Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ԴԱ ԱՅՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ, ԱՆԾԱՆՈԹ ԱՇԽԱՐՀՆ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԵՆՑ ՄԵՐ ՄԵՋ»

«ԴԱ ԱՅՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ, ԱՆԾԱՆՈԹ ԱՇԽԱՐՀՆ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԵՆՑ ՄԵՐ ՄԵՋ»
19.07.2011 | 00:00

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ պարսիկ աշխարհահռչակ կինոռեժիսոր ԱԲԱՍ ՔԻԱՌՈՍԹԱՄԻԻ հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ: Նա խոստովանեց, որ իր համար չափազանց հաճելի է ամեն առիթով Հայաստան վերադառնալը: ՈՒ թեև սահմանափակ պատկերացումներ ունի հայկական կինոյի մասին (տեսել է ընդամենը երկու հայկական ֆիլմ), սակայն վստահաբար պնդում է, որ երբևէ իր տեսած լավագույն ֆիլմերից մեկն աշխարհում Հարություն Խաչատրյանի «Սահմանն» է:
Ներկայացնում ենք Քիառոսթամիի պատասխաններն «Իրատես de facto»-ի երեք հարցերին:

-Պարո՛ն Քիառոսթամի, «Վավերացված պատճեն» ֆիլմում Ձեր հերոսն անընդհատ սակավապետության քարոզ է կարդում հերոսուհուն, թեև վերջինս նույնպես բավականին սակավապետ է, չունի կյանքից շատ մեծ, բարձր պահանջներ: ՈՒրեմն, ինչո՞ւ չի կայանում նրանց փոխըմբռնումը:
-Իմ կարծիքով` թե՛ կինը, թե՛ տղամարդը մեզ համար մնում են անճանաչելի: Սա է ֆիլմի թե՛ թույլ, թե՛ ուժեղ կողմը: Երբ դուք այդ կնոջ մասին ոչինչ չգիտեք, դա առիթ է տալիս հենց ձեզ տեսնելու այդ կերպարի մեջ: Նույն` տղամարդու դեպքում: Սա անճանաչելի, անծանոթ զույգ է: Այս պատմությունը նման է նրան, երբ դուք ձեր տան պատուհանից դիտում եք դիմացի շենքում ապրող մեկ ուրիշ զույգի կյանքը: Այսպիսի պարագայում ոչինչ և ոչ ոք չի կարող ձեզ օգնել, բացի ինքներդ ձեզնից: Դա այն անճանաչելի, անծանոթ աշխարհն է, որ գտնվում է հենց մեր մեջ: Ինքներս էլ ենք մեզ համար անճանաչելի: Ես Ձեր հարցին այսպիսի հարցով կպատասխանեի. «Ինչո՞ւ մենք չենք կարողանում փոխհամաձայնության գալ»: Այսինքն` Դուք Ձեզ տեսնում եք կնոջ կերպարում, ես տղամարդու կերպարի հետ եմ փորձում կապ ստեղծել: Եվ այդ կապը մեր երկուսի միջև չի ստեղծվում: Որովհետև այդ զույգը շատ ընդհանուր տեղեկություն է տալիս մեզ իր մասին: Եվ ինձ թվում է` բոլորս էլ այդ տեղեկությունը մեր մեջ կրողներ ենք:
-Ֆիլմի գլխավոր դերակատարուհին` Ջուլիետ Բինոշը, «Աբաս» ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է, որ Դուք նրան պատմել եք ապագա ֆիլմի սյուժեն ու հարցրել` հավատո՞ւմ է: Նա պատասխանել է, որ հավատում է, իսկ Դուք ասել եք, թե դա սուտ է: Արդյո՞ք ռեժիսորի առաքելությունն է հորինել սուտ և ներկայացնել այնպես, որ մարդիկ դրան հավատան:
-Շատ լավ հարց է: Իմ կարծիքով` ռեժիսորի առաքելությունն է կարողանալ մի այնպիսի սուտ ասել, որն ավելի մոտ լինի ճշմարտությանը, քան իրականությանը: Այո, մեր մասնագիտությունն է կարողանալ այնպիսի ստեր հորինել, որ մեզ հավատան: Սա տեղավորվում է մեր մասնագիտության սահմանների մեջ: Դա նյութն է, ճշմարտությունն է և մեզնից յուրաքանչյուրի անձնական կենսափորձը:
-Դուք պարսկական կինոյի «նոր ալիքի» առաջատարն եք: Այդ «նոր ալիքը» Ձեզ տարավ դեպի Արևմուտք, և Դուք նկարահանեցիք Ձեր առաջին ֆիլմը Իրանի սահմաններից դուրս: Ավելին, Ձեր հարցազրույցում ասում եք, որ «Վավերացված պատճենը» չի կարող ցուցադրվել Իրանում, որովհետև այնտեղ կնոջ բաց ուս է երևում: Արդյո՞ք սա վկայությունն է այն բանի, որ ամենայն նորը, ժամանակակիցը միտված է դեպի Արևմուտք, և այս ընթացքները, ի վերջո, պիտի հանգեցնեն Արևելքի համատարած արևմտականացմանը, Արևմուտքի մեջ տարրալուծվելուն:
-Այս հարցը պետք է տալ որևէ փիլիսոփայի կամ սոցիոլոգի, բայց ֆիլմը Պարսկաստանում ցուցադրելու հարցի լուծումն էլ կա: Ջուլիետ Բինոշի մերկ ուսերի համար հիմա Պարսկաստանում հագուստ են «կարում», և մերկ ուսերի վրա դրված արգելքը վերանում է: Դուք, հավանաբար, չգիտեք այդ մասին, բայց մարմնի մերկ հատվածների համար Պարսկաստանում անիմացիոն տարբերակով հագուստ են գծագրում, մերկությունն այդպիսով քողարկում են: Իմ ֆիլմն այդպես էլ կցուցադրվի Պարսկաստանում:

Զրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ