Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նավը չի կարող խորտակվել, երբ նա ջրի մեջ է, նավը կխորտակվի այն ժամանակ, երբ ջուր է լցված նրա մեջ

Նավը չի կարող խորտակվել, երբ նա ջրի մեջ է, նավը կխորտակվի այն ժամանակ, երբ ջուր է լցված նրա մեջ
22.07.2026 | 12:00

«Ազգերը, որոնք երբեմն մոռանում են իրենց երկրների խնդիրները՝ դառնում են հող, որի վրա աճում և ամրապնդվում են այլ, ավելի ուժեղ ազգերը»:

Պյոտր ՍՏՈԼԻՊԻՆ

Մեր ազգային ողբերգություններն ու խնդիրները նախ և առաջ սիրո, արժանապատվության, պայքարելու կամքի ու պատասխակատվության պակասից կամ դրանց բացակայությունից են գալիս։

Այս վիճակն էլ, որում հայտնվել ենք, հոգևոր ու բարոյական դաշտում է և արդյունք է Աստծուց, քրիստոնեական անկեղծ հավատքից, ու մեր ազնվական արմատներից հեռանալու, Աստծո կողմից մեզ՝ որպես մարդկության բնօրրան երկրի տիրոջ` տրված առաքելությունը չիրականացնելու, այն է Աստծո երթը երկրի վրա, մարդկության փրկության համար։

Դրանց պակասի կամ բացակայության արդյունքում է տեղի ունենում փախուստ ներկայից ու ապագայից դեպի անցյալ,

իրականությունից դեպի պատրանքներ, բովանդակությունից` դեպի ձև, իրական արժեքներից` դեպի կեղծ արժեքներ, պայքարից` դեպի հպատակություն, արժանապատվությունից` դեպի ստրկություն։ Դրանց պակասի արդյունքում ենք սիրո փոխարեն ընտրում ատելությունը, օտարի հետ կապում մեր ձախողումներն ու փրկությունը, օտար ափերում փնտրում մեր երջանկությունն ու բարեկեցությունը։ Դրանց բացակայության արդյունքում ենք ազգը, հայրենիքն ու մայր սուրբ հողն ուրանում, հեշտությամբ մոռանում և հաշտվում կորուստների հետ։ Անհասկանալիորեն սիրում ու պաշտում ենք անցյալը՝ հպարտանում ու ներկայանում ենք անցյալով, ամեն ինչում մեղադրում ենք անցյալին, արդարանում ենք անցյալների թույլ տված սխալներով, ժողովրդին էլ սպառնում ու ահաբեկում ենք անցյալի վերադարձով, խուսափում ենք իրականությունից, հավատում ենք կեղծ արժեքներին, կեղծ խաղաղությանը, օտարների ու սեփական իշխանությունների կեղծ խոստումներին, չենք ցանկանում իշխանափոխություն, որովհետև ներկան ու ապագան, իրականությունը, փոփոխությունը, նոր իրավիճակը պահանջում են պատասխանատվություն, ջանքեր, պայքար, զրկանքներ, փոփոխության ռիսկեր, իսկ մենք չենք ուզում մեզ վրա վերցնել հոգս ու պատասխանատվություն։ Պատասխանատվության, խիզախության, արժանապատվության ու պայքարելու կամքի բացակայությունն էլ մարդկային առաքինության բացակայության մասին են խոսում, ծուլության, խեղճության, անգործության ու չկայացած լինելու մասին են խոսում։ Ազգը, որը կորցրել է իր ազգային առաքինություններից ամենակարևոր առաքինությունը` ազգային արժանապատվությունը, խիզախությունն ու պայքարելու կամքը և իրականությունից կտրված ապրում է պատրանքներով, որի համար պետականությունը, հայրենիքն ու ազգային արժանապատվությունը գերագույն արժեք չեն, ում համար անկախությունը, ազգային ինքնությունն ու ազգային արժեքները, նրա հավատքը, պետական խորհրդանիշերը և ազգային իղձերն ու նպատակները առաջնային չեն, այլ ունի սպառողական հոգեբանություն, ապագա չունի և ենթակա է կործանման։ Նավը չի կարող խորտակվել, երբ նա ջրի մեջ է, նավը կխորտակվի այն ժամանակ, երբ ջուր է լցված նրա մեջ։ Հետևապես կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը, կարևորը այն է, թե ինչ է տեղի ունենում քո մեջ, քո հոգու խորքում։

«Ազգերը, որոնք երբեմն մոռանում են իրենց երկրների խնդիրները, այդպիսի ազգերը կործանվում են, պարոնայք. նրանք դառնում են հող, պարարտանյութ, որի վրա աճում և ամրապնդվում են այլ, ավելի ուժեղ ազգերը»,-20֊րդ դարասկզբին ասել է Ռուսաստանի կառավարդւթյան ղեկավար Պյոտր Ստոլիպինը։ Երկրում ապրելու և ազատ աշխատելու կարողությունը վերականգնելու կամքն էլ ոչ ոք չի կարող խլել ժողովրդից, եթե այդ ժողովուրդն ունի վերածնվելու և պայքարելու կամք։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ