Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էպիստոլյար ժանրի վերադարձը

Էպիստոլյար ժանրի վերադարձը
05.07.2026 | 20:50

(երկխոսություն՝ կորսված բառերի և Արարատյան կարոտի շուրջ)

Հուլիսի 2-ին նախկին «Իրատես» թերթի սիրված հեղինակներից մեկի՝ ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ծննդյան օրն էր։ Ինչպես և ենթադրելի էր, մեր տարիների հարազատության ու ստեղծագործական ընդհանուր ճանապարհի թելադրանքով՝ շնորհավորեցի։

«Սիրելի՛ Ասպրամ, ծնունդդ շնորհավո՛ր

Քո տեսակը մեզ համար հայրենասիրության ու նվիրվածության վառ օրինակ է։ Դու այն մարդն ես, ով կարողացավ մեր Ավոյի՝ Մոնթեի մեծ սիրտն ու ջերմությունը տեղավորել գրքի էջերում և հասցնել յուրաքանչյուրիս հոգուն։

Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է եղել տարիներ շարունակ աշխատել քեզ հետ և քո տեսակն ունենալ «Իրատեսի» մեծ ընտանիքում։

Տարիներ շարունակ դու եղար մեր ամենասիրված, ամենասպասված ու վստահելի հեղինակներից մեկը, ում խոսքն ու գրիչը ծանրակշիռ արժեք ավելացրին մեր տպագիր էջերին։

Շնորհակալ եմ քո անդավաճան նվիրումի, քո բարձր պրոֆեսիոնալիզմի և այն ջերմության համար, որով միշտ լցնում էիր մեր խմբագրությունն ու ընթերցողների հոգիները։

Մաղթում եմ, որ քո կյանքում միշտ հնչեն միայն բարի ու սպասված լուրեր, իսկ քո ներսի լույսն ու էներգիան երբեք չմարեն։

Թող քո բոլոր նպատակներն ու նվիրական երազանքներն իրականություն դառնան։

Երջանի՛կ եղիր»։

Այսօր՝ հուլիսի 5-ին, «Կինոն ռազմավարական հզոր զենք է» վերլուծական շարքիս 7-րդ մասի ծանր աշխատանքն ավարտելուց հետո, հոգնած մտնում եմ Ֆեյսբուք և... հանկարծ կանգ է առնում ժամանակը։

Ակամա հասկանում եմ, որ մերօրյա աղմկոտ ու թվայնացված աշխարհում գրեթե մոռացության է մատնվել գրականության ամենանուրբ ու ինքնատիպ ձևերից մեկը՝ էպիստոլյար, իմա՝ նամակագրական, ժանրը։

Այն ժանրը, որտեղ ստեղծագործությունը շարադրվում էր նամակների կամ օրագրային պատառիկների տեսքով՝ հնարավորություն տալով անմիջականորեն, մերկ ու անթաքույց բացահայտել մարդու ներաշխարհը, հոգեվիճակն ու ամենանվիրական մտքերը։

Հենց մոռացված այդ մեծ ժանրի բացառիկ ու ինքնատիպ դրսևորումն էր Ասպրամի՝ ինձ ուղղված պատասխան նամակը։

Այն սովորական երախտագիտության խոսք չէր. սա գրական, փիլիսոփայական և հուզական բարձրագույն արժեք ունեցող կտավ է։ Այնքան գեղեցիկ, խորը և պատկերավոր է նկարագրված Եռաբլուրի «փամփշտաձև գմբեթի», մշուշապատ Արարատի, կայծակի տարերքի ու մեր օրերի աղետներից ծնված ներքին ամայության զուգահեռը, որ ստիպում է շունչը պահած կարդալ։

Բայց ինձ համար ամենաթանկն այն է, որ իմ տաքուկ շնորհավորանքը կարողացել է նրա հոգուց վանել լռությունն ու վերստին արթնացնել ստեղծագործելու, բառերին կյանք տալու թրթիռը։

Առանց որևէ տող կրճատելու՝ ընթերցողի դատին եմ հանձնում Ասպրամ Ծառուկյանի այս հոգեցունց նամակը, որը թանձրացող խավարի մեջ լույսի և Արարատյան հարատև կարոտի մասին է»

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

05․07․2026 թ․

«Բարի երեկո, սիրելի Փիրուզա։

Երեկո է, մթնշաղ։ Պատուհանիս դիմաց Եռաբլուրն է, եկեղեցու գմբեթը՝ փամփշտաձև, դեպի անհունը սլացքի պատրաստ։ Քիչ հեռվում Արարատն է՝ անիրական մշուշակապույտ քողով պատված, տիրական հմայքով։ Արևն արդեն չկա, բայց հորիզոնի գիծը դեռ արնակարմիրով է օծված։ Քիչ վեր կայծակի ցայթքեր են բռնկվում ու մարում ակնթարթորեն։ Երեկ այս նույն ժամին ամպրոպ ու կայծակ իրարու հերթ չէին տալիս՝ սիրտ նվաղեցնող որոտներ էին, շանթող կայծակներ։ Չնայած երկյուղալի պատկերներին, տան շեմին լուռ նստած՝ քեզ ուղղված շնորհակալական խոսքեր էի մտմտում․․․ Իմ ծննդյան օրվա առթիվ գրածդ նամակն ալեկոծել էր հոգիս։ Վաղուց այդպիսի ջերմ, անկեղծ խոսքեր չէի կարդացել, լսել։ Ինձ բաժին հասած կյանքի հարվածներից, մեր իրականությունում տիրող աղետալի վիճակից ամայացած հոգով օրեր էի մաշում՝ չուզենալով գրել ոչնչի մասին, կորցրած բառերի իմաստները։

ՈՒ հանկարծ հուլիսի 2-ի շնորհավորանքների մեջ փայլատակեց արտասվելու չափ հուզիչ ու տաքուկ քո խոսքը՝ ասես որպես արթնացումի կոչ․․․

․․․ Այո, ես սիրով էի գալիս «Իրատես»-ի խմբագրություն, որն ինձ հարազատ օջախի պես էր։ ՈՒրախանում էի թերթի էջերում տեսնելով տպագրված նյութերս, որոնց հաճախ յուրօրինակ արձագանքներ էին լինում։

Հիշում եմ՝ մի օր արագաքայլ անցնում էի օպերայի շենքի մոտով։ Հանկարծ դիմացից եկող տարեց կինը բարձր ձայնեց․

«Դու Ասպրա՜մն ես, չէ՞»։

Որսալով զարմացած հայացքս՝ վրա բերեց․

«Չէ՛, ծանոթ չենք։ Գլխի ընկա, որ Ասպրամ Ծառուկյանն ես։ «Իրատես» շաբաթաթերթում տպագրված ակնարկներդ եմ կարդում։ Ապրես, շատ ապրես․․․»։

«Իրատես»-ի խմբագրություն սիրով էի գալիս ոչ միայն հոդվածներս, ակնարկներս տպագրված տեսնելու, այլև թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի խորագիտակ խոսքը լսելու համար, որի կարիքն ու կարոտն ունեի։

Հիանում էի մեր իրականության տարբեր իրողություններին վերաբերող նրա համակողմանի վերլուծական հրապարակումներով։ Այսօր էլ նրա գրիչը մեր ցավի երակի վրա է՝ դիպուկ, խոր, նպատակասլաց ու ցավեցնող։ Ցավեցնող, որովհետև առանց ցավի չի լիում վերածնունդ․․․

Սիրելի Փիրուզա, տարերքը հանդարտվեց, բայց թանձրացող մութը ծածկեց, քողարկեց Արարատն, ու տխրություն իջավ սրտիս։ Գիտեմ՝ չարը, խավարն անցողիկ են։ Առավոտյան դարձյալ Լեռը կերևա արեգակի առաջին շողերով օծված, արքայական շուքով։ ՈՒ հայ հոգիներում վերստին կծովանա Արարատյան կարոտը։ Այդ կարոտն ինձ կտանի «Իրատես»-ի ճամփով, որտեղ ինձ տաքուկ մի սիրտ է սպասում։ Կբացեմ նրա աշխատասենյակի դուռը ու կասեմ․

-Շնորհակալ եմ ծննդյանս օրվա շնորհավորանքիդ համար, սիրելի, հարազատ Փիրուզա Մելիքսեթյան, շնորհավորանք, որ ուրախությամբ լցրեց սիրտս, ստեղծագործելու թրթիռ արթնացրեց․․․

Սիրով, կարոտով՝

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

03․ 07․ 2026»

Դիտվել է՝ 338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ