի» հետ երեք տարի անընդմեջ գերազանց արդյունքի հասած ՈՒնաի Էմերին ՊՍԺ հրավիրվեց իրավիճակ շտկելու համար ու, խնդրեմ, մեկ ութերորդում «Բարսելոնի» նման մեգաակումբ:


Ոչ պակաս հետաքրքիր բախումների ականատես կլինենք նաև մյուս զույգերի մրցակցությունում: Մասնավորապես իրար գզելու գերազանց հնարավորություն են ստացել գոլային անհագ ծարավով տառապող «Նապոլին» ու «Ռեալը». թեպետ թիմերի ունեցած «կլասների» տարբերությունը, այնուամենայնիվ, էական է, սակայն, մեր համեստ կարծիքով, «Բենֆիկա»-Դորտմունդի «Բորուսիա» առճակատման կողքին այս փուլի զարդերից մեկը դառնալու բոլոր հնարավորություններն ունի «Սևիլիա»-«Լեստեր» դիմակայությունը, և մանկամտություն կլինի կարծել, թե Անգլիայի գործող չեմպիոնը ներքին առաջնությունում ունեցած ճգնաժամը կարող է մեխանիկորեն տեղափոխել Չեմպիոնների լիգա: Ոչ պակաս «աղվես» Կլաուդիո Ռանիերիի «ճտերի» գերազանց խաղը մենք արդեն տեսել ենք խմբային փուլում:


Եվրոպայի լիգայում զույգերը կմրցեն մեկ տասնվեցերորդից, և այստեղ էլ հետաքրքիր դիմակայությունների պակաս չենք ունենա: Բովանդակային առումով, կարծում եմ, բավականին հետաքրքիր կլինեն «Ալկմար»-«Լիոն», «Սելտա»-«Շախտյոր», «Մանչեստր Յունայթեդ»-«Սենտ Էտիեն», «Կրասնոդար»-«Ֆեներբախչե», «Ռոստով»-«Սպարտա» դիմակայությունները, ինչը բնավ չի նշանակում, որ պակաս հետաքրքիր կլինի մյուսներում: Վերջում հավելենք, որ այս ամենը դիտելու երջանկությունը կունենանք մոտ երկու ամսից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ